HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Թերակշռում նոր ձևով

«Շահող կտրոն» վիճակախաղը հայաստանցիներին գցեց անօրինակ իրարանցման մեջ: ՀԴՄ կտրոն էին պահանջում նույնիսկ թերթի կրպակներից: Եվ ոչ միայն պահանջում, ստանալուց հետո էլ դեռ մանրակրկիտ տնտղում էին այն: Բայց չէ՞ որ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքն ընդունվել էր դեռևս 2004 թվականի նոյեմբերի 22-ին: Այնինչ սպասարկման ոլորտում ՀԴՄ-ների կարելի էր հանդիպել միայն հատուկենտ խանութներում, այն էլ, մեծ մասամբ, հարկային մարմինների պաշտոնատար անձանց ստուգայցերի կամ հարկերի դրույքաչափերի «որոշման» ժամանակ: Գոնե պատասխանատվության ենթարկվելու մտավախությունն սթափեցներ, և սակայն դրամաշրջանառությունը կոծկվում էր ՀԴՄ կտրոններն սպառողին (որն սկզբում միայն գնորդն էր) հնարավորինս խնայելու, կտրոնի վրա նշվող վճարման իրական չափը կեղծելու միջոցով: Գուցե ՀԴՄ-ների` վաճառողի հայեցողությամբ կիրառման պատճառն այն էր, որ վաճառողը միաժամանակ տարբեր գործողություննե՞ր է կատարում` կողմնորոշում է գնորդին ապրանքանիշերի հարցում, կշռում է ապրանքը, փաթեթավորում այն, հաշվում, ստանում է վճարելիք գումարը, վերադարձնում մանրոնը: Հատկապես փոքր գնումների դեպքում վաճառողը հարկ չէր համարում կտրոն լրացնել, և գնորդն ինքն էլ ամենևին պահանջկոտ չէր այս հարցում: Ստացականը պետք է առևտրի պարտադիր պայման լինի: Սա գուցե ավելորդ զգուշավորություն թվա, բայց այսկերպ կարելի է խուսափել անհարմար իրավիճակներից. հաճախ իր ետևում տեսնելով հաճախորդների կուտակված բազմություն` գնորդն շտապում է վերցնել գնումն ու առանց մանրոնը հաշվելու` դուրս գալ հերթից. մեծ մասամբ նա այդպես է վարվում մեկից ավելի գնումների դեպքում` ազատելով իրեն ավելորդ հաշվարկից, կամ, երբ ստացած մանրոնը մեծ գումար է: Իսկ երբ հերթից դուրս եկած` նկատում է պակասն ու փորձում պարզել սխալմունքը, հանդիպում է վաճառողի խոցված արժանապատվությանը: Վաճառողներն այսկերպ վարվում են հիմնական հաճախորդների հետ` նրանց բնավորության դյուրահավատ գիծն իրենց համար բացահայտած լինելով: Կա մանրոնը պակաս վերադարձնելու այլ ձև. խոշոր մանրոնի դեպքում մի քանի 100 դրամի պակասորդն զգալի չէ, ուստի` բերված պատճառաբանությունն ընդունվում է անխոս` մանր դրամ չկա: Պակաս վերադարձվող մանրոնը վաճառողի համար կողմնակի եկամտի աղբյուր է: ՀԴՄ-ների ճիշտ կիրառումն ուղղված է նաև այս խնդրի լուծմանը. այս դեպքում կտրոնի վրա պետք է երևա ոչ միայն գնորդի վճարած գումարը, այլև նրա կատարած գնումները: Ժամանակակից սուպեր, գիպերմարկետներում ապահովված է  քաղաքակիրթ առևտուր: Անվակավոր սայլակներով շրջելով սննդամթերքի, անուշեղենի, խմիչքի, կենցաղային, տնտեսական ապրանքների սրահներում և ընտրելով իրեն անհրաժեշտ ապրանքատեսակները` հաճախորդն այնուհետև մոտենում է հսկիչ-դրամարկղին, վճարում իրեն ներկայացվող վերջնահաշվարկը և փաթեթավորված ապրանքների հետ ստանում կտրոն-ստացական: Փոքր խանութների համեմատությամբ սուպերմարկետն ունի մի շարք առավելություններ` տհաճ հերթեր գրեթե չեն գոյանում, ապրանքների բազմազան տեսականին մանրակրկիտ ուսումնասիրելու հնարավորություն է տրվում, տարբեր սրահներից գնված ապրանքների դիմաց վճարումը կատարվում է մեկտեղ` ի տարբերություն փոքր խանութների, որտեղ մսագործը միս է մշակում և հաջորդ պահին հաշվում դրամը. ավելորդ է խոսել շուկայում վաճառվող մրգեղենի և այլ ուտելեղենների հիգիենիկ պայմանների մասին: Առևտրի կազմակերպման այս ձևը լուծում է նաև սպասարկման ոլորտում առկա մյուս` անչափ կարևոր թերությունը` անբարեհաճ վերաբերմունքը հաճախորդի նկատմամբ (հաճախորդ-վաճառող շփման հնարավորինս սահմանափակմամբ): Եվ, ամենակարևորը, սուպերմարկետներում ՀԴՄ-ների կիրառումն ավելի հետևողական է: Այս բոլոր առավելություններով հանդերձ` թվացյալ է այն համոզմունքը, թե սուպերմարկետում ապրանքի արժեքից ավել գումար վճարելու հավանականությունն ավելի փոքր է` չնայած որ այստեղ ապրանքի գինը ֆիքսվում է` ծրիչը շտրիխ-կոդի վրայով անցկացնելով: Նույնպես էլ թերակշռումից չեն ազատում նաև վերջերս ներմուծված էլեկտրոնային կշեռքները: Նախկին նժարավոր կշեռքները թերակշռման հնարավորություն էին տալիս: Թերակշռելու համար դիմում էին տարբեր միջոցների. նժարին հակառակ կողմից ամրացվում էր մագնիս, որը կշռաքարի հետ ավելացնում էր մյուս նժարին դրված ապրանքի կշիռը, կամ կշեռքի ուղղաձիգ դիրքի խախտմամբ թուլացվում էր սլաքի առաձիգությունը: Նախկին կշեռքների փոխարինումը նոր` էլեկտրոնային կշեռքներով թվում է` պիտի  բացառեր թերակշռման ցանկացած փորձ, այնինչ հնարամիտ և հնարագետ հայ վաճառականները ելք են գտել նաև այս պարագայում. կշեռքի վրա մուտքագրվում է ապրանքի ինքնարժեքից տարբեր թվային արժեք, և ապրանքի գինն ու կշիռն ավելանում են ուղիղ համեմատականությամբ: Եվ եթե հոգնած կամ անուշադիր գնորդն առանց գնապիտակին կամ կշեռքի էկրանին նայելու է վճարում վաճառողի պահանջած գինն, այդպես էլ անտեղյակ կմնա, որ ապրանքի դիմաց նրա գնից թանկ վճարեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter