Տիգրան Սարգսյանի նոր «խաղալիքը»
Մենք արդեն գրել էինք վարչապետ Տիգրան Սարգսյանի նոր «խաղալիքի»` վիդեոհեռախոսների մասին, որոնք միջինը 2-3 հազար դոլար արժողությամբ ձեռք են բերվել և տեղադրվել կառավարության աշխատողների կաբինետներում: Մի քանի մետր իրարից հեռու տեղադրված այդ սարքերը նրա համար են, որ վարչապետն ու իր աշխատակազմի անդամներն, առանց նեղություն քաշելու, կաբինետներում նստած, շփվեն իրար հետ` վայելելով ոչ միայն միմյանց խոսքը, այլ նաև պատկերը:

Երեկ տեղեկացանք, որ այդ սարքերը տեղադրվել են բոլոր նախարարների ու վարչությունների պետերի առանձնասենյակներում: Կառավարության անդամներից ոմանք սա գնահատել են որպես իրենց նկատմամբ խստագույն հսկողություն սահմանելու և կոմպրոմատ հավաքելու փորձ: Անգամ երբ վարչապետը չի շփվում վերադասի հետ, այդ սարքի էկրանին անընդհատ երևում է, թե ինչով է նա զբաղված, ով է ներուդուրս անում, ինչ է կատարվում նրա կաբինետում:
Ժամանակացո՞ւյց
Գլոբալ միջուկային անվտանգության գագաթաժողովի շրջանակներում սպասվող Սարգսյան-Էրդողան-Օբամա հանդիպման շրջանակներում կարող է ընդունվել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ժամանակացույց:
Այս մասին երեկ տեղեկացրել է «CNNTurk»-ը` չբացառելով, որ ժամանակացույցի ընդունման փաստը գաղտնի պահվի: Ըստ թուրքական աղբյուրների` Օբաման ջանալու է մինչև ապրիլի 24-ը հասնել հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը:
Հայի խելք
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Գյումրիի բաժնի ծառայության ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ նախօրեին ձերբակալվել է Հովհաննես Մանուկյանը, որը մեղադրվում է անասնագողության մեջ: Նա ապրիլի 2-ին փախել էր Շիրակի մարզի Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կալանախցից:
Հովհաննես Մանուկյանը ձերբակալվել է իր հետ նույն խցում ազատազրկված Արթուր Փահլևանյանի տանը, որը գտնվում է Չերքեզի ձորում:
Եթե անասնագողության համար Հովհաննիսյանն, ըստ դատավճռի, ազատազրկվելու է երեք ու կես տարի ժամանակով, ապա փախուստի համար այդ ժամկետին կավելանա ևս երեք տարի:
Շարժական գույքի կարգավիճակով
ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մի քանի օր առաջ ասուլիսում հայտարարել է, թե «Դաշնակցությունը միշտ հետներս տանելու ենք»:
«ՉԻ» - Փաստորեն, ըստ Գալուստ Սահակյանի` Դաշնակցությունը ՀՀԿ-ի «ճիտին պարտքն է», կամ էլ «չարժական գույքը», որին կարելի է ճամպրուկի նման այսկողմ-այնկողմ տեղափոխել: Մեծ հաշվով, Գալուստ Սահակյանն, իհարկե, իրավացի է: Եթե ինչ-որ մեկը դժվարին ճամփոդության է մեկնում, պարտավոր է իր հետ վերցնել գոնե առաջին անհրաժեշտության ինչ-որ առարկաներ, որոնք ծանր պահին հաստատ պետք կգան:
Այդ իմաստով Դաշնակցությունը հաստատ միշտ էլ օգտակար կլինի: Հենց որ ընդդիմությունը «վրա տա», դաշնակների միջոցով կպաշտպանվեն, հենց որ արտաքին ճնշումներ լինեն, դեմ կտան այն տեղեկանքը, որի համաձայն` Դաշնակցությունն ընդդիմություն է և այլն: Մի խոսքով, ՀՀԿ-ի համար դաշնակները «զոնտիկի» պես բան են. և արևից կպաշտպանեն, և անձրևից:
Այլ հարց է, թե արդյո՞ք Դաշնակցությունը համաձայն կլինի այդ դերին: Առայժմ հաճույքով համաձայնում են:
Եթե 2009-ին անկումն ավելին լիներ, հիմա աճն ավելի մեծ կլիներ
«Առավոտի» խնդրանքով անդրադառնալով ՀՀ վարչապետի հրապարակած տվյալներին, թե 2010-ի առաջին եռամսյակում արձանագրվել է աշխատավարձի շուրջ 5,8 % աճ, «նաև 16 % ներմուծման դիմաց` շուրջ 53 %-ով աճել է արտահանումը, և որ այն պայմանավորված է արդյունաբերության աճի տեմպերով»` ՀՅԴ պատգամավոր Արա Նռանյանն ասաց, թե «անցած տարվա սկզբին մենք այնքան զրոյական ցուցանիշներ ենք ունեցել, որ բնական է` այս տարվա առաջին ամիսներին պետք է ունենայինք այդ աճը:
Ասեմ ավելին, եթե մենք ավելի խորն անկում ունենայինք, այսօր ավելի բարձր կլինեին ցուցանիշները: Նաև ի վերջո չմոռանանք, որ այս բոլոր լուծումների հիմնաքարը արտաքին ներարկումներն են: Եվ երբ մենք վերադառնանք բնականոն, ինքնաբավ գործունեությանը` առանց դոնոր կազմակերպության աջակցության, օգնության ի վիճակի լինենք լուծել մեր տնտեսական ու բյուջեի խնդիրները, այդ ժամանակ կասեմ, որ մենք հաղթահարել ենք ճգնաժամը»:
Հացպանյանին տեղափոխել են
Երեկ տեղեկացանք, որ Արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալների կենտրոնական հիվանդանոց է տեղափոխվել Ֆրանսիայի քաղաքացի, ազատամարտիկ, 3,5 տարվա ազատազրկման դատապարտված Սարգիս Հացպանյանը: Նա տառապում է որովային շրջանում սուր ցավերից, մասնավորապես բողոքում էր ստամոքսի, լյարդի, լեղապարկի ցավերից:
Ո՞վ է facebook-ի հեղինակը
Բի-Բի-Սի-ի հաղորդմամբ`ամերիկացի եղբայրներ Կամերոն և Թայլեր Վինկելվոսները Facebook-ի հիմադրի դեմ հարուցած դատավարությամբ միլիոնավոր դոլարների փոխհատուցում են ստացել: Նրանք պնդում էին, որ հանրահայտ Facebook սոցիալական ցանցի հեղինակներն իրենք են: Դատավարության ավարտից հետո Facebook-ի ղեկավարությունը հայտնեց, որ վեճը համարում են փակված: Եղբայրները, սակայն, հայտարարում են, որ վեճը դեռևս ավարտված չէ: Թեպետ եղբայները հրաժարվում են հայտնել, թե կոնկրետ որքան գումար են փոխհատուցում ստացել, ինչը, շշուկների համաձայն, կազմում է շուրջ 65 մլն դոլար, սակայն Բի-Բի-Սիին տված հարցազրույցում նշել են, որ իրենք պայքարելու են մինչև արդար որոշման ընդունումը:
Եղբայրները չեն գոհացել միայն ֆինանսական փոխհատուցմամբ, նրանք պահանջում են Facebook ընկերության ակցիաների մի մասը:
Ամերիկացի եղբայները Facebook-ի հիմնադիր Մարկ Յուկերբերգի հետ ուսանել են Հարվարդի համալսարանում, ուր և նրանք հիմնադրել են ConnetcU կայքը 2003 թվականին: Այդ ժամանակ դեռ ուսանող Մարկ Յուկերբերգը օգնում էր նրանց կայքի ստեղծման աշխատանքներում, սակայն կարճ ժամանակ անց վերջինս հիմնում է սեփական սոցիալական ցանցը, որը կրում էր Facebook անվանումը: Facebook-ը դառնում է Հարվարդի ուսանողների շրջանում ամենահանրահայտ կայքերից մեկը: Այսօր Facebook-ն շխարհում ամենատարածված սոցիալական ցանցերից մեկն է, որում գրանցված օգտագործողների թիվն անցնում է տասնյակ միլիոնները:
Կայքում գրանցված են նաև եղբայրներ Վինկելվոսները, թեպեպ, իրենց իսկ խոսքերի համաձայն, երկար ժամանակ խուսափում էին ցանցից օգտվելուց:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել