
Այս տարի` ապրիլի 4-ին, Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը: Տոնը նշվում է գարնանային գիշերահավասարին հաջորդող լուսնի լրման մոտակա կիրակի օրը` մարտի 21-ից ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում:
Սուրբ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված: Զատիկը թե’ Հին, եւ թե’ Նոր Կտակարաններում համարվում է մեծագույն տոներից մեկը:
Հիսուս Քրիստոսի խաչելությունից եւ մահվանից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա Մարմինն իջեցրին խաչից եւ դրեցին վիմափոր գերեզմանի մեջ` փակելով մի մեծ քարով: Երրորդ օրը` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր` Մարիամը եւ Սողոմեն, գնացին գերեզման` անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի Մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքից քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Այդ պահին երևացին երկու հրեշտակ եւ ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. ԻԴ 4-9): Հարության լուրը կանայք ավետում են առաքյալներին, որից հետո Հիսուս երևում է նրանց:
Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը:
«Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս Հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. ԺԵ 13-14):
Զատկի տոնին մարդիկ ձու են ներկում: Ձուն համարվում է հարության եւ նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար Արյունը, որ թափվեց մեր փրկության համար: Ս. Գրիգոր Տաթևացին ձուն կարմիր ներկելու մասին ասում է. «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետեւ ձուն օրինակ է աշխարհի, և, ինչպես իմաստուններն են ասում` «դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը` օդին, սպիտակուցը` ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է, որ աշխարհը գնվեց Քրիստոսի Արյամբ: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:
Ս. Հարության տոնին նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որի ընթացքում պահք պահողները Ս. Հաղորդություն ստանալով, դուրս են գալիս պահքից, և սկսվում են զատկական տոնակատարությունները: Այդ օրվանից հավատացյալները միմյանց ողջունում են` «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով. պատասխանն է` «Օրհնեալ է Յարութիւնը Քրիստոսի»:
Ապրիլի 3-ին` ժ. 18.00-ին, եկեղեցիներում կմատուցվի Ճրագալույցի Ս. Պատարագ, որից հետո մարդիկ դուրս կգան պահքից և կսկսեն տոնել Ս. Հարության տոնը: Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Պատարագին կհանդիսապետի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
Ապրիլի 4-ին` ժ. 11.00-ին, Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը տոնական Ս. Պատարագ կմատուցի:
Ապրիլի 5-ին Մեռելոց հիշատակության օր է: Եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հանգուցյալների շիրիմներին: Այս մասին հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել