
Բաց նամակ Սոս Սարգսյանին
Հարգելի պարոն Սարգսյան,
Թերթերում կարդացի Ձեր նամակը՝ ուղղված Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային, որտեղ Դուք նրան ստախոս եք անվանում՝ իր խոստումը չկատարելու համար: Ճի՞շտ, թե սխա՞լ, պատշա՞ծ, թե ո՞չ՝ դա չէ, որ կարևոր է: Կարևորը հարցի բարձրացումն է:
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ, ի՞նչ բարոյական իրավունքով ենք մենք Ամերիկայի, կամ այս և այն երկրի նախագահից կամ իշխանություններից սպասում և պահանջում, որ նրանք անտեսեն իրենց երկրի և ժողովրդի ազգային շահերը և ճանաչեն Ցեղասպանությունը: Ի՞նչ է, կարծում եք, եթե մենք մեզ զոհի տեղ դրեցինք և մյուսներից անընդհատ խնդրեցինք՝ մեզ իսկապես որպես զոհ ընդունեն, մեր վարկը նրանց և աշխարհի մարդկության մոտ կբարձրանա՞:
Ինչո՞ւ ենք մենք միշտ մյուսներից սպասում մեր հարցերի լուծումը, ինչո՞ւ ենք մենք հնարավորը, կարևորը, հրամայականը, ներկան անտեսում, բարձիթողի անում և կառչում ենք անցյալից՝ միշտ և ամենուր նման հարցը հոլովելով: Այն տպավորությունն է ստեղծվում՝ ասես հայ ժողովրդի բոլոր խնդիրների լուծումը կախված է մարդկության կողմից ցեղասպանությունը ճանաչելուց:
Եկեք խոստովանենք՝ բոլորովին էլ քաջություն չէ, կամ համարձակություն չի պահանջում Երևանում նստել և Բարաք Օբամային ստախոս անվանել, ապա փորձեք համարձակություն ցուցաբերել և մատնանշել այն բոլոր ահավոր, ազգակործան երևույթները, որոնք գոյություն ունեն Հայաստանում, որոնց պատճառները իշխնավորների չարաշահումներն են, երկրում դեմոկրատիայի բացակայությունը և տնտեսության բնագավառում տիրող անարխիան:
Ապա թող Հայաստանի մտավորականությունը (գրողները, արվեստագետները, դասախոսները և այլն) Ձեզ հետ միասին խզի իր հանցավոր, այո հանցավոր լռությունը և բարձրաձայն և լսելի ամբողջ աշխարհում աղաղակի, որ՝ ով հայ իշխանավորներ, այդ «ի՞նչ եք անում հայ ժողովրդի հետ», ու՞ր եք առաջնորդում նրան, եթե ոչ դեպի փակուղի, դեպի անկում:
Պետք չէ մարգարե լինել, կամ էլ իմաստունի խոր գիտելիքներ ունենալ, որպեսզի նկատել, թե Հայաստանում ինչ է կատարվել և այսօր ինչ է կատարվում:
Պետք չէ դռնեդուռ ընկնել, սրան-նրան խնդրել, որ ճանաչեն ցեղասպանությունը, և եթե չճանաչեցին՝ ապա նրանց ստախոս ու վախկոտ անվանել, այլ Հայաստանի իշխանավորների երեսին աղաղակել՝ այդ ո՞վ է պատասխանատու մերօրյա գենոցիդի համար:
Երբևէ Հայաստանի իշխանություններից հարցրե՞լ եք՝
-թե այդ ինչպե՞ս եղավ, որ ընդամենը մի քանի տարում՝ «մեկին՝ հազար բերք ու բարիք, իսկ մեկին՝ դատարկ հաց՝ արնաթաթախ» (միջնադարի պարսիկ բանաստեղծ),
-թե այդ ինչպե՞ս եղավ, որ մի քանի «զոռբաներ» միանգամից տիրացան գյուղատնտեսության համար այնքան կարևոր ոռոգելի ջրերի պաշարներին և այսօր կտրում են գյուղացիների շունչը, նրանց տնավեր են անում, որոնք ոչ մի ելք չտեսնելով, ստիպված թողնում և հեռանում են երկրից: Մոռացե՞լ եք Շիրվանզադեի թևավոր խոսքը, որ՝ «ազգը և լեզուն պահում են գյուղացիները»,
- թե այդ ինչպես է լինում, որ Ամերիկայից և Եվրոպայից ներմուծած հացահատիկը և գյուղատնտեսության այլ արտադրանքներ Հայաստանում ավելի էժան են վաճառվում, քան տեղի գյուղացիների արտադրածը:
Դեռ երկար կարելի է այսպես շարունակել, մեկ-մեկ թվարկել այն բոլոր բացասական երևույթները, որոնք շնչահեղձ են անում Հայաստանի բնակչության՝ մեծամաս աշխատավոր և գյուղացի զանգվածներին, բայց ի՞նչ օգուտ, բոլորը գիտեն այդ մասին, բայց լռում են, չտեսնելու են տալիս, որովհետև դրանք իսկապես որ ահավոր են, գերհզոր, ուրե՞մն, ուրեմն ավելի հարմար է մոռանալ դրանց և խեղդվողի նման կառչել... թե՝ ինչի՞ն, թե՝ ինչի՞ց...
Հարգանքներով ՝
Սամվել Հովասափյան
Բեռլին, ապրիլ 2011
Մեկնաբանություններ (17)
Մեկնաբանել