HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Լրագրո՞ղն էլ համր ու անդեմ

Այդ ում է ուրբաթախոսությունը մի լավ բանի հանգեցրել, որ լրագրողին պատիվ բերի… թերեւս միայն ավանդապաշտ սկեսուրը գոհանա հարսի կցկտուր թոթովանքով… Եվ սակայն լրագրողի թոթովանքը… լեզվի՞, թե՞ մտքի տկարության, կամ թե ողնաշարի բացակայությա՞ն հետեւանք է…Լրագրողը պետք է միտք ունենա, եթե ոչ քաջառողջ, գոնե, համենայն դեպս, ոչ էլ անհույս տկար: Եթե խոսքը կարճամտությանն է վերաբերում, ապա դիրքորոշման, գաղափարական համոզմունքների, ձեռագրի, գրելաոճի եւ նման բաների մասին խոսելն արդեն անիմաստ շաղակրատանք է: Դե իսկ տողերի հետեւից քմծիծաղելու կամ չարախնդալու տղամարդկությո՞ւնն ով ունի: Այս բոլոր պակասություններով հանդերձ` ռայոնցի (հատկապե°ս ռայոնցի) լրագրողը նաեւ… անդեմ է, ինչպես «լրիվ հայ աղջկեքի անունը Թամար ա…» (բայց… մահ ա): Ու տեղական լրագրողն էլ ամենեւին չի երազում արտահայտիչ ու մտապահվող դիմագիծ ունենալ: Գուցե շատերն արդարանան, թե տեղեկատվական ժանրն ինչ մի սպիտակ ատամ ցույց տալու տեղ է, բայց լրագրողի դիմախաղը պետք է զգալի լինի նույնիսկ լրատվության մեջ լրագրային կայուն արտահայտությունների ու կաղապարային ձեւակերպումների ընտրությամբ: Բայց մինչ ուրույն մտածողություն, լեզվաոճ, ինքնագիր եւ նման բարդումարդ հասկացություններին հասնելը… կրթություն եւ կամ տարրական գրագիտություն չունեցող մարդուց ինչպես պահանջես բարձրորակ հեռուստաեթեր կամ ժանրային առանձնահատկությունների գրագետ կիրառում: Նախեւառաջ տգիտությամբ է բացատրվում լրագրողի անվստահ կեցվածքը կամ թե անհիմն չափազանցված ինքնավստահությունը: Ասել, թե շատ մոդայական բաների նման լրագրությունն էլ վերջին տարիներին նորահայտ դարձած երեւույթ է ու արդարացում փնտրել մասնագիտական կրթությունը աշխատանքային պրակտիկայով փոխարինողների ու նրանց գերագնահատողների համա՞ր, թե՞ հարմարվողական կեցվածք ընդունել ու բավարարվել`գոհանալով` եղածն էլ լավ է: Իսկ ո՞րն է եղածը. փողոցայինի գռեհիկ պահվածքով, հայհոյախառն արտահայտություններով խոսող մարդի՞կ` առանց չափի ու տակտի զգացողության, որ իրենք ազատախոհություն են անվանում: Եթե մայրաքաղաքի լրագրության վերաբերյալ նկատելի է խոսքի համեմատական ազատություն, բազմակարծության` թեկուզեւ նմանողություն, ապա տեղական լրագրությունն ամենապասիվ հայեցողական վիճակում է: Վանաձորում երկու տպագիր եւ երեք հեռարձակվող լրատվամիջոցներն ամենաանողոք գրաքննության են ենթարկվում, որպիսին երեւի միայն սովետի ժամանակներում է եղել: Ռադիո-հեռուստատեսությունը համեմատաբար հեշտ վերահսկելի է, քանի որ այս ոլորտում զգույշ են ինչպես լրատվական գործունեություն իրականացնողներն, այնպես էլ լրագրողները, որոնք հեռու են պահում իրենց ավելորդ հրապարակումներից: Իսկ քանի որ մամուլը խոսքի ավելի ազատ դաշտ է, այստեղ երբեմն «օտարածին» մարմիններ են հայտնվում, սակայն «ախտազերծումը» չի ուշանում: Այդպես Լոռու մարզային միակ թերթի խմբագիրը մի անգամ անուշադրություն էր թույլ տվել տպագրելու մի չարաբաստիկ հոդված, որի հեղինակն ստեղծել էր վանաձորյան էլիտար հասարակության պատկերը` մարդկային տիպերի տեսքով: Եվ հավանաբար վերջիններիս հաջողված լինելու պատճառով (քանի որ այդ հասարակության ամենաանվանի ներկայացուցիչները գտել էին իրենց այդ հոդվածի մեջ) խմբագիրն սկսել էր զանգեր ստանալ ազդեցիկ պարոններից, որոնք երեւի չէին խնայել իրենց բարեկամական խրատները զգուշության եւ այլնի մասին, իսկ քանի որ պաշտոնն, ինչ խոսք, ավելի թանկ է, քան ծամծմված բարոյական արժեքները, նա այդուհետ իրեն նման անհարմար իրավիճակներից ազատելու նպատակով պարզապես «դեղին քարտ» հայտարարեց հոդվածագրին` նրա առջեւ փակելով իր խմբագրության փայտե փլեկ դուռը: Բա՞… բա ասում ենք լրագրողի անձը պաշտպանված է ՀՀ օրենսդրությամբ, օրենքներ ենք մեջբերում` Մարդու իրավունքների մասին հռչակագիր, «Զանգվածային լրատվության մասին» օրենք, «Տեղեկատվության ազատության մասին» օրենք… բա էս ամենն ո՞ւր մնաց… Նա` այդ խմբագիրը, շատ հաճախ միջոցառումներին անձամբ ներկայանալով, այնուհետեւ վերադառնում եւ ուրիշի անվամբ ինքն էլ սղագրում է իրադարձությունը` ներկաներին ու պատվավոր հյուրերին հականե-հանվանե հիշատակելիս չմոռանալով հատուկ նշել իր անունը: Սա էլ խնայողության մի ձեւ է. եթե ինքը ներկա է, էլ ինչու ավելորդ հոնորար վճարի լրագրողին: Իսկ թերթի լրագրողներն անվարժ, փորձաշրջան անցնող սկսնակներ են, որոնք անվճար թղթակցում են` ապագայում մի օր հեղինակության ու փառքի հասնելու ակնկալիքով: Լրագրողի փորձառություն ասվածն էլ իրադարձությունը ոչ այնքան վարժ սղագրելուց այն կողմ չի անցնում: Հիմնական իրադարձությունն էլ Վանաձորում ամեն շաբաթ գումարվող ավագանու նիստն է, որը լուսաբանելու համար մեծ ջանք չի պահանջվում. Օրակարգը ճաշացանկի պես անփոփոխ է. այն ներառում է փողոցների լուսավորության, թափառող կենդանիների վնասազերծման, պատվավոր քաղաքացիների պարգեւատրման եւ նմանատիպ ոչ կարեւոր հարցեր: Ավագանու նիստն էլ միշտ նույն պատկերն է ներկայացնում` երկծալ կզակով, կախված ստամոքսով, ճաղատ գլուխներ, դեղնած թերթերից հեգելով հազիվ կարդացող զեկուցող… Մարզային թերթում տպագրվում է նիստի ամենահամառոտ մի արձանագրություն. ամիս-ամսաթիվ, ներկաների անվանացանկ, օրակարգ: Անդրադարձ է կատարվում օրակարգային 1-2 էլ ավելի անկարեւոր հարցի: Լուրերի թողարկմանն ամբողջ նիստը դրվում է հանրային դիտման` առանց մոնտաժի եւ առանց մեկնաբանության` նիստի 6-7-ժամյա ձանձրույթը նույնությամբ փոխանցելով հեռուստադիտողին: Հեռուստալրագրողի աշխատավարձն էլ պատկերի մյուս տխուր կողմն է ներկայացնում. Վանաձորի երեք հեռուստաընկերություններում գործում է վարձատրության երեք տարբեր սկզբունք. պայմանագրային, հոնորարային եւ կամավորության: Առաջինը կազմում է ամսական 25 հազար դրամ, երկրորդը` 900 դրամ յուրաքանչյուր ռեպորտաժի դիմաց, իսկ երրորդը` մի չոր բուլկի: Կարող է թվալ, թե երրորդն ամենաիսկական, ամենաօրինական ՀԿ է, մինչդեռ խոսքը Վանաձորում բացված առաջին հեռուստաընկերության մասին է (նախկինում` Ինտերկապ, ներկայումս` Միգ TV): Այստեղ ռեպորտաժի համար լրագրողն ստանում է 450 դրամ, որից 200-ը ծախսում է երթուղայինի վրա, քանի որ իրադարձության վայր հասնելու համար հեռուստաընկերությունը փոխադրամիջոց չի տրամադրում. չունի: Մյուս երկու հեռուստաընկերությունների համեմատ աղքատ է նաեւ նրա տեխնիկական բազան. երկու հին, շունչը փչած համակարգիչ: Թղթի վրա գրոտելուց, գրածը փոփոխելուց, մաքրագրելուց ու խմբագրելուց հետո լրագրողը մոնտաժում է տեսագրությունը` ամեն մի մոնտաժի ժամանակ կորցնելով մի կենդանի նյարդային բջիջ, որից հետո հետո անցնում է տեքստի ձայնագրությանը, եւ բոլոր ներկաներն արդեն բնազդաբար մի քանի վայրկյան անշնչանում են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter