Ա. Տ.-Թադևոսյան. «Մեր բանակի մարտունակությունը ապահովում է ՀՀ անվտանգությունը»
Բելառուսից Ադրբեջանի գնած տանկերը վերականգնվում են Թբիլիսիի տանկային գործարանում
Ադրբեջանի և Թուրքիայի կողմից կարող են լինել սադրիչ գործողություններ Հայաստանի` միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ, սակայն լայնամասշտաբ հարձակողական գործողությունները բացառված են, քանի որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է: Իսկ ազատագրված Արցախում մարտական գործողությունների վերսկսման հավանականությունը չենք կարող բացառել, քանի որ Ադրբեջանում մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա, զինամթերք է կուտակվում, Ադրբեջանը ռազմատենչ հայտարարություններ են անում: Այս մասին այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց Պաշտպանական մարզատեխնիկական ընկերության նախագահ, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս):
«Ես` որպես զինվորական, տեսնում եմ, որ տարածքային հարցերը խաղաղ ճանապարհով գրեթե չեն լուծվում: Մենք տեսանք, թե ինչպես ծնվեցին Կոսովոն, Աբխազիան և Հարավային Օսեթիան: Հարավային Օսեթիայի ողբերգությունը Աբխազիային հնարավորություն տվեց խուսափել դրանից: Իսկ Կոսովոն ստեղծվեց ամբողջ հարավսլավական պետության փլուզման, նոր մերձբալկանյան պետությունների ձևավորման վրա: Այսինքն` պետք է ռեալիստ լինենք. պատերազմի հավանականությունը շատ մեծ ու զգալի է»,- ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը:
Նրա համոզմամբ` միջազգային իրավունքի երկու սկզբունքները` ազգերի ինքնորոշումը և տարածքային ամբողջականությունը, անհամատեղելի են, և այս տեսանկյունից իրավիճակը փակուղային է:
Կոմանդոսի խոսքերով` այժմ, երբ հրադադարի կնքումից 16 տարի է անցել, նոր պատերազմի վերսկսման դեպքում ռազմական գործողությունները նախկին մեթոդներով ու միջոցներով չեն վարվելու: Արդեն խոսում են 4-րդ, 5-րդ և 6-րդ սերնդի պատերազմներից: Եթե Ադրբեջանը հարձակվի, ապա Կոմանդոսի խոսքերով, մենք պետք են հակազդենք` հաշվի առնելով նրանց ունեցած 2-3 թույլ տեղերը: Առաջինը խողովակաշարն է, որը, եթե հայկական կողմը վերցնի, Ադրբեջանին կխեղդեն իր նավթային տերերը: Երկրորդը կենսական նշանակություն ունեցող կոմունիկացիաներն են:
«Բնականաբար, մենք ձգտելու ենք Ադրբեջանում խոցել ենթակայանները, էլեկտրակայանները, հիդրոկայանները, իհարկե կամուրջները: Որպեսզի հասնենք այդ նպատակին, պետք է համապատասխան ռազմական տեխնիկա ունենալ: Եթե ուզում ենք, ուրեմն պետք է ունենանք: Մենք դա ունենք և այդ պատճառով հակառակորդի այդ թիրախների խոցման հավանականությունը առաջին հերթին սթափեցնում է նրան»,- ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը:
Նա նշեց, որ Ադրբեջանը 40 մլն դոլարով տանկեր է գնել Բելառուսից: Գեներալ-մայորի խոսքերով` այդ տանկերը Բելառուսում մնում էին` որպես ջարդոն, և հիմա դրանց մի մասը վերականգնվում է Թբիլիսիի տանկային գործարանում: Քանի որ գործարանը շատ հզոր չէ, տարեկան այնտեղ վերականգնվում է Ադրբեջանի գնած 3-4 տանկ:
«Ռազմական բիզնեսը մոդայիկ բիզնես է, այն նույնպես բիզնես է: Այսինքն` տանկերի քանակը բերեցին, 40 մլն-ը «կերան» և հիմա վախեցնում են: Մենք պետք է իրապես իմանանք, թե որքա՞ն է այդ տեխնիկան, ո՞ւմ ձեռքին է այն, և որքանո՞վ են նրանք տիրապետում այդ տեխնիկային: Այն կուրսանտներին, որոնց ադրբեջանական բանակը ուղարկում է այլ երկրներ` սովորելու սպա դառնալու համար, ընդգծված բացասական գնահատական է տրվում»,- ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը:
Նա նշեց, որ հայկական բանակի մարտունակությունը բարձր են գնահատում Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրամիության մասնագետները:
«Մեր բանակի մարտունակությունը, ռազմական մասնագետների գնահատականներով, համապատասխանում է այն մակարդակին, որ ապահովի Հայաստանի Հանրապետության անվտանգությունը»,- ասաց նա:
Հայաստանը վերցրել է խորհրդային դպրոցը և դրա հիման վրա կառուցել իր զինված ուժերը: Սա, ըստ Կոմանդոսի, աշխատող համակարգ է և ունակ է լուծելու իր առջև դրված խնդիրները: Իսկ Ադրբեջանը, նրա խոսքերով, մի քանի անգամ փոխել է իր բանակի ուղղվածությունը: Մութալիբովն իր թիմով հիմնվում էր խորհրդային համակարգի վրա, հետո Ադրբեջանն անցավ թուրքական համակարգի:
«Նրանք սկսեցին վերազինվել, վերասարքավորվել: Նրանց մոտ հատկապես գեղեցիկ ստացվեց համազգեստը, ինչպես և մեր հարևան վրացիների մոտ: Դուք տեսել եք, թե ինչ գեղեցիկ ու լավն են շքերթներն ու համազգեստները Բաքվում ու Թբիլիսիում: Նրանց տեխնիկան էլ ավելի շատ է, քան մերը»,- ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը և հավելեց. «Ադրբեջանական բանակի մարտունակությունը համեմատելով հայկական զինված ուժերի հետ` ես չեմ թերագնահատելու թշնամու դերը: Բայց խոսելով մեր բանակի մարտունակության մասին` մենք գիտենք, որ բանակի ներսում կան հակասություններ, կոնֆլիկտներ: Մեր բանակի բացասական կողմերի մասին ավելի շատ է գրվում, խոսվում»:
Արկադի Տեր-Թադևոսյանը նշեց, որ հայկական բանակը, ինչպես և Հայաստանի բնակչությունը, միաէթնիկ է. մեր բանակում շատ քիչ են ուկրաինացիները, եզդիները, մոլոկանները և մյուս այլազգի ծառայողները: Մինչդեռ ադրբեջանական բանակում տասնյակ տարբեր ազգությունների ներկայացուցիչներ են ծառայում` թալիշներ, լեզգիներ և այլն, որոնք ճնշման են ենթարկվում:
«Մեր առջև կանգնած էր բազմամարդ ադրբեջանական բանակը, բայց նրանք չէին ցանկանում կռվել ուրիշների համար: Նրանց բռնությամբ էին ուղարկում կռվելու կամ ծառայելու: Հիմա նրանք փողով են ծառայում և հաճույքով էլ ծառայում են: Իսկ վաղը նրանք չեն ցանկանա մեռնել այն կլանի համար, որն այժմ ղեկավարում է Ադրբեջանը»,- ասաց Կոմանդոսը:
Նա նշեց, որ ադրբեջանական զորամասերում Հեյդար և Իլհամ Ալիևների պաշտամունք կա, թեև ստալինիզմի ու լենինիզմի ժամանակներն անցել են:
Արկադի Տեր-Թադևոսյանի խոսքերով` ցանկացած պատերազմում ամենակարևոր դերը խաղում է մարդկային գործոնը: Նա նշեց, որ հայերն ուզում էին անկախություն ունենալ և բարդիացիական հարաբերություններ հաստատել հարևանների հետ, սակայն թշնամին որոշեց հարձակվել մեզ վրա բոլոր կողմերից` Նոյեմբերյանի, Գորիսի, Կապանի կողմից: Ադրբեջանն ուներ ավելի շատ տեխնիկա ու զինվոր:
«Նրանք որոշեցին ոչնչացնել մեր ազգը, իսկ մենք որոշեցինք պաշտպանվել: Մենք ծանր պայմաններում էինք, մենք կարողացանք պաշտպանվել և հաղթահարել պանիկական տրամադրությունները, վախի զգացումը և աստիճանաբար սովորեցինք խփել թշնամուն: Հարցրեք` որևէ մեկը հիմա իր երեխային ասո՞ւմ է. «Խելոք մնա, թե չէ թուրքերը կգան, քեզ կմորթեն»: Իսկ ես մեծացել եմ մի ընտանքում, որտեղ ինձ անընդհատ թուրքերով էին վախեցնում: Մենք արդեն հաղթահարել ենք այդ վախի զգացումը: Մենք կարող ենք նահանջել, տարածքի մի մաս զիջել, բայց հետո մենք ինքներս կվերականգնվենք: Թուրքերի մոտ այդպիսի տարր առկա չէ: Եթե նրանց մի անգամ խփել են, վառել են նրանց գյուղը, նրանք այլևս երբեք այնտեղ չեն վերադառնա: Մարդկային գործոնը` իր հոգեբանությամբ, բարոյական ոգով, մարտական փորձով պատերազմի ժամանակ վճռորոշ դեր է խաղալու: Պատերազմը մարդկային դեմք չունի, բայց միևնույն է` մենք այդ պատերազմում կհաղթենք»,- ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը:
Մի քանի օրից Մարաղայի կոտորածի տարելիցն է: Լրագրողներից մեկը հարցրեց, թե արդյոք Կոմանդոսը Արցախյան պատերազմի ժամանակ ադրբեջանցիների կողմից հայերի նմանատիպ այլ կոտորածներ տեսե՞լ է: Արկադի Տեր-Թադևոսյանը պատասխանեց, որ նմանատիպ տասնյակ դեպքեր է տեսել, որոնց մասին գրել է Մելիք-Շահնազարյանը:
«Վայրենությունները, որոնք մենք տեսել ենք Ղարաբաղում, և որոնք հատուկ են այդ հորդային, ցույց են տալիս և Ադրբեջանի, և Թուրքիայի դեմքը: Մենք քրիստոնյաներ ենք, մեր հավատքը այլ է: Ես չեն վիրավորում մահմեդական կրոնը, ես այն հարգում եմ ինչպես ցանկացած հավատք, բայց նրանք չափազանց դաժան էին»,- ասաց նա:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի վերջին հայտարարություններին, թե հայկական կողմի փոխզիջում կարող է համարվել ազատագրված տարածքների մի մասի վերադարձը Ադրբեջանին` Արկադի Տեր-Թադևոսյանը նշեց, որ քաղաքական գործիչներին տրված է նման գնահատականներ տալու իրավունք, սակայն դրանով չի որոշվում, թե ինչ պետք է լինի, և ինչ կարող է լինել: Դա որոշելու իրավունքը պետք է պատկանի ժողովրդին:
«Այդ տարածքում արյուն է թափվել, մենք այնքա҄ն մարդ կորցրինք: Նույնիսկ չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է այդ տարածքները տալ` չունենալով անվտանգության երաշխիքներ: Ես շատ կտրուկ եմ վերաբերվում դրան: Սերժ Սարգսյանի հայտարարությունները քաղաքական են: Աբսուրդ է, երբ ասում են. «Մենք կարող ենք ձեզ ինքնավարություն տալ, կարող ենք տալ Լաչինի միջանցքը, բայց դուք ազատեք Լաչինի միջանցքի մեր 18 տարածքերը, որպեսզի մենք ձեզ նեղ ճանապարհ տանք, որով կարող եք գնալ-գալ»: Աբսուրդ է: Ես տարածքային զիջումներին դեմ»,- ասաց նա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել