HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Տասը տարի վթարային շենքում

Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջն արդեն տասը տարի է վթարային պայմաններում է:  Տասը տարվա ընթացքում քոլեջի հիմնանորոգման խնդիրը պաշտոնապես չի ներկայացվել գերատեսչական մարմնին: Ներկայիս տնօրեն Ա.Ասլանյանն, ով մեկ տարի է, ինչ պաշտոնավարում է քոլեջում, հավաստում է, որ բանավոր կերպով խնդրի մասին բազմիցս տեղեկացրել է Կրթության նախարարությանը, անձամբ զրուցել փոխնախարարի հետ: Չնայած նա դեռևս հայտ չի ներկայացրել, բայց խոստանում է 10-ամյա վաղեմության խնդիրը դարձնել պատկան մարմինների ուշադրության առարկան: Իսկ մինչ այդ դիմում է բարերաներին: Vivacell-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանը պատասխան նամակում ցավով մերժել է նրա խնդրանքը: «Հաշվի առնելով ծախսերի օպտիմիզացմանն ուղղված կանխարգելման միջոցառումները` կապված տնտեսական ճգնաժամի, ինչպես նաև բյուջեի սահմանափակ լինելու հետ` ընկերությունը չի կարող աջակցություն ցուցաբերել Ձեզ».-գրված է նամակում: Մի համերգի ավարտին տնօրենն անձամբ դիմել է հանրապետության առաջին տիկնոջը, ստացել նրա հուսադրող պատասխանը: Բայց նրա զանգերին այժմ անորոշ պատասխան է տրվում` երբ ազատ լինի, տեղյակ կպահենք: Խնդրի առաջին շահագրգիռ կողմն ուսումնական հաստատությունն է, որի` Կրթության նախարարություն ներկայացրած հայտն այնուհետև պետք է ուղարկվի Քաղաքաշինության նախարարություն, ընդգրկվի Քաղշինի պատվիրակված ծրագրերի մեջ, քննարկվի Ֆինանսների նախարարությունում: Նախագիծ-նախահաշվարկով պետք է որոշվի վերանորոգման համար անհրաժեշտ գումարի չափը, հաստատվի պետբյուջեով. սա ընդունված պետական կարգ է: Բնականաբար այս գործընթացը չի կարող սկսվել, քանի դեռ շահագրգիռ կողմը հայտ չի ներկայացրել: Բայց մյուս կողմից էլ նախարարությունն ինքը պետք է գնահատի իր կարիքները. այս մասին հաստատում են նաև նախարարության աշխատակիցները: Իսկ նախարար Արմեն Աշոտյանն անձամբ ծանոթացել է քոլեջի պայմաններին, երբ փետրվարին  մասնակցել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի 40-ամյակին նվիրված միջոցառմանը: Արվեստի այս օջախը միակն է մարզում և Վանաձորից բացի` սպասարկում է նաև մարզի շրջաններին: Ուսանողների 70%-ը մարզի տարբեր շրջաններից են` Ալավերդի, Սպիտակ, Տաշիր: Այստեղ ուսանելու են գալիս նաև Նոյեմբերյանից: 2006-ից քոլեջում գործում է նաև գեղանկարչական բաժին, 2009-ից` պարարվեստի բաժինը: Նախատեսվում է բացել ևս երկու նոր բաժին` զարդակիրառական արվեստ ու ժողովրդական արհեստներ և գրադարանային գործ: Շենքի աջ թևը մինչև 2010 թ.-նն անհատույց հատկացված է Կինոյի և թատրոնի ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղին: «Այդ տարածքը պե՞տք է մեզ, մեր բաժինները շատացել են, պարավեստի դասերը Շառլ Ազնավուրի մշակույթի տանն ենք անցկացնում»,-ասում է տնօրենը: 40 տարվա այս շենքը ոչ մի անգամ կապիտալ չի վերանորոգվել: Երկրաշարժից հետո արդեն 20 տարի է` չի ջեռուցվում: Ուսումնարանի շենքի արևելյան մասում կոյուղագիծը վնասված է, և որովհետև շենքը նկուղ չունի, կոյուղաջրերն անմիջապես լցվում են հիմքի տակ, խախտում ամրությունը: Ջրմուղից պատասխանել են, որ իրենք պատասխանատու չեն հաստատության ներսում ծագած խնդիրների համար: Ջեռուցման բացակայության պատճառով մինչև այս տարի դասերն սկսվում էին մարտի մեկից և ավարտում հուլիսի վերջերին: Քանի որ 2010-ի ձմեռը Լոռիում համեմատաբար մեղմ էր, քոլեջի տնօրինությունը նախարարությունից թույլտվություն է ստացել ուսումնական կիսամյակն սկսել հունվարի 26-ից: Քոլեջի մեծ դասասենյակները տաքացվում են փոքրիկ էլեկտրական ջեռուցիչներով, որոնց հզորությունը չի ապահովում նորմալ ջերմաստիճան. այն 10-11 աստիճանից չի բարձրանում: Ցրտից փչանում են երաժշտական գործիքները: Այսօրինակ պայմաններն ապշեցնում են նաև դրսից եկող հյուրերին: 2009-ի աշնանը, երբ դաշնակահար Ա. Բաբախանյանի ղեկավարած տրիոն մասնակցում էր ուսումնարանի դահլիճում անցկացվող համերգին, տրիոյի ջութակահարն իր զարմացական կարծիքն էր հայտնել, թե ինչպես կարելի է նվագել նման ջերմաստիճանում, երբ նույնիսկ գործիք բանեցնել չի թուլատրվում, ուր մնաց թե ամբողջ ամիսներով պարապմունք անցկացնել: Վերանորոգման և պայմանների բարելավման համար արտաբյուջեից հատկացում անելու մասին խոսք լինել չի կարող. ուսումնարանը 101 ուսանող ունի, որից 70-ը` անվճար, 31-ը` վճարովի համակարգում: Ուստի` արտաբյուջեն գոյանում է 30 ուսանողի` տարեկան 120-200 հազար դրամ վարձավճարից և ծախսվում է դասախոսների աշխատավարձի ու նրանց կենսաթոշակների համար: Դասախոսի դրույքաչափը սահմանված է նվազագույն աշխատավարձի չափով` 30 հազար դրամ: Հավաքարարն ու դասախոսը հավասար չափով են վարձատրվում, երբեմն նույնիսկ` առաջինը դասախոսից շատ. կան նաև կես դրույքով կամ ժամավճարով վարձատրվող դասախոսներ: «Սա էլ է խանգարում ուսանողներ ձեռք բերել: Այս ոլորտի աշխատողներն ինչ են ստանում, որ մենք էլ դիմենք այս հաստատություն` մտածում են դիմորդները,- ասում է փոխտնօրեն Ն. Զախարյանը,-բայց կան երեխաներ, որոնք նվիրված են արվեստին, գալիս են, սովորում»: Ապա ավելացնում է. «Ուսումնական գործընթացը չի խաթարվում, բայց չի էլ կարելի ուսուցումը նորմալ համարել»: Նրա խոսքը հաստատում են նաև մյուս դասավանդողները: «Վատ պայմաններում ենք աշխատում, երկրաշարժից հետո չի ջեռուցվել, ջեռուցման հնարավորություն երբեք չի եղել: Փոքր էլեկտրոպլիտաներով ենք տաքացնում դասասենյակները: Չնայած ցուրտ է, բայց մարտի կեսերից ես իմ դասասենյակում պլիտա չեմ վառել. ուղղակի խնայում եմ ուսումնարանի էներգիան: Դիմանում ենք այս պայմաններին, որովհետև սիրում ենք մեր աշխատանքը: Նվիրյալներն ենք մեր գործի: Աշխատում ենք, որ դասերը մինչև վերջ կայանան, բայց, ինչ խոսք, շատ դժվար է: Երեխաները հաճախ հիվանդանում են: Իրենցից պահանջել ենք փոքրիկ բարձիկներ բերեն աթոռների վրա դնելու համար»,-ասում է երաժշտության տեսության ամբիոնի վարիչ Մարիետա Ղուկասյանը, ով 1969 թվականից աշխատում է այստեղ: «Անտանելի վիճակ ա, երեխաները վերարկուով են դասին նստում: Ստեղնաշարն ահավոր սառն է, մեր մատներն էլ են ցրտահարվում, երեխաներինն էլ: Ցրտահարված մատներով նվագում են: Երգելիս էլ երեխան բերանը բացում ա` երգի, սառը օդը բերանն ա խուժում: Աշխատանքն էլ անորակ ա ստացվում: Առաջին օրից իսկ գալիս են ու հիվանդանում: Երեխան հենց սկսում ա երգել, կոկորդը մրսում ա, սկսում  ա ցավել: Չգիտենք` ոնց աշխատենք: Հիվանդ կոկորդով չի կարելի երգել: Ցածր ջերմաստիճանում լարային գործիքները փաթաթում են շորի մեջ, որ չփչանան, նույնն էլ ձայնալարերն են: Ցրտին ձայնալարերի առաձգականությունը թույլ է: Նոյեմբերից սկսում ենք պլիտաները միացնել: Պլիտան էլ օդը չորացնում ա, չորացած կոկորդով դժվար է երգել: Էլեկտրականությունն էլ քցում ա, եթե բոլորս միասին միացնում ենք: Խեղճ էլեկտրիկը հարկից հարկ ա վազվզում, որ սարքի: Եթե դասարաններում ցուրտը մի կերպ կոտրվում է, ապա միջանցաներում նույն դրսի սառնամանիքն է»: «Եվ վերջապես երեխաների առողջությունն է վնասվում: Ուսանողների մեծ մասն աջիկներ են, որոնք պիտի մայր դառնան: Նրանց առողջությունը կար¢որ է ապագայի առողջ սերնդի համար: Երրորդ կուրսի ուսանողուհիներիցս մեկը նոր է ամուսնացել, արդեն խնդիրներ ունի»,-ասում է երգի բաժնի դասախոս Ռոզա Մկրտչյանը: Գեղանկարչական բաժնի երկրորդ կուրսի ուսանողուհիներն էլ իրենց հերթին են դժգոհում քոլեջի պայմաններից. «Էդ հիմա ա կոտրվում ցուրտը, ձմռանը սառնամանիք էր: Նկարիչներ ենք, որ ձեռքերներս սառն ա լինում, չենք կարում նկարենք: Մոտենում ենք պլիտային, տաքանում, հենց հեռանում ենք, էլի սկսում ենք մրսել. ուռած մատներով դժվար ա նկարել. ոչ էնա լինում` հավաքվենք պլիտայի մոտ, ոչ էն ա լինում` հեռանանք: Պլիտի ջերմությունից գուդրոնը պարկետի տակից դուրս  ա գալիս, ու ահավոր հոտ ա տարածվում: Ներկերը ցրտից չորանում են, հետներս տանում ենք տուն, բերում: Պատուհանները սկոչով են ծածկված կամ ապակիների փոխարեն ցելոֆաններ են քաշած: Առաջին հարկի տղաների զուգարանից ահավոր հոտ ա գալիս: Ձմեռը ջրերը սառչում են, ջուր ա պետք լինում նկարելու համար, գնում դույլերով հեռվից ենք բերում: Հոսանքն անընդհատ փչանում ա, լույս չի լինում, մռայլ օրերին էլ չենք կարողանում նկարել: Կոշիկի կրունկը պարկետի մեջ ա մտնում: Դասասենյակներն էլ նկարիչների լսարանի տեսք չունեն»: Շենքային պայմաններից բացի` ուսանողները նաև ուսումնական պարագաների պակասություն ունեն. «Մոլբերտները չեն բավականացնում, մուլյաժներ չկան, տումբա չկա»,-ասում են ուսանողները: Սպիտակի քաղաքապետը իր համաքաղաքացի գեղանկարչական բաժնի տասը ուսանողների ապահովել է մոլբերտներով (կտավակալ), բայց դրանք, ինչպես վկայում են ուսանողները, «նորմալ չեն սարքված». չեն համապատասխանում մասնագիտական պահանջներին: Ուսանողներն իրենց միջոցներով են ձեռք բերել 5-32 հազար դրամ արժողությամբ կտավակալներն ու էտյուդնիկները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter