Մեղադրողը պահանջում է 9 տարվա ազատազրկում
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում Տիգրան Թադեւոսյանի մահվան համար մեղադրվող Սամվել Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատավարությունը մոտենում է ավարտին: Ապրիլի 6-ի դատական նիստի դատախազ Վաղինակ Մխիթարյանը հրապարակեց մեղադրական ճառը:
Նա նշեց, որ Սամվել Սարգսյանի մեղքն ապացուցված, ըստ այդմ` նա ծանր մարմնական վնասվածքներ է հասցրել Տիգրան Թադեւոսյանին, ինչն էլ հանգեցրել է մահվան:
Թե մեղադրողը, թե տուժողի իրավահաջորդ Ջավահիր Սերոբյանի փաստաբան Աննա Դավթյանը նշեցին, որ պատիժը մեղմացնող որեւէ հանգամանք չկա: Որպես հիմնավորում բերվեցին ականատեսների վկայություններն ու դատաբժշկի եզրակացությունը, նաեւ գործով ձեռք բերված մի շարք այլ ապացույցներ: Մեղադրողը նշեց, որ Սամվելի Սարգսյանի գործողություններում առկա դիտավորությունը եւս ապացուցված է, իսկ ամբաստանյալի հավաստիացումները, թե Տիգրան Թադեւոսյանը վայր ընկնելուց է ստացել վնասվածք եւ մահացել` համարեց անհիմն:
Պատասխան ճառում ամբաստանյալի փաստաբան Թամարա Յայլոյանը նախ իր եւ իր պաշտպանյալի անունից ցավակցեց եւ ներողություն խնդրեց Տիգրանի հարազատներից, այնուհետեւ կրկին պնդեց դատարանում Սամվել Սարգսյանի տված ցուցմունքը, ըստ որի` Տիգրան Թադեւոսյանի մահը դժբախտ պատահարի արդյունք է, եւ որ Տիգրանը մահացել է ընկնելու հետևանքով, ոչ թե դաժան ծեծի արդյունքում:
Անդրադառնալով հատկապես «Լիլիա» գեղեցկության սրահի երեք աշխատակիցների միմյանց հակասող վկայություններին` Թամարա Յայլոյանը նկատեց, որ նրանք ներկայացրել են իրական դեպքերի բավական աղավաղված պատկերը:
«Եթե նրանք իրականում տեսել էին այն, ինչի մասին ցուցմունք էին տվել նախաքննության ընթացքում, ապա ինչո՞ւ այդ դեպքում չէին կարողանում դատարանում հիշել իրենց իսկ տված ցուցմունքներն ու խնդրում էին հրապարակել նախաքննակաները,- հարցրեց Թամարա Յայլոյանը,- իսկ ինչ վերաբերում է դատաբժշկի դատարանում տված ցուցմունքին, որով նա հաստատեց դեռեւս օգոստոսին տված եզրակացությունը, ապա չգիտես ինչու բժիշկի համար ձեռքի ափը համարվել էր կոշտ առարկա, իսկ ասֆալտը` ոչ»:
Փաստաբան Թամարա Յայլոյանին պարզ չէր, թե ինչպես կարող էր նման վնասվածք ստանալ Տիգրան Թադեւոսյանը ձեռքի կամ ոտքի հարվածից, բայց ոչ ընկնելուց եւ գլուխը ուժգին գետնին հարվածելուց: Ի պատասխան մեղադրողը կարծիք հայտնեց, որ ամբաստանյալի փաստաբանը կամ լավ չի ուսումնասիրել, կամ չի ցանկացել մինչեւ վերջ ուսումնասիրել դատաբժշկական հանձնաժողովի եզրակացությունը, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է` Տիգրան Թադեւոսյանի մահը չէր կարող լինել միայն ընկնելուց:
Մեղադրող Վաղինակ Մխիթարյանը միջնորդեց ամբաստանյալ Սամվել Սարգսյանին դատապարտել ազատազրկման 9 տարի ժամանակով: Վերջինիս նկատմամբ խիստ պատժի նշանակում պահանջեց նաև տուժողի իրավահաջորդի փաստաբան Աննա Դավթյանը: Նա պահանջեց նաեւ քրեական պատասխանատվության ենթարկել Լիդա Եդիգարյանին, ում պատճառով տեղի է ունեցել դեպքը եւ ով սիրած տղային պաշտպանելու նպատակով սուտ ցուցմունք է տվել:
Ամբաստանյալի շահերի պաշտպան Թամարա Յայլոյանի կարծիքով` նման մեղադրանք առաջադրելուց առաջ նախ պետք է հասկանալ, թե որ դեպքում է աղջիկը սուտ ցուցմունք տվել` նախաքննության ընթացքում, թե դատարանում, քանի որ նրա վրա ճնշում է կիրառվել նախաքննության ընթացքում: Մի բան, որի մասին Լիդա Եդիգարյանը բարձրաձայնեց դատարանում:
Այնուհետեւ Թամարա Յայլոյանը հույս հայտնեց, որ դատարանը կլինի օբյեկտիվ եւ կկայացնի արադարացի դատավճիռ: Փաստաբանը, ի տարբերություն մեղադրող կողմի, չհիմնավորված է համարում Սամվել Սարգսյանի մեղքը: Թամարա Յայլոյանը դատարանից խնդրեց արդարացնել ամբաստանյալին, իսկ եթե դատավորը կհամարի, որ ամեն դեպքում իր պաշտպանյալի մեղքն ապացուցված է, ուրեմն խնդրեց սահմանել մեղմ պատիժ:
Դատավոր Էդվարդ Մանուկյանը դատավճիռը կհրապարակի ապրիլի 13-ին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել