Ղրղզստանում իշխանափոխություն է եղել
Չորեքշաբթի Ղրղզստանում տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիաները և բախումները, ի վերջո, հանգեցրել են նրան, որ իշխանության գլուխ է անցել ընդդիմությունը: Ղրղզստանի առողջապահության նախարարության տվյալներով` բախումների ժամանակ զոհվել է 65, վիրավորվել` մոտ 500 մարդ:
Դ. Ուսենովի գլխավորությամբ նախկին կառավարությունն արդն հրաժարական է տվել, ձևավորվել է ժամանակավոր կառավարություն` Ռոզա Օտունբաևայի գլխավորությամբ:
Նախագահ Կուրմանբեկ Բակիևը, ով նախօրեին երկրում մեկամսյա ժամկետով արտակարգ իրավիճակ էր հայտարարել, լքել է մայրաքաղաքը, և նրա գտնվելու վայրի մասին հստակ տեղեկություններ չկան: Որոշ տվյալներով, նա Ղրղզստանի հարավում գնվող Օշ քաղաք է մեկնել, որը համարվում է իր համակիրների բնօրրանը:
Ընդդիմության վերահսկողության տակ են պետական հեռուստատեսությունը, խորհրդարանի, կառավարության շենքերը, նախագահի նստավայրը, թալանվել ու հրկիզվել է գլխավոր դատախազության շենքը:
Հիշեցնենք, որ նախօրեին ընդդիմության ներկայացուցիչները ապրիլի 7-ին զանգվածային բողոքի ակցիաներ էին նախաձեռնել` պահանջելով Ղրղզստանի նախագահ Բակիևի հրաժարականը: Ընդդիմությունը նախագահին մեղադրում էր ավտորիտարիզմի և կաշառակերության մեջ:
Կեսօրից սկսվել են զանգվածային անկարգություններ Տալաս, այնուհետև Բիշքեկ, Նարին, Թոխմախ և այլ քաղաքներում: Ինչպես հաղորդում է «BBC»-ի ռուսական ծառայությունը, շուրջ 10 հազար մարդ շարժվել է դեպի կառավարության շենք, որտեղ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ժողովրդի միջև: Մի քանի ժամ անց բողոքի մասնակիցները կարողացել են գրավել կառավարական շենքերը, ինչպե նաև պետական հեռուստատեսությունը, որով ընդդիմադիր գործիչները դիմել են ժողովրդին:
Հիշեցնենք նաև, որ նախագահ Բակիևը ևս 2005թ-ին զանգվածային բողոքի ակցիաներով` «Կակաչյա հեղափոխությամբ» անցավ իշխանության գլուխ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել