Ըստ Բելասենիի` Երևանը վերածվել է մարդու իրավունքների մայրաքաղաքի
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահ տիկին Սուեր Բելասենին, ով Երեւանում է ֆեդերացիայի 37-րդ համաժողովի անցկացման առիթով:
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի` Հայաստանի հետ ծավալած համագործակցությունը եւ ողջունել նման ներկայացուցչական կազմով համաժողովը Երեւանում անցկացնելու որոշումը:
Նախագահը նշել է, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում դեռեւս բազմաթիվ խնդիրներ կան, սակայն ակնհայտ է, որ հնարավոր չէ դրանք բոլորը միանգամից լուծել: «Այստեղ մենք առաջնորդվում ենք ամեն ինչ համեմատության մեջ դիտարկելու սկզբունքով: Եթե այսօր այդ խնդիրներն ավելի շատ են, քան մի քանի տարի առաջ, ուրեմն, մեր գործունեությունը խիստ վերանայման կարիք ունի: Իսկ եթե առաջընթաց է նկատվում, ապա նշանակում է, որ գործադրվող ջանքերը ճիշտ ուղղությամբ են»,- նշել է նախագահ Սարգսյանը:
Նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ` Տիկին Բելասենը շնորհակալություն է հայտնել Ս. Սարգսյանին` համաժողովը բարձր մակարդակով անցկացնելու գործում Հայաստանի ներդրած ջանքերի համար: Նա ՄԻՄՖ-ի համաժողովի անցկացումը մեր տարածաշրջանում բնորոշել է որպես պատմական իրադարձություն` նշելով, որ «Հայաստանի մայրաքաղաքն այսօր վեր է ածվել մարդու իրավունքների մայրաքաղաքի»:
Տիկին Բելասենն ասել է, որ մարդու իրավունքների պաշտպանության առումով Հայաստանը տարածաշրջանում շահեկան դիրքերում է, եւ այսօր Հայաստանի միջոցով կարեւորվում է ողջ տարածաշրջանը:
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի հետ համագործակցությունը կշարունակի զարգանալ` կատարելագործելով մարդու իրավունքների պաշտպանությանը կոչված հայաստանյան կառույցների գործունեությունը: Նա միաժամանակ նշել է, որ Հայաստանի իշխանություններին ուղղված իր բազմաբնույթ դիմումները երբեւէ անարձագանք չեն մնում:
Նախագահ Սարգսյանը հաջողություն եւ արդյունավետ աշխատանք է մաղթել համաժողովի մասնակիցներին եւ հույս հայտնել, որ նրանք այս օրերին նաեւ հնարավորություն կունենան ծանոթանալու մեր երկրի պատմությանն ու ավանդույթներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել