
Աքորիի 100 դպրոցական խիստ կարիքավոր ընտանիքներից են
Լոռու մարզի Աքորի գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Ասյա Թոմոյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ դպրոցում մեծ թիվ է կազմում սոցիալական վատ պայմաններում գտնվող ընտանիքների երեխաները:
« 338 աշակերտներից ամենապակասը 100-ը խիստ կարիքավոր ընտանիքների երեխաներ են»,- ասաց դպրոցի տնօրենը: Դրանցից մեկը Անիչկա Միկոյանի ընտանիքն է: Նա իր 4 երեխաների հետ ապրում է գյուղի «Դարքի» կոչվող հանդամասի հարեւանությամբ գտնվող հողատարածքում տեղավորված 7քմ տարածքով տնակում: Տանիքը չփլվելու համար Անիչկան, ինչպես ինքը ասաց, մի քանի «դուչար» էր տվել առաստաղին: Տնակի առջեւի շուրջ 500մ տնամերձը Անիչկան խնամքով մշակել է: Ասաց, որ կարտոֆիլ է ցանելու, հետո ավելացրեց, որ ոռոգման ջուր չլինելու պատճառով չի կարող այլ բանջարեղեն ցանել: 5 հոգուց կազմված ընտանիքը ծայրահեղ աղքատության մեջ է ապրում: Անիչկայի ավագ որդին` Արմենը 2009թ.-ի դեկտեմբերին զորակոչվել է եւ ծառայում է Ղարաբաղի Մարտունի 2 զորամասում: Մյուս որդին` Արկադին ընտանիքին օգնելու համար գնացել է Երեւան` աշխատանք գտնելու:
«Երկու անչափահաս երեխաներս էլ ինձ հետ են ապրում»,- ասաց Անիչկան: Մինչեւ զորակոչվելը Արմենը Պրիվոլնիում ու Շամլուղում անասուն է պահել եւ դա մեծ օգնություն էր ընտանիքին: Անիչկա Միկոյանի ամուսինը 4 անչափահաս երեխաներին եւ կնոջը թողնելով անօգնական վիճակում, հեռացել է ընտանիքից. «Էստեղ ենք ապրել, որ հետո տուն սարքենք, հետո ամուսինս թողուց գնաց, բաժանվեց, հա, 8,5 տարի ա գնացել ա, ամուսնացել ա, տեղը չգիտեմ, Հայաստանում ա, բայց թե որտեղ ա, տեղը չգիտեմ: Կորել ա, չկա: Երեխեքին ես եմ պահել: Ամուսնուս գնալուց 27 օր հետո է փոքր էրեխես` Արայիկն է ծնվել: Տանն էլ ծննդաբերել եմ: Էրեխես էս տնակում ա ծնվել»,-պատմեց Անիչկա Միկոյանը: Դպրոցի տնօրենը հայտնեց, որ Անիչկա Միկոյանի 8-րդ դասարանում սովորող աղջկան` Անահիտին, «Լոռու դպրոց» հիմնադրամի կողմից, դպրոցի առաջարկությամբ` լավ առաջադիմության համար 3 հազար դրամ կրթաթոշակ է նշանակվել:
«Ես գյուղապետ Կամո Սիմոնյանին խնդրել եմ օգնի մեզ, գոնե 1 տարի աղջկաս դասագրքերի գումարները վճարելու համար, գյուղապետը պատասխանել է, որ հնարավոր չէ»,- ասաց Անիչկա Միկոյանը: Ասենք, որ Աքորի համայնքապետը 2009թ.-ի համայնքի բյուջեում գյուղի սոցիալապես անապահով ընտանիքներին օգնելու համար նախատեսել է 1,7մլն. դրամ գումար, որից 2010թ.-ի հունվարի 1-ի դրությամբ ծախսվել է 1,2մլն. դրամը: Համայնքի բյուջեում 2010թ.-ին անապահով աքորեցիների օգնության համար նախատեսել է 1,5մլն. դրամ: Պարզվում է, սակայն, որ այդ օգնություններից կարող են օգտվել գյուղի ոչ բոլոր անապահովները:
Մեկնաբանել