ՀՀԿ-ականն է՞լ է դժգոհ ռեժիմից
Հայտնի հանրապետական պատգամավոր Վազգեն Կարախանյանը, պարզվում է, ևս դժգոհ է գործող ռեժիմից: Երեկ, երբ Ազգային ժողովում թերթը փորձեց Վազգեն Կարախանյանի կարծիքը ճշտել Երևանում այս օրերին անցկացվող Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի համաժողովի մասին և այն մասին, որ ՄԻՄՖ ներկայացուցիչները ՀՀ իշխանություններից պահանջում են ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, պատգամավորն ասաց.

«Ճիշտն ասած, ես տեղյակ չեմ, հետո ի՞նչ ասացիք, քաղբանտարկյալնե՞ր: Ես քաղբանտարկյալ հիշում եմ սովետական տարիներից, ի՞նչ բան է քաղբանտարկյալ: Հիմա, երբ արդեն ունենք անկախ պետություն, ճիշտն ասած, իմ համար անհասկանալի է, ինչ բան է քաղբանտարկյալ: Դժգոհություններ կարող են լինել իշխանություններից, մարդկանց վերաբերմունքից, ռեժիմից, հազար ու մի բանից, որը մենք էլ ունենք, բայց քաղբանտարկյալ հասկացությունը, ես կարծում եմ, պետք է ճշտվի` ինչ բան է դա»:
Թերթի այն հարցին, թե ռեժիմի կոնկրետ ինչից է դժգոհ հանրապետական պատգամավորը, նա պատասխանեց. «Ասենք, թերթերում էլ են տպագրում, որ մարդիկ, որոնք կոռուպցիայով են զբաղվել, չեն հարգել մարդու իրավունքը, ոստիկանը արարք է կատարել, որը անհարիր է պետության, պետականության արժեքային համակարգին, ես կարծում եմ, մենք խնդիր ունենք կադրային հարցերում»:
Իսկ երբ թերթը փորձել է Վազգեն Կարախանյանից ճշտել, թե ինչ է կոնկրետ ինքն անում` այդ խնդիրները լուծելու ուղղությամբ, նա ասաց. «Ես, եթե նկատել եք, քչախոս եմ, իմ գործը հորդորելն է և խոհանոցներում անպայման այ այս կարգի երևույթների դեմ պայքարելը»:
Ճիշտ էլ ընտրել են
Երեկ Օպերայի շենքի առջև իրենց բողոքն արտահայտող ցուցարարները տարակուսում էին, թե ինչպե՞ս կարելի է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի համագումարն անցկացնել Հայաստանում` մի երկրում, որտեղ առ այսօր քաղբանտարկյալներ կան:
«Չի» - Սա, իհարկե, սխալ մոտեցում է: Ճիշտ հակառակը, նման համագումարները հենց Հայաստանի նման երկրներում պետք է անել: Ի վերջո, ցանկացած նորմալ ԲՈՒՀ անպայման ուսանողների համար «դաշտային աշխատանքներ» է կազմակերպում, բժշկականի ուսանողները պրակտիկան անցնում են հիվանդանոցներում և այլն: Մի խոսքով, ճիշտը հենց «դեպքի վայրում» աշխատելն է: Եթե մեր կառավարությունը աղետի գոտու հարցերով արտագնա նիստ է կազմակերպում հենց Գյումրիում կամ Սպիտակում, ինչու՞ պիտի Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան իր համագումարը Հայաստանում չանցկացնի:
Օրինակների համար էլ հեռուն գնալու անհրաժեշտություն չի առաջանա. ցանկացած ելույթ ունեցող պարզապես լուսամուտից դուրս կնայի և կոնկրետ օրինակներ ցույց կտա: Այնպես որ, համագումարի անցկացման վայրը ճիշտ է ընտրված:
Ազատվել Քոչարյանի ուրվականից
«Քոչարյանի վարչապետության կամ նրա քաղաքական ռեանիմացիայի ջատագովներին հիշեցնեմ, որ հենց Քոչարյանի իշխանության օրոք է տեղի ունեցել 1999թ. հոկտեմբերի 27-ի կազմակերպված ահաբեկչությունը, հենց Քոչարյանի հրամանով են իրականացվել 2004թ. ապրիլի 12-ի և 2008թ. մարտի 1-ի հանցագործությունները: Քոչարյանով մտահոգված մոլորյալներին ու գայթակղվողներին հիշեցնում եմ Սուրբ գրքի հետևյալ տողերը. «Գայթակղությունը պետք է գա, բայց վայ նրանց, որոնց ձեռքով կգա գայթակղությունը»: Հայաստանը պետք է մեկընդմիշտ ազատել Քոչարյանի ուրվականից»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը:
Ռազմատենչ հռետորությունը չի նպաստում
«Հայոց աշխարհի» թղթակցի հարցին ի պատասխան` Եվրոպական միության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն երեկ նշել է, թե տեղյակ չէ օրերս ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների հնչեցրած նոր ռազմատենչ սպառնալիքների մասին:
«Իսկ ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ ոչ մի ռազմատենչ հռետորություն չի կարող նպաստել Ղարաբաղի հիմնախնդիրը խաղաղ կարգավորելու բանակցային ընթացքին: Հավատացած եմ, որ ստեղծված փակուղային իրավիճակից դուրս գալու համար Հայաստանի նախագահը համարձակ քայլ կատարեց: Շատ բարձր եմ գնահատում Հայաստանի նախագահի քաջությունը և քաղաքական նախաձեռնությունը, որով հայ դիվանագիտությունը սկսեց Թուրքիայի հետ դժվարին երկխոսությունը»,- շեշտեց հանձնակատարը:
Գյուլը ստեղծում է արտասահմանցի թուրքերի վարչություն` ընդդեմ Սփյուռքի
Թուրքիայում, նախագահ Աբդուլլահ Գյուլի հաստատած որոշմամբ, կստեղծվի «Արտասահմանցի թուրքերի և ազգակցական միությունների» վարչություն, որը կունենա 101 աշխատակից, 3 փոխնախագահ և իրավասու կլինի աշխատանքներ իրականացնել Թուրքիայից դուրս ապրող թուրքերի հետ, լուծել նրանց խնդիրները, զարգացնել ցեղակցական , սոցիալական, մշակութային, տնտեսական հարաբերությունները:
Որոշ թուրքական լրատվամիջոցներ նշում են, որ վարչությունը ստեղծված է որպես հայկական սփյուռքին հակակշիռ ուժ:
Հոգեհանգստի արարողությունը` այսօր
Այսօր, ժամը 12-ին Նորագավիթի սուրբ Գևորգ եկեղեցում տեղի կունենա մեր սիրելի գործընկերոջ` Գայանե Բաբայանի հոգեհանգստյան արարողությունը: Հուղարկավորությունը տեղի կունենա վաղը` Լոռու մարզի Հաղպատ գյուղում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել