Բենզինը թանկացավ տեղ-տեղ
Երեկ առավոտյան մի շարք բենզալցակայաններում բենզինի գինը միանգամից 20 դրամով թանկացել է: Սակայն բենզալցակայանների մի մասը երեկ չի բարձրացրել բենզինի գինը, ինչը ստիպել է բոլոր այն լցակայանների տերերին, որոնք բարձրացրել էին, գները վերադարձնել նույն մակարդակին:

Թերթի տեղեկություններով` այդ օրը բենզինի գինը չբարձրացնելու որոշումը կայացվել է առավոտյան: Բենզինի խոշոր ներկրողներին, որոնց էլ պատկանում է բենզալցակայանների մեջ մասը, իշխանության ներկայացուցիչները կարողացել են համոզել «էս խառը պահին» մի քանի օրով հետաձգել գնի բարձրացումը` «մինչև տեսնեն` ինչ կլինի»:
Ժողովրդավարությունը մեզանում «պետպատվերով» է
«Առավոտի» խնդրանքով անդրադառնալով այն փաստին, որ միջազգային իրավապաշտպանների աչքի առաջ մեր իշխանությունը խիստ քաղաքակիրթ պահվածք դրսևորեց հանրահավաքի ընթացքում, բայց հաջորդ օրն իսկ էլի բռնություն արձանագրվեց ընդդիմադիր ակտիվիստի հանդեպ` ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանն ասաց. «Մեր քաղաքականության մեջ ցուցադրականությունը պարզապես շատ ակներև է: Եվ ժողովրդավարության այդ շքերթները պատվիրված օազիսներ են, որոնք խորքի մեջ որևէ առնչություն չունեն իրականության հետ:
Ժողովրդավարությունը երբեք մեր երկրում չի եղել խորքային արժեք: Երբ վերևից «պետպատվերը» կա` կարող են լինել ժողովրդավար և հանդուրժող, իսկ եթե ոչ` իրենց մեջ արթնանում է բռնատերը, և երբեք չեն երկնչի մահակ բարձրացնել կնոջ, տարեցի և խաղաղ ցուցարարի վրա: Սա նորություն չէ մեր իրականության համար»:
Թևերը ոլորեք և մեկուսացրեք
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե պետք է վերահսկողության տակ վերցնել պատգամավորներին ու նախարարներին ու թույլ չտալ, որ նրանք զբաղվեն բիզնեսով:
«ՉԻ» - Շատ իմաստուն միտք է, հատկապես` վերահսկողության տակ վերցնելու մասով: Ափսոս միայն, որ Տիգրան Սարգսյանը չի բացատրում, թե ինչպե՞ս է արգելելու, ասենք, Սամվել Ալեքսանյանին` զբաղվել բիզնեսով: Ուրիշ բան որ չլինի, կասի «ես անձամբ չեմ զբաղվում, ես ընդամենը սեփականատերն եմ» և կշարունակի զբաղվել:
Ճիշտ նույն կերպ էլ կվարվեն մյուսները: Հիմա ինչ, Տիգրան Սարգսյանը պիտի նրանց թևերը ոլորի, պիտի նրանց փակի տակ պահի ու զրկի կապի միջոցների՞ց: Այս ամենն ասում ենք` ընդամենը ցույց տալու համար, որ Տիգրան Սարգսյանն իրականում հենց այնպես խոսում է` ինքն էլ շատ լավ հասկանալով, որ ոչինչ անել չի կարողանալու:
Մինչդեռ դրա փոխարեն կարող էր փորձել հասկանալ, թե ի՞նչն է մուլտիմիլիոնատերերին ստիպում պատգամավոր դառնալ կամ գլուխ ջարդել` չնչին աշխատավարձով նախարար աշխատելու համար: Հենց որ այս կարգավիճակները դադարեն նյութական բարիքներ բերել, ոչ մի գործարար այլևս պատգամավոր և նախարար չի դառնա: Բայց Տիգրան Սարգսյանին երևի ձեռնտու է ձևացնել, թե այդքանը չի հասկանում:
Երթ Իջևանում
Երեկ Իջևանի երիտասարդները կազմակերպել էին հանրային իրազեկման խաղաղ երթ` «Ընդդեմ կոռուպցիայի» կարգախոսով:
Նրանք հակակոռուպցիոն բնույթի պաստառներով փողոց էին դուրս եկել` կոչ անելով մարդկանց մասնակցել կոռուպցիայի դեմ պայքարին: Ցավոք, երթի ընթացքում այդպես էլ չհնչեցին այն կառույցների և պաշտոնյաների անունները, որոնք ամենակոռումպացվածն են Իջևանում, և որոնց դեմ երիտասարդները երթի էին դուրս եկել:
Գերմանիայում սկսվեց «Աղետի» ցուցադրումը
«Ազգը» տեղեկացրել էր, որ Գերմանիայի ARD հեռուստաընկերությունը ուրբաթ օրը կցուցադրի Հայոց ցեղասպանության վերաբերյալ «Աղետ-Ցեղասպանություն» 90 րոպեանոց վավերագրական ֆիլմը:
Ապրիլի 7-ին Բեռլինի «Բաբելոն» կինոթատրոնում ֆիլմն արդեն ցուցադրվել է: Դիտմանը ներկա են եղել Գերմանիայի քաղաքական գործիչներ, դիվանագիտական կորպուսի և գերմանահայ համայնքի ներկայացուցիչներ: Ֆիլմի դիտումից հետո ելույթ են ունեցել Գերմանիայում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը և ֆիլմի ռեժիսոր Էրիկ Ֆրիդլերը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել