Ստեղծվեց Հայկական ինտերնետ տրաֆիկի փոխանակման հիմնադրամը
Ապրիլի 2-ին Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման աջակցման խորհուրդի նիստերի դահլիճում կայացան Հայկական ինտերնետ տրաֆիկի փոխանակման հիմնադրամի («Արմիքս») ստեղծման նախաձեռնող խմբի նիստը և հիմնադիր ժողովը: Հիմնադրամի նպատակն է ՀՀ հեռահաղորդակցության ցանցերի միջև հանրային փոխկապակցումն ապահովելու միջոցով բարձրացնել հեռահաղորդակցության ծառայությունների անվտանգությունն ու որակը և նվազեցնել այդ ծառայությունների գինը:
Ինչպես նշվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) տարածած մամուլի հաղորդագրության մեջ, ժողովի ընթացքում տեղի ունեցան հիմնադրամի կառավարման (հոգաբարձուների) խորհրդի ընտրություններ: Քվեարկությամբ ընտրվեցին նախագահ, տնօրեն և խորհրդի անդամ ընկերություններ: Խորհրդի մեջ ներգրավված են ԻՏՁՄ, «Ինտերնետ հանրություն» հ/կ, «Արմինկո», «Օրանժ Արմենիա», «Ջի Էն Աի Ալֆա», «Վեբ», «Յուքոմ», «Ապագա Թեքնոլոջիս» ընկերությունները: Խորհրդի անդամների միաձայն ընտրությամբ նախագահ դարձավ «Վեբ» ընկերության տնօրեն Ալբերտ Տոնեյանը, իսկ տնօրեն նշանակվեց ԻՏՁՄ կառավարման խորհրդատու Վահան Հովսեփյանը: Ժողովին հրավիրված էին նաև «ԱրմենԹել», «ՎիվաՍել», «Ֆայբերնետ» և հեռահաղորդակցության ոլորտում գործող այլ ընկերություններ, որոնց ներկայացուցիչները, ցավոք սրտի, չներկայացան ժողովին: Հիմնադրամի ղեկավարությունը մոտ ապագայում ակնկալում է ինչպես վերը նշված ընկերությունների, այնպես էլ այլ գործընկերների միացումը նախաձեռնությանը: Նիստին ներկա էր նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանը, ով ողջունեց նախաձեռնությունը և պարտաստակամություն հայտնեց սերտ համագործակցություն սկսել ստեղծվող կառույցի հետ: Հիմադրամի ղեկավարությունը գալիք ՏՏ ԶԱԽ նիստին ՀՀ վարչապետին կներկայացնի ոլորտի զարգացման վերաբերյալ Արմիք հիմնադրամի շուրջ միավորված, հեռահաղորդակցության ոլորտի առաջատար ընկերությունների մշակած առաջարկները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել