Լավագույնը «Օրհնանքն» է
Այսօր Սիրահարների այգում ամփոփվեց «Մի կին - մի աշխարհ» խորագրով լուսանկարների մրցույթը, և տեղի ունեցավ համանուն խորագրով ցուցահանդեսի բացման և մրցանակների հանձնման արարողությունը: Մրցույթում հաղթող ճանաչվեց Պաշտպանության նախարարության ֆոտոլրագրող Արեգ Վարդանյանի «Օրհնանք» լուսանկարարը (նկարում):
«Մի կին- մի աշխարհ» մրցույթը կազմակերպել էին Երիտասարդ առաջնորդների դպրոցը և «Ինեկոբանկը»: Մրցույթին, որը մեկնարկել էր մարտի 12-ին, կարող էին մասնակցել բոլորը: Լուսանկարի թեման կինն էր, ըստ մրցույթի պահանջի` լուսանկարներում պետք է ներկայացված լինի կնոջ ակտիվ ընդգրկվածությունը հասարակական, քաղաքական կյանքում: Մոտ 1 ամսվա ընթացքում մրցույթին մասնակցել է 123 հեղինակ` ներկայացնելով 400 լուսանկար:
Մրցույթին ներկայացված լուսանկարները ապրիլի 5-6 դրված են եղել օն-լայն քվերակության մրցույթի պաշտոնական բլոգում` womanphoto.wordpress.com-ում: Հաշվի առնելով բլոգի այցելուների քվեարկության արդյունքները` պրոֆեսիոնալ ժյուրին որոշել է մրցանակակիրներին։ Ժյուրիի կազմում ընդգրկված էին Երիտասարդ առաջնորդների դպրոցի տնօրեն Արտակ Շաքարյանը, «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի ԶԱԿ ծառայության ղեկավար Ալլա Պավլովան, «Պողոսյան պարտեզներ» ՍՊԸ-ի ծրագրերի համակորգող Սարհատ Պետրոսյանը, «Արվին Քոչարյան Փրոդաքշնս» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Արվին Քոչարյանը, Panarmenian-ի ֆոտոթղթակից Սեդրակ Մկրտչյանը և Նարեկացի արվեստների միության օպերատոր-լուսանկարիչ Անդրանիկ Սահակյանը:
«Հատուկ մրցանակ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Կարեն Հովհաննիսյանը:
«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթեց Արմեն Ղարիբյանը:
«Գունային լուծում» անվանակարգում հաղթեց Սարգիս Վիրաբյանը: Նրա լուսանկարում եռագույն դրոշի ֆոնին ծեր կին է պատկերված: Սարգիսն ասաց, որ բավականին երկար է սպասել, որ այդ ֆոնին հետաքրքիր կերպար հայտնվի, ու ինքը նկարի:
«Լավագույն կոմպոզիցիա» անվանակարգում հաղթող ճանաչվեց Լուսինե Միրզոյանը:
«Լավագույն ֆոտոպատմություն» անվանակարգում հաղթեց Անուշ Բաբաջանյանը:
Հատուկ մրցանակների վերջին անվանակարգում` «Լույսերի խաղ»-ում, հաղթեց ArmeniaNow-ի ֆոտոթղթակից Նազիկ Արմենակիանը:
Այս անվանակարգերի բոլոր հաղթողները ստացան պատվոգիր և «Ինեկոբանկի» կողմից խրախուսական նվեր:
«Լավագույն լուսանկար» անվանակարգում 3-րդ տեղը զբաղեցրեց Տիգրան Սարապյանը: Նրա անունը հայտարարեց Սարհատ Պետրոսյանը, ով նշեց, որ երեկ մոտ 3-4 ժամ տևած քննարկումներից հետո է որոշվել հաղթողը: «Ես ինքս շատ հավանում էի այդ լուսանկարը և ահագին երկար ելույթներ եմ ունեցել ի պաշտպանություն այդ նկարի»,- ասաց Սարհատ Պետրոսյանը:
«Լավագույն լուսանկար» անվանակարգում 2-րդ տեղը զբաղեցրեց Քրիստինա Արությունովան: «Նկարը տիպիկ ներկայացնում է հայ կնոջ առօրյան այսօր: Նստարանի մի անկյունում նստած են տղամարդիկ, որոնք ակտիվորեն քննարկում են կյանքը, քաղաքականություն, իսկ կինը, նստարանի մյուս ծայրին նստած, աշխարհից վերացած, ինքն իր աշխահով է ապրում, մտածում է իր առօրյա հոգսերի մասին»,- նշեց Արտակ Շաքարյանը:
Ինչպես նշվեց, «Մի կին - մի աշխարհ» լուսանկարների մրցույթում հաղթող ճանաչվեց ֆոտոլրագրող Արեգ Վարդանյանի «Օրհնանք» լուսանկարարը: Լուսանկարում պատկերված է հայ կին, ով ջուր է լցնում դիրքեր գնացող զինվորների հետևից: Ցուցահանդեսի աջակից «Ինեկոբանկի» ներկայացուցիչ Արթուր Ազիզյանը, ով Արեգին հանձնեց մրցանակն, ասաց. «Ինձ թվում է, որ ամենաճիշտ ընտրությունն է կատարվել: Վերջին ժամանակահատվածում հայ կնոջ ավելի լավ պատկեր չէր կարող ներկայացվել»:
Առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար սահմանված էին համապատասխանաբար 100.000, 60.000 և 40.000 դրամ մրցանակներ, պատվոգիր և «Ինեկոբանկի» կողմից նվերներ:
Հաղթող Արեգ Վարդանյանն ասաց, որ «Օրհնանքը» իր ամենասիրած նկարներից է: «Տատիկ է, որ ջուր է ցանում զորքի հետևից, այսինքն` իր օրհնանքն էր ասում, որ անփորձանք վերադառնան: Հայաստանում ավելի լավ կհասկանան իմաստը. եթե հատուկ տեքստ չգրենք, երևի օտարազգիները չեն հասկանա, թե զորքի հետևից ջուր ցանելը ինչ է նշանում: Ես համարել եմ, որ տատիկը կոնկրետ մի կինն է, իսկ զորքը մի աշխարհն է»,- ասաց Արեգը:
Լուսանկարը բեմականացված չէ. պատկերվածն իրական է: Արեգը լուսանկարն արել է Վայքում, երբ զինվորները գնում էին դիրքեր` հերթափոխի: Արեգ Վարդանյանը «Օրհնանքը» նկարել է մոտ 6 տարի առաջ: Լուսանկարն անգամ թվային չէ. նեգատիվի վրա է արված:
Ապրիլի 7-ին, 8-ին և 9-ին Սիրահարների այգում կշարունակվի «Մի կին – մի աշխարհ» մրցույթի լավագույն լուսանկարների ցուցադրումը: Ապրիլի 10-ին և 12-ին ցուցահանդեսը կտեղափոխվի Նարեկացի արվեստների միություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել