Հրատապ վերադարձնում են վետերանների ավանդները
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովը երեկ դրական եզրակացությամբ երաշխավորեց օրակարգում ընդգրկել «ՀՀ 2010 թ.-ի պետական բյուջեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը: Բյուջեի մասին օրենքը փոփոխելով` ըստ կառավարության այդ նախաձեռնության` նախատեսվում է շուրջ 800 մլն դրամ ուղղել Հայրենական մեծ պատերազմի 3500 վետերանների արտահերթ կարգով ԽՍՀՄ Խնայբանկում ավանդադրված գումարներն առաջնահերթ փոխհատուցելու նապատակով:

Կառավարությունը հարցը հրատապ է համարել և խորհրդարանին կառաջարկի այն ընդունել հատուկ կարգով` առաջիկա քառօրյայի ընթացքում քննարկելով թե 1-ին և թե 2-րդ ընթերցումներով:
Մշակույթի նախարարը չի հասկանում` «Տոն, որ ի՞նչ»
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը երեկ բացասական եզրակացություն տվեց ՀՅԴ խմբակցության պատգամավորների ներկայացրած` «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծին, որով առաջարկվում է նոյեմբերի 22-ը պաշտոնապես ամրագրել իբրև «Հայրենատիրության օր»:
Արծվիկ Մինասյանը հիշատակեց. «1920 թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը Փարիզի վեհաժողովից Սևրի պայմանագրով ստացել էր հայցադիմումը` որոշելու սահմանը Հայաստանի և Թուրքիայի միջև»:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն արձագանքեց. «Հա, տոն, որ ի՞նչ: Ես չեմ հասկանում»:
Հարսանյաց սրահ` ջրատարի վրա
Վանաձորի Ներսիսյան թաղամասը, որը ժողովուրդը Բանգլադեշ է անվանում, շուրջ 10 օր է, ջրազրկված է: Պարզվում է` տեղական մասշտաբի հարուստներից մեկը որոշել է հարսանյաց սրահ կառուցել հենց ջրատարի վրա, որի արդյունքում խողովակները պայթել են, և այնպիսի վթար է առաջացել, որ 10 օր է` ջրմուղի աշխատակիցները փորձում են նորոգել այն, չի ստացվում: Մի հսկա թաղամաս անցել է նախնադարյան մեթոդով ջուր կրելուն:
«Խաչիկից պրծնելուց հետո անցնելու եմ էն խուճուխ մազերով տղուն»
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, որը վերջին շրջանում լարված հարաբերություններ ունի Գագիկ Ծառուկյանի հետ, և որի հետ սկսված նրա հրապարակային բանավեճը հարթվել էր Ներսես Նազարյանի միջամտությամբ, ըստ «Հրապարակի» աղբյուրների` օրերս նեղ շրջապատում, որին ներկա է եղել նաև ԱԺ պատգամավորներից մեկը, ասել է. «Խաչիկից պրծնելուց հետո անցնելու եմ էն խուճուխ մազերով տղուն»:
Ընդ որում, ինչպես փոխանցում է «Հրապարակի» աղբյուրը, այս արտահայտությունը նա անում է ոչ առաջին անգամ. անցյալում էլ է արել և ավելի լայն «կռուգում»:
Ծեծելը զրպարտելուց էժան է
ՀԱԿ երիտասարդ ակտիվիստներին ծեծելու մեջ մեղադրվող և դատարանում իր մեղքն ընդունած Դավիթ Սիմոնյանը երեկ դատարանի որոշմամբ տուգանվեց 150 հազար դրամով: Ի դեպ, իրականում ծեծողների թիվը 10-ից ավելի է եղել, իսկ բռնությունից տուժել են ընդդիմության 5 ակտիվիստներ:
«ՉԻ» - Զավեշտը, սակայն, ոչ թե այն «սակագինն է», այլ այն, որ մյուս մեղադրյալի` Վահան Նադարյանի նկատմամբ գործը կարճվել էր այն «պատճառաբանությամբ», որ նա միայն մեկ անգամ է հարվածել, մինչդեռ, ըստ դատարանի, «ծեծել» գործողությունը ենթադրում է երկու և ավելի հարված:
Ափսոս միայն, որ դատարանը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ ժամանակահատվածում պետք է հասցվեն այդ «երկու և ավելի» հարվածները, որպեսզի երևույթը որակվի որպես ծեծ: Լավ, ենթադրենք` կարելի է փողոցում մոտենալ ցանկացած մարդու, մի լավ չափալախել, և դա ծեծ չի համարվի: Դա հասկացանք: Իսկ եթե ինչ-որ մեկին չափալախես, հետո մի երկու րոպե հանգստանաս, «մի հատ ծխես» ու նորից չափալախես, դա ծեծ կհամարվի՞, թե՞ ոչ:
Իսկ «սակագներն», ի դեպ, վատը չեն: Փաստորեն, Հայաստանում ինչ-որ մեկին ծեծելը շատ ավելի էժան է, քան զրպարտելը կամ վիրավորելը:
Ինչի է հակված ՀԱԿ-ը
Ապրիլի 6-ին Մատենադարանի հրապարակում տեղի է ունենալու Հայ ազգային կոնգրեսի հերթական հանրահավաքը, որին հաջորդելու է երթ: Երևանի քաղաքապետարանն արտոնել է և հանրահավաքը, և երթը, թեև ՀԱԿ-ը հայտարարել էր, որ դրանք կայանալու էին` անկախ քաղաքապետարանի որոշումից:
ՀԱԿ-ի առաջիկա հանրահավաքը հետաքրքիր է առաջին հերթին այն առումով, որ այն առաջինն է նախորդ` մարտի 1-ի հանրահավաքից հետո, որի ընթացքում Կոնգրեսը իշխանություններին ուղղված մի քանի պահանջներ և կոնկրետ գործողությունների ժամանակացույց էր ներկայացրել: ՀԱԿ-ը դա ներկայացնում էր որպես ՀՀ իշխանություններից ԵԽ ԽՎ-ի պահանջած ժամանակացույցի այլընտրանք, որը հանձնվեց նաև ԵԽ երևանյան գրասենյակին:
Հիշեցնենք, որ Կոնգրեսն իշխանություններից պահանջում էր ազատ արձակել քաղբանտարկյալներին, վերականգնել մարտի 1-ի իրադարձությունները քննող անկախ մարմինը, մինչև ապրիլ վերանայել «Երթեր, ցույցեր, հանրահավաքներ անցկացնելու մասին» օրենքը, մինչև մայիս անցկացնել մրցույթ` հնարավորություն ստեղծելով «Ա1+» հեռուստաընկերության վերաբացման համար և հունիսից սեպտեմբեր անցկացնել խորհրդարանական և նախագահական ընտրություններ:
Այս պահանջներից որևէ մեկը դեռևս չի կատարվել, և ակնհայտ է, որ մյուսներն էլ, համենայնդեպս ՀԱԿ-ի նշած ժամկետներում, չեն կատարվելու: Ավելին` ԵԽ ԽՎ-ն «ողջունել» է իշխանությունների ներկայացրած, ըստ էության, ոչինչ չասող գործողությունների ժամանակացույցը:
Այսինքն` առաջիկա հանրահավաքում ՀԱԿ-ը պետք է ավելի հստակ հայտարարի իր հետագա անելիքների մասին, կամ ներկայացնի ևս մեկ ժամանակացույց` «նախորդ ժամանակացույցում նշված գործողությունները չկատարելու դեմ ուղղված գործողությունների մասին»:
Լոս Անջելեսում շարունակվում է հայ ընտանիքի սպանության դրդապատճառների հետաքննությունը
Լոս Անջելեսում օրերս սպանվել է Սաֆարյան ընտանիքի արդեն երրորդ անդամը` ընտանիքի մայր, 38-ամյա Կարինե Հակոբյանը: Կնոջ դին, ինչպես նաև ընտանիքի մնացած անդամների դիերը հայտնաբերել էր դուստրը` 9-ամյա Լուսինե Սաֆարյանը:
Այժմ Լոս Անջելեսում կատարվում է սպանությունների հետաքննություն: Ասոշիեյթեդ պրեսի տեղեկացմամբ` վարկած կա, որ սպանությունների պատճառը «սիրային եռանկյունին է», որի մեջ ներգրավված է եղել ընտանիքի հայրը` Խաչիկ Սաֆարյանը: Իսկ «Լոս Անջելես թայմսը» գրում է, որ ընտանիքի անդամների սպանությունները կարող են կապված լինել Խաչիկ Սաֆարյանի անձնական հարաբերությունների հետ: Հետաքննությունը շարունակվում է:
Եռակողմ
Գլոբալ միջուկային անվտանգության գագաթաժողովի շրջանակներում ապրիլի 13-ին Վաշինգտոնում, Բարաք Օբամայի նախաձեռնությամբ ու մասնակցությամբ, կարող է տեղի ունենալ Սերժ Սարգսյանի ու Ռեջեթ Թայիփ Էրդողանի եռակողմ հանդիպումը:
Այսպիսի տեղեկատվություն է երեկ տարածել թուրքական «Hurriyet» օրաթերթը: Նույն աղբյուրի համաձայն` եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվելու են Հարավային Կովկասում առկա բոլոր հիմնախնդիրները, այդ թվում` ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերը:
Թուրքական աղբյուրների գնահատմամբ` ապրիլի 13-ը չափազանց վճռորոշ օր է լինելու, քանզի պարզ կդառնա, թե դրանից հետո ինչ ընթացք կստանան հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացները:
Ադրբեջանական բանակի կորուստները
Վերջին 16 տարում, իսկ ավելի կոնկրետ` 1994 թվականի մայիսի հրադադարի հաստատումից հետո, ադրբեջանական բանակը ավելի քան 3.500 զինծառայող է կորցրել: Ուշագրացվ է, որ այս մասին օրերս հաղորդեց ադրբեջանական «Թուրան» գործակալությունը` մատնանշելով «Դոկտրինա» ռազմական ուսումնասիրությունների կենտրոնի հրապարակած զեկույցը:
Ավելին` միայն այս տարվա առաջին երեք ամիսներին ադրբեջանական բանակն արդեն «տվել» է 27 սպանված և 25 վիրավոր: Նույն կենտրոնի զեկույցի համաձայն` սպանվածներից միայն հինգն է հայկական զորքերի հետ շփման գծում եղել:
Իսկ մնացածի պարագայում վիճակագրությունը հետևյալն է. ադրբեջանական զորքերի 2 զինծառայող մահացել է հիվանդությունից, ևս 5-ը տարբեր վթարների ու պատահարների հետևանքով: Առանձնապես ուշագրավ է, որ նշված 27-ից 8-ը սպանվել են «ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով», իսկ 6 զինծառայող ինքնասպանություն է գործել, ևս 1-ի մահվան (կամ սպանության) պատճառներն անհայտ են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել