HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մորը և երեխաներին տնից չեն վտարի

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2010թ.-ի մարտի 18-ի որոշմամբ հանգուցալուծվեց Լոռու մարզի Օձուն համայնքի բնակիչներ, արդեն նախկին ամուսիններ Մարինե և Սանասար Ղևոնդյանների Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում շուրջ երկու տարի քննարկվող ընտանեկան դրաման:

Հիշեցնենք, որ այդ տարիների ընթացքում Մարինե Ղևոնդյանը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Բաղդասրյանի վճռով զրկվել է իր 2 անչափահաս տղաներից, ապա վերջիններիս ամուսնու կողմից Հունաստան փախցնելուց հետո` իր երեխաներին տեսնելու հնարավորությունից: Ավելին, Հունաստանում բնակվող Սանասար Ղևոնդյանը իր փաստաբան Ռուբեն Նիազյանի միջոցով 2009թ.-ի մայիսի 26-ի հայց է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, այս անգամ էլ պահանջելով` առանց փոխհատուցման դադարեցնել կնոջ և անչափահաս 2 երեխաների կողմից Օձուն գյուղի 18/1 փակուղու թիվ 8 հասցեում գտնվող իրեն և հանգուցյալ ծնողներին` Սամսոն Շախկուլյանին և Սանամ Ղևոնդյանին պատկանող սեփական բնակարանի օգտագործման իրավունքը և նրանց վտարել բնակարանից: Մարինե Ղևոնդյանն էլ հակընդեմ հայցով պահանջել էր Լոռու մարզի Օձուն գյուղի 18/1 փակուղու թիվ 8 հասցեում գտնվող բնակելի տան, տնամերձ հողամասի և կից շինությունների նկատմամաբ իրեն ճանաչել ½ մասով համասեփականատեր:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ, բավարարել է Սանասար Ղևոնդյանի հայցը, իսկ Մարինե Ղևոնդյանի հակընդեմ հայցը մերժել է: Մարինե Ղևոնդյանը նշված վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել, որն էլ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը քննել է 2010թ.-ի մարտի 18-ին: Վերաքննիչի կողմից Մարինե Ղևոնդյանի հայցը մերժելու դեպքում, նա 2 անչափահաս երեխաների հետ պետք է հայտնվեր փողոցում: Սակայն նրա վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի:

Վերաքննիչ դատարանը որոշել է մասնակի բեկանել և փոփոխել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը` Սանասար Ղևոնդյանի հայցը բավարարելու մասով և մերժել է Սանասար Ղևոնդյանի հայցը ընդդեմ Մարինե Ղևոնդյանի բնակարանի նկատմամբ օգտագործման իրավունքն առանց փոխհատուցման դադարեցնելու և բնակարանից վտարելու պահանջները: Ինչպես մեզ հետ զրույցում պարզաբանեց Մարինե Ղևոնդյանի շահերի պաշտպան, փաստաբան Ալեքսանդր Ծատինյանը, վերաքննիչի որոշումից հետո Սանասար Ղևոնդյանի հանգուցյալ ծնողների կողմից ժառանգություն մնացած Օձուն գյուղի վիճելի բնակարանը, որը, ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Ալավերդու տարածքային ստորաբաժանման կողմից 14.03.2009թ.-ի տրված թիվ ՆԳ-0547 գրության համաձայն  դեռևս Սանասար Ղևոնդյանի անունով գրանցված չէ, գրանցելուց հետո Մարինե Ղևոնդյանը կդառնա վիճելի բնակարանի 1/2 մասով համասեփականատեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter