Սերժ Սարգսյան. «Անկարայի համար կարևորը որոշումները ձգձգելն է»
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը գերմանական «Շպիգել» հանդեսին
Վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը «Շպիգելի» հետ զրույցում Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած Ցեղասպանության մասին ասաց, որ «հայերի դեմ Ցեղասպանության մասին խոսք լինել չի կարող»: Ինչու՞ Ձեր հարևանը չի համակերպվում իր անցյալի հետ:
Վերջերս մի հայտարարություն էլ արվեց, որ թուրքերը չէին կարող Ցեղասպանություն իրականացնել, և թե թուրքական պատմությունն «արևի պես ջինջ ու պայծառ» է: Թուրքերը դեմ են, որ կատարվածը Ցեղասպանություն որակվի: Սակայն դա այն հարցը չէ, որ Անկարան պետք է որոշի:
Հիմա Էրդողանը նույնիսկ սպառնում է Թուրքիայում ապօրինի ապրող հազարավոր հայերի վտարմամբ:
Նման անընդունելի արտահայտություններն իմ ազգի մեջ Ցեղասպանության հիշողություններ են արթնացնում: Ցավոք, թուրք քաղաքական գործիչների շուրթերից նման հայտարարություններն ինձ համար անակնկալ չեն:
Ի՞նչ դիրքորոշում պիտի ցուցաբերի միջազգային հանրությունը:
Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն արձագանքի: ԱՄՆ-ը, Եվրոպան, նաև Գերմանիան, բոլոր պետությունները, որոնք ընդգրկված են հայ թուրքական մերձեցման այս գործընթացում, պետք է հրապարակայնորեն իրենց դիրքորոշումն արտահայտեն: Եթե բոլոր պետությունները Ցեղասպանությունն արդեն ճանաչած լինեին, թուրքերն այդպես չէին արտահայտվի: Հուսադրող է, որ Թուրքիայում բազմաթիվ երիտասարդներ բողոքեցին այդ հայտարարության դեմ: Այնտեղ նոր սերունդ է մեծանում, որի կարծիքը քաղաքական ղեկավարությունը պետք է հաշվի առնի:
Թուրքիան Ձեզ մեղադրում է պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու գաղափարին կարծր դիրքորոշում ցուցաբերելու համար: Ինչո՞ւ եք դեմ դրան:
Ինչպե՞ս կարող է նման հանձնաժողովն անաչառ աշխատել, եթե Ցեղասպանություն եզրույթը գործածելու համար Թուրքիայում մարդկանց հետապնդում և դատապարտում են: Անկարայի համար կարևորը որոշումները ձգձգելն է. որպեսզի երբ այլ պետությունների խորհրդարանները կամ կառավարությունները փորձեն Ցեղասպանության մասին բանաձևեր ընդունել, ասեն` մի խանգարեք, տեսեք մեր պատմաբաններն այս հարցերը լուծում են:
Նման հանձնաժողով ստեղծելը կնշանակեր կասկածի տակ դնել մեր ժողովրդի դեմ իրագործված Ցեղասպանության փաստը: Դա մեզ համար անընդունելի է: Հանձնաժողովի ստեղծումն այն դեպքում իմաստ կունենար, եթե Թուրքիան իր մեղքը խոստովաներ: Այդ ժամանակ գիտնականները համատեղ կարող էին պատճառները հետազոտել, որոնք հանգեցրին այդ ողբերգությանը:
Ցեղասպանությունից անցել է արդեն 95 տարի, ինչո՞ւ է դրա ճանաչումը Հայաստանի համար դեռ այդքան կարևոր:
Սա պատմական արդարության և մեր ազգային անվտանգության հարց է: Նման սարսափելի իրադարձության կրկնությունը կանխելու լավագույն ճանապարհն այն հստակ դատապարտելն է:
Ձեր նստավայրի պատուհանից երևում է Հայաստանի խորհրդանիշ Արարատ լեռը: Այսօր այն սահմանի այն կողմում է` անհասանելի: Թուրքիան վախենում է տարածքային և փոխհատուցման պահանջներից: Դուք Արարատը հե՞տ եք ուզում:
Այն մեզնից ոչ ոք չի կարող խլել. Արարատը մեր սրտերում է: Աշխարհի ցանկացած վայրում ապրող հայի տանը Դուք անպայման կգտնեք Արարատ լեռան նկարը: Ես համոզված եմ, որ կգա ժամանակ, երբ Արարատը կլինի մեր երկու ազգերի ոչ թե բաժանման, այլ փոխըմբռնման խորհրդանիշը: Հստակեցնեմ, սակայն, հետևյալը. երբեք Հայաստանի որևէ պաշտոնատար անձ տարածքային պահանջներ չի ներկայացրել Թուրքիային: Թուրքերն իրենք են դա մեզ վերագրում, գուցե մեղքի գիտակցումի՞ց:
Թուրքիայի և Ադրբեջանի հետ ձեր սահմանները փակ են, Իրանն ու Վրաստանն էլ դժվար հարևաններ են: Ավելի ճիշտ չէ՞ր լինի Թուրքիայի հետ Ցեղասպանության շուրջ անվերջ վիճելու փոխարեն ճեղքել այդ մեկուսացումը:
Մենք ցեղասպանության ճանաչումը չեն կապում սահմանների բացման հետ: Եվ մեր մեղքը չէ, որ մերձեցումը չի կայանում:
Թուրքիան ցանկանում է սահմանի բացումը կապել Լեռնային Ղարաբաղի հարցում առաջխաղացման հետ: Հայերը դիմակայեցին այս տարածքում սանձազերծված պատերազմում, որին Խորհրդային Միության փլուզումից հետո հավակնում էր Ադրբեջանը:
Թուրքերը մշտապես մեր կողմից զիջումներ են ուզում: Դա, սակայն, անհնար է: Կարևորագույն հարցը Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքի իրացումն է: Եթե Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, կարծում եմ` հաշված ժամերի ընթացքում կարելի է խնդիրը լուծել: Ցավոք, նրանք դեռ համարում են, որ պետք է վերադարձնեն Ղարաբաղը: Իսկ վերադարձնել Ղարաբաղը Ադրբեջանի կազմ նշանակում է կարճ ժամանակահատվածի ընթացքում ամբողջովին հայաթափել Լեռնային Ղարաբաղը:
Ի՞նչ լուծում եք Դուք առաջարկում:
Ինչո՞ւ նախկին Հարավսլավիայի երկրները կարողացան անկախություն ստանալ: Ուրեմն ինչո՞ւ Ղարաբաղը չպետք է ունենա նույն իրավունքները, մի՞թե միայն այն պատճառով, որ Ադրբեջանը նավթ ու գազ ունի և Թուրքիայի պես հովանավոր: Մենք դա արդարացի չենք համարում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել