Բանջարեղենն ու մրգերը թանկացել են
Էջմիածնում իսկական իրարանցում էր, խառնաշփոթ: Բոլորը գիտեին, որ Սուրբ Զատիկն է, բայց թե տոնն ինչ խորհուրդ ունի, քչերը գիտեին: Մեկն ասում էր, որ Քրիստոսի ծննդյան օրն է, մյուսը` մատնության եւ այլն:
Սակայն, բոլորն էլ շտապում էին շուկա` առեւտուր անելու եւ տոնը հավուր պատշաճի նշելու համար: Քաղաքում խանութների եւ շուկայի տարածքում ավտոմեքենաներն այնքան շատ էին, որ նույնիսկ մայթերով էին երթեւեկում, իսկ մարդիկ վայրկյան առաջ փորձում էին անցնել սլացող ավտոմեքենաների արանքներով: Լավաշ վաճառող թոնրատների դիմաց հերթեր էր գոյացել, ոմանք էլ լավաշը պատվիրել էին նախօրոք, որպեսզի հերթից դուրս չմնային: Տպավորությունն այնպիսին էր, որ մարդիկ Նոր տարվա պատրաստություն են տեսնում:
Փոքր շրջայց կատարեցինք Էջմիածնի շուկայում: Բանջարեղենի ու մրգերի գինը գրեթե կրկնակի թանկացել էր: Եթե 2 օր առաջ հազարի (մառոլ) մեկ կապը վաճառվում էր 100 դրամով, այսօր արդեն 200 դրամ էր: Սիբեխի կիլոգրամը 1200 դրամ` նախորդ օրերի 800 դրամի փոխարեն: Թարխունի փոքր կապը շուկայում 100 դրամ էր վաճառվում, իսկ 2 օր առաջ 50 դրամ էր: Մաղադանոսն ու համեմը 100 դրամից դարձել էր 200 դրամ, կանաչ սոխի գինը 150 դրամից բարձրացել էր 300 եւ այլն: Մրգերը նույնպես թանկացել էին: Մի քանի օր առաջ շուկայից խնձոր կարելի էր գնել 250 դրամով, այսօր արդեն 400 էր: Նարինջը եւս 100 դրամով թանկացել էր`վաճառում էին 900 դրամով: Նշենք, որ շուկայի ներսում առեւտուր են անում հիմնականում վերավաճառողները: Նրանցից փորձեցինք հետաքրքրվել, թե ինչու մեկ օրվա ընթացքում գները կրկնակի բարձրացան: Առեւտրականներն ամբողջ մեղքը բարդեցին գյուղացիների վրա: Արդարանում էին, թե Զատիկի կապակցությամբ գյուղացիներն են ապրանքը թանկացրել, ու իրենք «10-20 դրամի վրա են աշխատում»:
Գյուղացիներն էլ կանաչեղեն ու դաշտերից հավաքած բանջար վաճառում էին փողոցի մայթերին` անձրեի տակ կանգնած, ցեխերի մեջ: Այստեղ գներն անհամեմատ տարբեր էին: Գյուղացիների «տաղավարներին» թարխունն արժեր 50 դրամ, սիբեխը` 1000, համեմն ու մաղադանոսը` 120 եւ այլն: Երբ շաուկայից դուրս առեւտուր անող գյուղացիների թիվն ավելացավ, շուկայի վերավաճառողները, տեսուչի հետ միասին հարձակվեցին նրանց վրա, որպեսզի լքեն տարածքը: Պարզ է, որ վերավաճառողների գործին գյուղացիները «խփում» էին եւ ամեն գնով փորձում էին հեռացնել տարածքից, որպեսզի նրանցից 50 դրամով գնած թարխունը կարողանային կրկնակի թանկ վերավաճառեին:
«Մեջքս վրես չի կանգնում, երեկ ամբողջ օրը ցելոֆանի տակ կռացած թարխուն եմ քաղել, որ բերեմ ծախեմ, մի երկու կոպեկ փող լինի, գնամ մի քանի հատ ձու առնեմ երեխեքիս համար, սրանք էլ եկել ստեղից մեզ քշում են»,- դժգոհեց Հայթաղ գյուղի բնակչուհի Գոհարը:
Վերավաճառողների ու տարածքը հսկող տեսուչի «օպերացիայից» հետո գյուղացիները բանջարեղենի տոպրակներով սկսեցին շրջել բազմաբնակարան շենքերի բակերում, այս անգամ 3 կապ թարխունը 100 դրամով էին վաճառում, որպեսզի շուտ տուն գնային:
Էջմիածնում թանկացել էր նաեւ ծաղիկը: Եթե սովորական օրերին մեխակի հատը վաճառվում էր 150 դրամով, ապա այսօր արդեն 200 դրամ էր: Ծաղկի թանկացումն էլ կապված է երկուշաբթի օրվա մեռելոցի հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել