HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Երեխաները չեն բավականացնում որդեգրել ցանկացողներին

Լոռու մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության վարչության պետ Նարեկ Սարգսյանի տեղեկացմամբ` կտրուկ աճել է որդեգրել ցանկացող քաղաքացիների թիվը: Որդեգրել ցանկացողները շատ են, երեխաները` քիչ: Իրավասուների տվյալներով` 1998-2004թթ. դժվար էր գտնել որդեգիրների, նույնիսկ հայտարարություն էր տրվում նրանց հայտնաբերելու համար, իսկ 2005-ից հակառակ երևույթն է. որդեգրել ցանկացողները շատ են, այնինչ երեխաների պակաս կա: «Ինչ-որ տեղ ուրախալի է, բայց մյուս կողմից էլ կան որդեգրել ցանկացող մարդիկ, որոնք առանց երեխայի են մնում»,- ասում է վարչության պետը: 2006թ. Լոռու մարզում հաշվառվել է որդեգրել ցանկացող 3 քաղաքացի, 2007-ին` 13, 2008-ին` 17: 2009-ին հաշվառվել է 9 քաղաքացի և մերժվել մեկը` 2005 թ. մայիսի 5-ի N 517 Ն որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում տեղ գտած հիվանդություններից մեկով տառապելու պատճառով: 2006-ի  համեմատ 2007-ի անտրամաբանական պրոգրեսիան պայմանավորված է նրանով, որ 2006-ին բաժինը նոր էր բացվել, դեռ կազմավորված չէր, բնակչությունն էլ անտեղյակ էր որդեգրությանն ու որդեգրման կարգին: 2006-ին երեխաների որդեգրումն իրականացվում էր համայնքային մարմնի կողմից: Ժողովրդի իրազեկմանը զուգընթաց աճեց նաև որդեգրել ցանկացողների թիվը: Իսկ 2010-ի առաջին եռամսյակի ցուցանիշները գերազանցում են նախորդ տարիների տվյալները: Երեք ամսվա ընթացքում արդեն հաշվառվել է որդեգրել ցանկացող 8 քաղաքացի: Սա ինքին նշանակում է ամլության աճ: 2007-ին  մարզում կատարվել է 8, 2008-ին`  7, 2009-ին` 5 որդեգրում: Ըստ Ն. Սարգսյանի` սա 90-ականների մութ ու ցուրտ  տարիների հետևանքները կրող, ԽՍՀՄ-ի  փլուզում ու Ղարաբաղյան պատերազմ, 88-ի երկրաշարժ տեսած սերունդն է: Այդ ամենի հետևանքն այսօր այս անզավակ ընտանիքներն են: Շատացել է արատավոր երեխաների ծնունդը: 2009-ին Լոռու մարզից ինը երեխա է ուղարկվել Գյումրու հատուկ մասնագիտացված դպրոց, յոթ երեխա էլ հերթագրված է: Կան նմանատիպ երեխաներ էլ, որոնք պահվում են ընտանիքներում: Ծնողները մեծ մասամբ հրաժարվում են բնածին արատներով ծնված երեխաներից: Կենսաբանական ծնողների` իրենց երեխայից հրաժարականն այլ պատճառներ էլ ունի` խաբված մայրեր, անհաշտություն ընտանիքներում և այլն: Բայց գլխավոր գործոնն իհարկե սոցիալականն է: Ն. Սարգսյանը մերժեց հրապարակել երեխաներից հրաժարված ծնողների նույնիսկ թվական տվյալները` փաստարկելով որդեգրման գաղտնիությունը. չէ՞ որ այդ երեխաները որդեգրության են տրվում: Խոսելով տեղական և օտարերկրյա որդեգրումների մասին` վարչության պետը դարձյալ վկայակոչեց որդեգրման գաղտնիությունը: Բայց անդրադարձավ առանձին հարցերի: Մասնավորապես` երկու հավանական` ՀՀ և օտարերկրյա քաղաքացի համարվող որդեգրման համար հաշվառված թեկնածուներից առաջնությունը տրվում է ՀՀ քաղաքացուն: Դա կարգավորվում է նաև օրենքով: Օրենքով սահմանված կարգով նախարարությունը միայն երեք ամիս հետո է երեխաների տվյալները հանձնում օտարերկրյա հաշվառվածներին` նախապես դրանք տրամադրելով տեղացիներին: Երեքամսյա ժամկետը պահպանվում է նույնիսկ ծնողի անվանական հրաժարականի դեպքում, եթե առկա է ծնողի` երեխային որևէ օտարերկրյա քաղաքացու որդեգրման հանձնելու մասին գրավոր համաձայնությունը: Ճիշտ է, այդ ընթացքում երեխան չի կարող որդեգրվել այլ հաշվառվածների կողմից, բայց փոխարենը հրաժարվող ծնողն ինքը կարող է փոխել իր որոշումը, ինչին իր աշխատանքային փորձի ընթացքում երկու անգամ բախվել է Ն. Սարգսյանը: Նա հավաստիացրեց նաև, որ օտարերկրյա որդեգիրները 90-95%-ով արտասահմանում բնակվող մեր հայրենակիցներն են, որոնք հայ երեխաներ են որդեգրում հայկական գենը պահպանելու նպատակով: Հարցին` պաշտպանվա՞ծ են հայ երեխաները օտարերկրյա պետություններում, նա պատասխանեց` միանշանակ այո: Եվ մեջբերեց երեխաների պաշտպանության և օտարերկրա որդեգրման բնագավառում համագործակցության մասին կոնվենցիան: Համագործակցության երկրներում իրավասու, իսկ կոնվենցիային չմասնակցող երկրներում լիազորված մարմինն իրականացնում է որդեգրված երեխայի կենսապայմանների վերահսկողություն մինչև նրա 18 տարին լրանալը: Ամենամեծ մտահոգությունը Ն. Սարգսյանը այժմ համարում է մանկատան շրջանավարտների բնակարանային խնդիրը: 2004-ից մանկատունը 36 շրջանավարտ է թողարկել, որից բնակարանով ապահովվել է 5-ը: «Ստանալու են բոլորը: Շրջանավարտների բնակարանային հարցն էլ որ լուծենք, համարյա անելու բան չի մնում»,- կարծում է պաշտոնյան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter