HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Ինչու՞ է Տեր-Պետրոսյանը տեղապտույտների մեջ ընկել

«Մեր տեղն այս զգայուն իրավիճակում տեսնում ենք խնդիրներն ավելի չբարդացնելու, արտաքին ճնշումների սաստկացմանը չնպաստելու, երկիրը ցնցումներից զերծ պահելու, մի խոսքով` վնասները վերահսկելու կամ նվազագույնի հասցնելու (damage control) դերում, որքան էլ իշխանություններն անհաղորդակից մնան Հայաստանի եւ Ղարաբաղի առջեւ կանգնած մարտահրավերները դիմագրավելու նպատակով ազգային համերաշխության հաստատմանը միտված մեր անկեղծ ձգտմանը»,- ներկայացնելով Ղարաբաղյան հարցում ստեղծված աննախադեպ ճգնաժամային իրավիճակը` ապրիլի 6-ին տեղի ունեցած Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում հայտարարեց Կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նրա ելույթը, հատկապես դրա եզրափակիչ մասը, առավել քան երբեւէ, լուրջ տարակուսանքների տեղիք տվեց: Ընդամենը մեկ ամիս առաջ` մարտի 1-ին կայացած ՀԱԿ-ի հանրահավաքում Տեր-Պետրոսյանը հայտարարում էր. «Քանի որ վարչախումբն այդպես էլ չգիտակցեց առկա մարտահրավերների դիմակայման համար ազնիվ երկխոսության ու ազգային համերաշխության հաստատման անհրաժեշտությունը, ուստի սոցիալական պայթյունից խուսափելու եւ զարգացումները սահմանադրական հուն տեղափոխելու միակ միջոցը մնում են արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները: Կոնգրեսի հրապարակած տնտեսական վերափոխումների ծրագիրը, ըստ այդմ, կարող եք այդ ընտրություններին մասնակցելու եւ հաղթելու հայտ համարել»: Փաստորեն, ՀԱԿ-ը կրկին վերադարձել է դեռ մեկ տարի առաջ հռչակած սկզբունքին. սպասել, մինչեւ «փտած» իշխանություններն իրենք ինքնափլուզման ու ինքնահոշոտման կգնան, որից հետո ՀԱԿ-ի խնդիրը կլինի միայն մեխանիկորեն իրենց ձեռքում հայտնված իշխանությանը տեր կանգնելը: Եթե արմատական ընդդիմության մարտավարությունը սա է, ապա անհասկանալի է դառնում, թե ինչու էր մեկ ամիս առաջ Տեր-Պետրոսյանն արտահերթ ընտրություններ անցկացնելու եւ դրանց մասնակցելու խնդիր ձեւակերպում: ՀԱԿ առաջնորդը Մատենադարանի մոտ հավաքված բազմությանը ապրիլի 6-ին փորձում էր համոզել, որ իշխանությունները ԼՂ հարցում գնում են փաստացի միակողմանի զիջումների, որոնք հարվածում են թե' ԼՂՀ-ի, թե' Հայաստանի պետական ու ազգային շահերին: «Սերժ Սարգսյանն, իմ կարծիքով, ընտրելու է ոչ թե մերժման (մադրիդյան նորացված սկզբունքները-հեղ.), այլ ստորաgրման տարբերակը եւ շուտով, կամա թե ակամա, սկուտեղի վրա Ադրբեջանին է հանձնելու Մինսկի խմբի համանախագահության կողմից գրեթե վերջնագրի ձեւով պահանջված հինգ շրջանները,- կանխատեսում է Տեր-Պետրոսյանը եւ ավելացնում,- ամբողջ խնդիրն այն է, որ հանցավոր վարչախումբը, իր հետ միասին, չխորտակի նաեւ Ղարաբաղն ու Հայաստանը, մի բան, որ եղել ու մնում է Հայ ազգային կոնգրեսի գլխավոր մտահոգությունն ու գործողությունների առանցքը»: Հարց է առաջանում` եթե Կոնգրեսի գլխավոր մտահոգությունն իսկապես Ղարաբաղի եւ Հայաստանի «չխորտակումն» է, որին, ըստ Տեր-Պետրոսյանի, հանգեցնում է գործող իշխանության վարած քաղաքականությունը, ապա ո±րն է ընդհանրապես սպասողական դիրք որդեգրելու իմաստը: Եթե խոսքը վերաբերեր ընթացիկ խնդիրներին, որոնք հասարակական ռեզոնանս առաջացնելով, այնուամենայնիվ, չէին շոշափի պետության անմիջական շահերը, նրա փաստացի լինել-չլինելու հարցը, ինչպես ներկայացնում է Տեր-Պետրոսյանը, ապա ՀԱԿ-ի նման մոտեցումը կարելի էր ավելի լավ ժամանակների սպասելիքով մարտավարական նախընտրություն համարել: Տվյալ դեպքում, սակայն, առանց որեւէ բացատրության իսկ ակնհայտ է, որ եթե իրավիճակն իսկապես կրիտիկական է, ապա կիսաձայն իշխանափոխության կամ արտահերթ խորհրդարանական ընտրություններ պահանջելու եւ այդ ուղղությամբ հասարակական լայն շերտերի տրամադրություններն ուղղորդելուց զերծ մնալը հավասարազոր են անգործության: Հատկապես, եթե նկատի առնենք, որ հետագա զարգացումների ընթացքը բեկելու պոտենցիալ գործնականում ներկայումս ունի բացառապես Հայ ազգային կոնգրեսը: Տեր-Պետրոսյանն ինքն է հստակ ընդգծում ու ցույց տալիս միակ ռացիոնալ ճանապարհը. «Իշխանափոխությունն, ըստ այդմ, Ղարաբաղյան կարգավորման ներկա գործընթացի վրա վճռորոշ ազդեցություն գործելու եւ նրա վտանգավոր հետեւանքները կանխելու միակ միջոցն է: ...Հայ ազգային կոնգրեսը հիմա էլ գտնում է, որ դրությունը թեկուզ մասնակիորեն շտկելու այլ ճանապարհ գոյություն չունի»: Մարտի 1-ի հանրահավաքից հետո թվում էր, թե ՀԱԿ-ը վերջապես սկսել է հասարակական կոնսոլիդացման գործընթաց, որը վերջնարդյունքում հանգեցնելու է արտահերթ ընտրությունների հասարակական պահանջի ձեւակերպմանը եւ իշխանությունների նկատմամբ ներքին ճնշման ուժեղացմանը: Վերջինս, իրական դարձնելով տապալման հեռանկարը, կամ կբացառեր իշխանության կողմից «վերացական խոստումների դիմաց» առարկայական զիջումների գնալը ԼՂ հարցում, կամ կհանգեցներ իշխանափոխության` նախքան Ս. Սարգսյանը կստորագրեր «մադրիդյան նորացված սկզբունքներն» ամրագրող փաստաթուղթը: Մինչդեռ բացի «գազային հայցադիմումի» արշավից, ՀԱԿ-ն ինքնուրույն այդպես էլ շոշափելի որեւէ նախաձեռնություն չցուցաբերեց: Իսկ մարդու իրավունքների ոլորտում նկատվող աշխուժությունը, որտեղ Տեր-Պետրոսյանը «փոքրիկ» հաջողություններ է վերագրում ՀԱԿ-ին, իրականում վերջինիս հետ որեւէ կապ չունի: Տեր-Պետրոսյանն ինքն է նշում, որ դրանք միջազգային հանրության կողմից Հայաստանի իշխանության նկատմամբ կիրառվող ճնշումների դրսեւորումներ են: «Անշուշտ, սա մի կողմից Հայ ազգային կոնգրեսի եւ հանձինս ձեզ` մեր ողջ ժողովրդի համառ ու հետեւողական պայքարի արդյունքն է, իսկ մյուս կողմից` Սերժ Սարգսյանին ուղղված նախազգուշացում` հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերում վերջինիս հնարավոր տատանումներն ու խուսանավումները կանխելու նպատակով: Այս վերջին նպատակին են ծառայում նաեւ Հայաստանում մարդու իրավունքների 2009 թ. վիճակի վերաբերյալ ԱՄՆ-ի պետքարտուղարության` նախորդ տարվա համեմատ բավականին խստացված զեկույցը, ինչպես նաեւ ԵԱՀԿ/ԺՄԻԳ եւ Եվրախորհրդի խոշտանգումների դեմ պայքարի կոմիտեի ուշացած զեկույցների հրապարակումները»,- նշում է առաջին նախագահը: Վերջինիս մարտավարական ուղեգիծը, սակայն, ավելի շատ թույլ է տալիս ենթադրել, որ Ղարաբաղյան հարցում արձանագրվող տեղաշարժերը գլխավորապես համապատասխանում են Տեր-Պետրոսյանի` հակամարտության կարգավորման պատկերացումներին: Եվ նման պահվածքն իրականում պայմանավորված է ոչ թե անխուսափելի կորուստները նվազագույնի հասցնելու կամ իշխանությանը ինքնահոշոտման բաց տարածություն տրամադրելու նպատակադրումներով, այլ իշխանությանը ԼՂ կարգավորման հարցում անկաշկանդ զիջումների գնալու հնարավորություն տալու, դրա համար ներքին անհամաձայնության բոլոր հնարավորությունները չեզոքացնելու խնդրով: Նման պնդում անելու համար կա երկու փաստարկ: Առաջին` հենց Լեւոն Տեր-Պետրոսյանն էր, որ առաջինը ձեւակերպեց եւ ԼՂ կարգավորման հարցում ելակետային դարձրեց այսպես կոչված «անվտանգություն հանուն  կայունության ու ԼՂ կարգավիճակի» բանաձեւը: Նա էր, որ հիմնականը դարձրեց ոչ թե ԼՂ կարգավիճակի որոշման հետամտումը, այլ ցանկացած գնով խաղաղության ու անվտանգության ապահովմանը հասնելը: 1997 թ. նոյեմբերի իր հայտնի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածում Տեր-Պետրոսյանն այդ մասին խոսում է որպես դոգմա. «Պատերազմը պետք է բացառվի, ուստիեւ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի միայնումիայն խաղաղ բանակցությունների միջոցով»: Այս գաղափարաբանությունը կարգավորման հետագա ողջ բանացկային գործընթացում ընկած էր հայկական կողմի դիրքորոշման հիմքում: Հենց դա էլ պատճառ դարձավ, որ 2009-ի դեկտեմբերին, իբրեւ «մադրիդյան նորացված սկզբունքներ», միջնորդները հայկական կողմին «դեմ տվեցին» այն, ինչ վերջինս համարում էր ամենագլխավորը` անվտանգության երաշխիքները, պատերազմի բացառումը, իսկ Ադրբեջանին` այն, ինչ ինքն էր ցանկանում` ԼՂ-ով հանդերձ իր տարածքային ամբողջականության հարգումը: Երկրորդ` Տեր-Պետրոսյանը եւս ժամանակին առաջարկում էր «փուլ առ փուլ» բանակցությունների եւ «փաթեթային» կարգավորման մեխանիզմը: «Գաղափարը շատ պարզ է. բանակցությունների արդյունքում ստորագրվում է կարգավորման փուլային տարբերակը, բայց այն կիրառվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումից հետո: Դրանով Ղարաբաղը միջազգային հանրությանն ապացուցում է իր կառուցողականությունը, ցույց է տալիս, որ ոչ մի մտադրություն չունի պահպանել գրավված տարածքները, իսկ մյուս կողմից` լուրջ առաջխաղացում է արձանագրվում կարգավորման գործընթացում, եւ վերսկսվում են շուրջ մեկ տարի ընդհատված բանակցությունները»,-1997 թ. ասում էր նա: Ներկայում այս գաղափարը բառացիորեն կրկնում են թե' գործող նախագահ Սերժ Սարգսյանը, թե' արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Հենց ապրիլի 6-ին Նալբանդյանը կրկնեց այդ միտքը. «Մենք բազմիցս հայտարարել ենք, եւ ոչ միայն մենք, եռանախագահներն էլ են հասկանում, որ Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մեջ գլխավոր հարցը Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրագործումն է: Եթե այդ գլխավոր հարցը լուծում գտնի, մնացած հարցերը ավելի դյուրին կլինի քննարկել եւ որոշումների ու լուծումների գալ»: Ուշադրություն դարձնենք` խոսելով ԼՂ կարգավիճակի հստակեցումից` ինչպես Տեր-Պետրոսյանը 13 տարի առաջ, այնպես էլ գործող իշխանությունը հիմա չի պարզաբանում, թե խոսքը ինչպիսի՞ ինքնորոշման մասին է եւ արդյո՞ք նկատի ունեն ԼՂ ներկայիս կարգավիճակի միջազգայնորեն ճանաչումը: Ինչպես Տեր-Պետրոսյանն իր պաշտոնավարման վերջին շրջանում, այնպես էլ Սերժ Սարգսյանը հիմա, պատրաստ չի տալու նման երաշխիքներ, որովհետեւ երկուսն էլ նույնանման դրության մեջ են (էին). երկուսն էլ ունեն կամ ունեին լեգիտիմության հսկայական դեֆիցիտ, որ անընդհատ շահարկվում է եւ իբրեւ կոմպրոմատ կիրառվում նրանց նկատմամբ: Այս տեսակետից միանգամայն տրամաբանական են թվում նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի վերջին մեկնաբանությունները արտահերթ ընտրությունների մասին, որոնք կարող են ժամանակ շահելու եւ ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավորություն տալ: Սակայն Օսկանյանը խոսում է իշխանափոխության միայն մեխանիկայի, ֆորմալ բնութագրի մասին` որպես տակտիկա: Մինչդեռ ռեալ փոփոխություններ, նոր ուժեր ու արմատական գաղափարներ բերելու  պահանջը` որպես իշխանափոխության բովանդակություն, մնում է օդից կախված:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter