
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մուտքագրել է մարտի 1-ի զոհերի հարազատների դիմումն ընդդեմ ՀՔԾ և ՀՀ գլխավոր դատախազության։ «Մենք բողոքարկում ենք ՀՔԾ և դատախազության անգործությունը, որ թույլ է տրվել մարտի 1-ի զոհերի սպանության հանգամանքների հետաքննության ընթացքում։

Պահանջում ենք, որ ըստ էության քննության առնվեն մեր բողոքները` ուղղված ՀՔԾ-ին, որպեսզի ճանաչվեն իրավունքի խախտման փաստերը, վերացվի անգործությունը, իրականցվի արդար քննություն և տրամադրվի արդարացի փոխհատուցում՝ նյութական և բարոյական»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց զոհերի հարազատների շահերի պաշտպան Արտակ Զեյնալյանը։ Նա նաև տեղեկացրեց, թե քանի որ Հայաստանում չկա բարոյական փոխհատուցման մասին օրենք, ապա մեր դատարանը պետք է առաջնորդվի մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիայով։
Վերադարձրել են
Երեկ ոստիկանությունը հայ ազգային կոնգրեսին է վերադարձրել 2008-ի մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակից առգրավված աուդիոտեխնիկայի որոշ մասը։ Ինչպես երեկ թերթի թղթակցին ասել է փաստաբան Վահե Հովսեփյանը, ինքը և ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը գույքը ստացել են ոստիկանական զորքերի զորամասից։ Գույքի մյուս մասի չվերադարձվելու պատճառների մասին նրանց ոչինչ չի ասվել։ Իսկ ստացված գույքը, այդ թվում՝ բարձրախոսներ, ուժեղացուցիչներ և այլն, մասամբ վնասված են եղել, ինչի մասին մանրամասն նկարագրվել է կազմված արձանագրության մեջ։
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը թերթի թղթակցին ասել է, որ տեխնիկայի վերադարձը համարում է Կոնգրեսի իրավաբանական ծառայության հաջողությունը։ Բանն այն է, որ դեռևս մեկ տարի առաջ Կոնգրեսը դատարան հայց է ներկայացրել՝ պահանջելով իրեն պատկանող գույքը հետ վերադարձնել։
«Ես քաղաքական բացատրություն չեմ ուզում տալ , թե ինչու որոշեցին հենց հիմա վերադարձնել։ Դա մեր հայցերից մեկն է, մենք արդեն մեկ տարի է՝ հետևողական գործընթաց էինք անցկացնում՝ օգտագործելով քաղաքական և իրավաբանական լծակները,- նշել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, ապա խոստացել,-Կոնգրեսը զբաղվելու է նաև գույքի մնացած մասը հետ ստանալու պահանջով։ Մենք հետևողական ենք, և իրենք էլ հասկացան, որ մենք պայքարելու ենք մինչև վերջ»։
Բենզինը կթանկանա այսօր կամ վաղը
Երեկ տեղեկություն ստացվեց այն մասին, որ Հայաստանի «բենզամագնատները» որոշում են կայացրել բենզինի մեծածախ գինը առաջիկա օրերին բարձրացնելու մասին։ Ըստ այդմ, 380 դրամով վաճառվող «ռեգուլյար» բենզինը լցակայաններում այսօր կվաճառվի 400 դրամով։
Նույն համամասնությամբ կթանկանա նաև բենզինի մյուս տեսակները։ Բենզինը թանկացնելու որոշում կայացվել էր նաև մարտի 19-ին, երբ արձանագրվեց դրամի կտրուկ արժեզրկում։ Սակայն փոխարժեքի տատանումների մեղմման արդյունքում դրա իրականացումը հետաձգվել էր և բենզինի գինը նույնիսկ 10 դրամով իջել էր։ Գնի բարձրացումը «բենզամագնատները» բացատրել են համաշխարհային շուկայում նավթի թանկացմամբ։
Մանդատները հանձնեք, իջեք ձոր
«Բոլորին հրավիրում եմ կոռեկտության պահվածքի ԱԺ դալիճում, եթե հարցեր ունեք՝ կարող եք հանդիպել»,- միջամտելով Վիկտոր Դալաքյանի և Արմեն Ալավերդյանի բանավեճին՝ հայտարարել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։
«ՉԻ»- Փաստորեն, Հովիկ Աբրահամյանը պատգամավորի և Հարկայիանի պետի տեղակալին առաջարկել է դահլիճից դոււրս գալ, մի տեղ հանդիպել «ադին-ադին» խոսել։ Սա, իհարկե, շատ առողջ առաջարկ է, և ամենակարևորն է, լիովին համապատասխանում է այսօրվա Հայաստանի ներիշխանական մթնոլորտին։ Ավելին, դատելով ամեն ինչից, Հովիկ Աբրահամյանը հենց այդպես էլ պատկերացնում է քաղաքական երկխոսությունը (դրա համար էլ Վիկտոր Դալաքյանին ասում է՝ «դու չես կարա ոչ մեկին խանգարես, դե ուրեմն հանգստացի»)։ Եվ պատկերացրեք՝ պրն Աբրահամյանը մեծ հաշվով իրավացի է։ Ոչ թե Վիկտոր Դալաքյանի մոմենտով, այլ ընդհանրապես։ Ազգային ժողովը, ի վերջո, այն վայրը չէ, որտեղ մարդիկ կարող են «սցենարից դուրս» այլ բաներ ասել։ Ամեն մեկը թող իր չափը ճանաչի։
Օդից չեն ընկել
«Արձանագրությունների վավերացման համար անհրաժշտ է կանգնեցնել սփյուռքի գործողությունները և համատեղ խոսել Մինսկի գործընթացի վերաբերյալ։ ՄԱԿ-ը պետք է ճնշի Հայաստանին Մադրիդյան փաստաթուղթը ընդունելու համար»,- ըստ «Սաբահ» թերթի՝ սրանք այն 6 ուղերձներից 3-ն են, որոնք Թուրքիայի վարչապետ Էրդողանը պատրաստվում է ԱՄՆ-ում ներկայացնել Բարաք Օբամային ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։ Սակայն ԱԺ-ում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հայտարարել է, որ թուրք բանագնացի՝ Սերժ Սարգսյանին փոխանցաց ուղերձում նման առաջարկներ չկան։ «Այսպիսի բանագնացներ այսպիսի հայտարարությունները և այսպիսի տպագիր նյութերը երբևիցե չեն լինում, և դրանք առնվազն իրար հետ փոխկապակցված են»,- հակադարձել է «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը։
Հաագայի միջազգային դատարանը կարող է քննել Հայոց ցեղասպանության հարցը
Այս մասին եզրակացություն է կազմվել ՀՀ Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի և Երևանում գտնվող Հաագայի միջազգային դատարանի դատախազ Լուիս Մորենո-Օկամպոյի հանդիպման ընթացքում։ Վերջինս նշել է, որ հարցի քննության համար պետք է հաշվի առնել նաև Հայաստանի ՍԴ-ի դիրքորոշումը Հռոմի դատական նիստում ձեռք բերված համաձայնության վերաբերյալ։ Գևորգ Դանիելյանն իր հերթին շեշտել է, որ ցեղասպանության ճանաչումն առաջին հերթին անհրաժեշտ է Թուրքիային։
Կա մեծ տարբերություն
«Այն, ինչ ուզում էին անել նախկին (տերպետրոսյանական) իշխանությունները, հայտնի է։ Այն ժամանակ չկար Ղարաբաղի կարգավիճակի հարց՝ որպես այդպիսին, կար Ղարաբաղը զիջելու հարց հանուն ինչ-որ բաների։ Ես կարծում եմ, այնուամենայնիվ, այսօր կա մեծ տարբերություն։ Մտահոգություն ունենալով հանդերձ՝ տեսնում ենք, որ այսօր Ղարաբաղի ինքնորոշման խնդիրը, կարգավիճակի հարցը դրվում է հստակորեն, այդ մասին խոսվում է։ Եթե այդ դիրքերից նահանջ կլինի, մենք իհարկե, այս մասին կխոսենք»,- թերթի հետ զրույցում՝ մեկնաբանելով առաջին նախագահի ապրիլի 6-ի ելույթի որոշ հատվածներ, ասել է ՀՅԴ խմբակցության նախագահ Արտյուշա Շահբազյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել