Տիգրան Մարտիրոսյանը Եվրոպայի չեմպիոն է
Նա շարունակեց Սմբատ Մարգարյանի սկսած հաջող ելույթները
Նախօրեին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Տիգրան Գևորգի Մարտիրոսյանը չեմպիոն է հռչակվել: Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր, աշխարհի փոխչեմպիոն, 77 կգ քաշային, 21-ամյա Տիգրանը ցուցադրել է երկամարտի 360 կգ (165+195) արդյունք և զբաղեցրել առաջին տեղը:
Հրում վարժությունում Տիգրանն անգամ փորձեց բարձրացնել 205 կգ-անոց ծանրաձողը` աշխարհի նոր ռեկորդ սահմանելու համար, սակայն դա նրան չհաջողվեց, և Հայաստանը ներկայացնող մարզիկը բավարարվեց միայն Եվրոպայի չեմպիոնի կոչումով:
Հիշեցնենք, որ Ծանրամարտի Եվրոպայի առաջնության հենց առաջին օրը հրաշալի ելույթ ունեցավ Հայաստանը ներկայացնող, մինչև 56 կգ քաշային կարգում հանդես եկող Սմբատ Մարգարյանը: Թեև 17-ամյա Սմբատը հանդես էր եկել B խմբում, սակայն երկամարտի իր գրանցած 245 (109+146) արդյունքով անհասանելի էր դարձել մրցակիցների համար և նվաճել Եվրոպայի փոխչեմպիոնի կոչում: Այս քաշային կարգում չեմպիոն հռչակվեց Բելառուսը ներկայացնող Վիտալի Դերբենևը` բարձրացնելով 1 կգ-ով ավելի ծանր ծանրաձող: Ըստ մարզական մեկնաբանների` Դերբենևը չէր կարողացել ֆիքսել ծանրաձողը, և նրան չեմպիոնի կոչում շնորհելը մրցավարների կանխակալության արդյունք էր:
Այսօր պայքարի մեջ կմտնեն նախ` Մելինե Դալուզյանը, ապա` Արա Խաչատրյանն ու Գևորգ Պողոսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել