
Ամերիկահայ գործարարը նախագահին ԱՄՆ այցից առաջ նամակ է գրել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
Մեծարգո պարոն նախագահ,
ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում 14 սեպտեմբերի 2011թ. հրավիրված տոնական ընդունելության ժամանակ ներկաներին և համայն հայությանը հասցեագրված Ձեր խոսքն անչափ տպավորիչ էր:
Ձեր խոսքից ոգեշնչված և հայաստանյան իմ գործերի ներկայիս քաոսային իրավիճակից ելնելով, որպես Հայաստանում խաբեության ու կոռուպցիայի դառը պտուղը ճաշակած, արդյունքում` միլիոնավոր դոլարների վնասներ կրած սփյուռքահայ գործարար, մի վերջին անգամ անգամ դիմում եմ Ձեզ` իբրև Ձեր պաշտոնավարման արդի ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության անկախության երաշխավորի, և հայցում եմ Ձեր իրավասության և հանրային հեղինակության շրջանակներում արդարացի լուծում տալ իմ արդար պահանջին:
ԶԼՄ-ների միջոցով լուսաբանված հայաստանյան իմ ներդրումների ճակատագրի, դատական և իրավապահ մարմինների կողմից այդ հարցում հովանավորչական գործունեության, իմ անունից ներկայացված անհերքելի փաստերով հանցագործության մեջ մատնանշվող անձանց հետ կապված անպատժելիության տպավորություն ձևավորված լինելու մասին, դեռևս 2011թ.-ի գարնանից ես և իմ շահերը ներկայացնող փաստաբանները բազմիցս դիմումներ ենք հասցեագրել Ձեզ, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ արդարադատության նախարարին, ՀՀ սփյուռքի նախարարին, ՀՀ ոստիկանապետին:
Ափսոսանքով պետք է արձանագրեմ, որ`
ՀՀ Սփյուռքի նախարարը հավանաբար չի էլ ծանոթացել իմ դիմումին, քանի որ նախ` պատասխան չեմ ստացել, ապա իմ դիմումի ընթացքի վերաբերյալ հեգնանքով է արձագանքել լրագրողի հարցադրմանը,
ՀՀ Ոստիկանապետը նույնպես որևէ միջոց չի ձեռնարկել: Ավելին, խարդախության փաստով Ոստիկանության Կենտրոնի բաժին ներկայացված դիմում-հայտարարությունը ուղարկվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ, այն դեպքում, երբ նմանատիպ գործերն ոստիկանության քննիչների կողմից պետք է քննվեն: Իսկ իմ գործին փոխկապակցված Լուսինե Գյուլխասյանի կողմից ներկայացված դիմումի հիման վրա հարուցված քրեական գործը ամիսներ շարունակ Ոստիկանության Կենտրոնի բաժի քննչականում սառեցվել է,
ՀՀ արդարադատության նախարարությունից միանման պատասխաններ են ստացվել այն մասին, որ իմ դիմումներում բարձրացված բոլոր հարցերը նախարարության իրավասության շրջանակներից դուրս է,
ՀՀ դատախազությունից, ի պատասխան իմ փաստաբանների հարցումների, ամիսներ շարունակ միևնույն բովանդակությամբ պատասխաներ են ստացվում այն մասին, որ, իբր, իմ անունից ներկայացված նյութերի ընթացքի մասին իմ ներկայացուցիչները պարբերաբար տեղեկացվում են: Սակայն իրականում` իմ ներկայացուցիչներին որևէ տեղեկություն չի հայտնվում: Իմ անունից ներկայացված դիմումների կապակցությամբ ամիսներ շարունակ անգամ քրեական գործ չի հարուցվում: Իսկ, իբր, հարկային տեսչության պետի 27.07.2010թ. գրության հիման վրա հարուցված քրեական գործով վերջերս անգամ քննչական խումբ է կազվել, սակայն առ այսօր որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, ինչը փաստում է այն մասին, որ քրեական գործի հարուցումն «աչքակապություն է»: Իսկ հանցավոր անձինք` արդեն սնանկության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյանի օժանդակությամբ են շարունակում իմ ընկերության մնացած գույքի թալանը, որի վերաբերյալ պարբերաբար դիմումներով և փաստերով տեղեկացվում է դատախազությունը, սակայն միջոցներ չի ձեռնարկվում:
Ավելորդ չեմ համարում նշել, որ Երևանի կենտրոնի դատարանում էլ, արդարադատության իրականացման փոխարեն, իր վարքագծով հանրահայտ Վլադիսլավ Մանգասարյանի կողմից իմ դեմ ուղղված պատվերներն են անշեղորեն կատարում:
14 սեպտեմբերի 2011թ. հրավիրված տոնական ընդունելության ժամանակ Ձեր խոսքում, Անկախության և Հայաստանի պետականության կայացման հարցում Դուք անչափ կարևորում եք Սփյուռքի դերն ու Իրավական պետության կայացումը: Հայաստանի Անկախության հիմնասյուններից այդ երկուսը առնվազն իմ և իմ կարգավիճակում հայտնված մի քանի սփյուռքահայերի պարագայում հիմնավոր կասկածի տակ է դրվում, հետևապես վտանգված է Անկախության գործընթացը:
Հարգարժան նախագահ, Ձեզ իրազերկում եմ, որ իմ և իմ փաստաբանների կողմից Ձեզ ուղղված որևէ դիմումի պատասխան չեմ ստացել և տպավորություն է ստեղծվում, որ այդ դիմումների մասին Ձեր աշխատակազմը ոչ Ձեզ է տեղեկացնում, ոչ էլ ընթացք է տալիս դրանց:
Հայաստանում իրականացված իմ ներդրումների հարցը ԱՄՆ-ի հայալեզու ԶԼՄ-ների, հասարակակական կազմակերպությունների ուշադրության կենտրոնում է և մեծ հնչեղություն ունի:
Հուսով եմ, որ մինչ ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ ԱՄՆ կատարելիք Ձեր այցը, իմ կողմից Ձեզ հասցեագրված դիմումնների կապակցությամբ համապատասխան հանձնարարականներ կտաք:
Հարգանքներով,
Էդմոնդ Խուդյան
Գլենդեյլ, ԱՄՆ
Սեպտեմբեր 15, 2011
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել