HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Մարզպետարա՞նն է թերացել, Սոցա՞պը, թե՞ օրենքին ոչ այնքան տեղյակ քաղաքացին

Պետությունը մղում է ապառիկով ապրելու 2005-2008 թթ., երբ խնամատար ընտանիքի ծրագիրը ֆինանսավորվում էր ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից, խնամատարները կանոնավոր կերպով ստանում էին իրենց հասանելիքը՝ 140 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ 2008-ից ծրագիրը ֆինանսավորվում է պետբյուջեից, եւ ինչպես խնամատարներն են հաստատում, ամեն տարվա սկզբին պետական բյուջեով նախատեսված միջոցների տրամադրումը խնամատար ընտանիքներին ուշացվում է։ 2010 թ. հունվարից մինչ օրս խնամատարներն աշխատավարձ չեն ստացել։ Մինչեւ 2008-ը խնամատար ընտանիքին տրամադրվող գումարը համարվել է ոչ թե աշխատավարձ, այլ ֆինանսական օգնություն։ Պայմանագրում այդպես էլ գրվել է. «ՀՕԿ-ը պարտավորվում է խնամատար ծնողին վճարել ֆինանսական օգնություն՝ ամսական մեկ անգամ մինչեւ հաջորդ ամսվա 15-ը»։ 2008-ից արդեն խնամատար ընտանիքին տրվող գումարը համարվում է երեխայի խնամքի եւ դաստիարակության համար խնամողին վճարվող վարձատրություն, որի մասին նշվում է խնամատարի եւ պետական մարմնի միջեւ կնքվող պայմանագրում նրանց իրավունքներն ու պարտականություններն ամրագրող պայմանագրային կետերից մեկով։ Ստացվում է՝ պետական կողմի՝ պայմանագրով նախատեսված պարտականությունները չկատարելու դեպքում, երբ խախտվում է խնամատարի՝ պետականորեն սահմանված ֆինանսական հատկացում ստանալու իրավունքը, վերջինս չի դադարեցնում կատարել երեխայի հանդեպ ստանձնած իր պարտավորությունները՝ խնամել ու դաստիարակել հոգեզավակին, կազմակերպել նրա կենցաղն ու ժամանցը, ապահովել անհրաժեշտ պայմաններ նրա կրթության համար, հոգ տանել նրա առողջության մասին եւ այլն։ Իսկ խնամատար ծնողների համար այնքան էլ հեշտ չէ բարվոք կենսապայմաններ ապահովել երեխաների համար այն դեպքում, երբ չունեն կայուն աշխատավարձով հիմնական աշխատանք եւ իրենց օրավուր հացը հայթայթում են ինպես պատահի։ Չնայած խնամատարների մեջ կան այնպիսիք, որոնց չի հետաքրքրում ստանալիք աշխատավարձի չափը, օրինակ՝ Մարգահովիտ գյուղի բնակչուհի Անահիտ Խաչատրյանն «աշխատավարձի չափն իմանում է, երբ առաջին անգամ ստանում է այն»։ «Երբեք չեմ հետաքրքրվել։ Հա, ընենց հետաքրքիր ա, բայց սկզբում չեմ հետաքրքրվում։ Հետո իմանում ենք, էլի»,- ասում է։ Երեւի պատճառն այն է, որ Անահիտ Խաչատրյանն ու նրա ամուսինը երկուսն էլ կայուն եկամուտ ունեն։ Անահիտն ուսուցչուհի է եւ ամսական 80 հազար դրամ աշխատավարձ է ստանում։ Ամուսինը 55 հազար դրամով հսկիչ է աշխատում գործարանում։ Մինչդեռ նույն գյուղի բնակչուհի, երկու երեխաների խնամատար Անահիտ Անտինյանի ութ հոգանոց ընտանիքում ոչ ոք չի աշխատում։ Գոյատեւում են իրենց տնտեսությամբ։ «Գեղի մարդն ի՞նչ ա անում,- ասում է նա,- մեր տան աշխատանքն ա, երեխաների փողն ա, նպաստն ա»։ Բազմանդամ ընտանիքում ավելացել են «Բելլա Քոչարյան» կենտրոնի երեխաները՝ Միլենա եւ Արմինե Ղազարյանները։ Քանի որ երեխաները ծննդական չունեն, խնամող կինը նրանց տարիքը մոտավոր է հաշվում. երբ երեխաներին իրենց տուն բերեցին, փոքրիկը՝ Միլենան, 2-3 տարեկան էր։ Իսկ քույրիկները Անտինյանների ընտանիքում են 2007-ից, ուստի՝ Միլենան հիմա 6, ավագ քույրը 11 տարեկան է։ Երեխաներին խնամող Անտինյանները վերջին անգամ վարձատրվել են 2009-ի դեկտեմբերին՝ 112 հազար դրամ երկու երեխայի համար։ Աշխատավարձի կոնկրետ օր տիկին Անահիտը չի հիշում. «Նայած՝ ամսվա սկզբին, ամսվա վերջին, մինչեւ 23-24-ը»։ Բայց արդեն երրորդ ամիսն է, ընտանիքը երեխաներին իր միջոցներով է պահում։ «Երեխա պահելը հեշտ բան ա՞, եթե հեշտ լիներ, ծնողները գցիլ չէին փողոց։ Գեղի մարդիկ ենք, ըստեղից, ընդեղից մի բան ճարում ենք։ Երկու երեխա են, լվացնիլ ա պետք, ուտացնիլ ա պետք, դամաշնիկ ա, նասկի ա։ Էրեխա ա, կոշիկը փոխվում ա, կոշիկ ա պետք, դպրոցում հանդես ա, փող են հավաքում»,- պատմում է երկու դպրոցահասակ աղջիկներին խնամող տիկին Անահիտը։ Սննդամթերքը մեծ մասամբ ապառիկ են վերցնում գյուղի խանութներից։ «Նաղդ էլ ենք վերցնում, նիսյա էլ ենք վերցնում՝ նայած ոնց ենք հարմարացնում։ Փոքրը որ ուտող էրեխա ա, հո չի ըլնիլ ասեմ՝ փող չենք ստացել, դու մի կեր»,- ասում է Անահիտը։ Մթերքն ապառիկ վերցնելով՝ տիկին Անահիտը վնաս է կրում։ Եթե գար քաղաք, այստեղ կրկնակի էժան կգներ, իսկ գյուղի խանութից թանկ է վերցնում. «Նիսյա եմ առնում, իսկ եթե փողը տային, կգայի ամեն ամիս քաղաքիցը կառնեի, իսկ ըստեղի խանութներին հետո կրկնակի պիտի տամ»։ Գուգարք գյուղի խնամատար Գայանե Վիրաբյանը չի ժխտում, որ դժվար է առանց պետական աջակցության խնամել 12-ամյա երեխային։ Գայանեն տնային տնտեսուհի է, ամուսինը՝ բանվոր, փոքրիկ տնամերձ ունեն։ Ութ տարվա ամուսիններ են, հարազատ երեխաներ չունեն։ Արդեն չորս տարի է խնամում են մանկատան սան, առանց ծնողական խնամքի մնացած Հակոբ Գալոյանին։ «Դժվար ա, իհարկե։ Պետական աշխատող չենք, մասնավոր գործ ենք անում։ Դե ինչ լինի, ձեռքի հետ՝ շինարարություն, բանվորություն, հանդի գործ, խոտհարք։ Խոզ, հավ ենք պահում, ձմեռը ծախում ենք»,- դժվարությունների մասին խոսում է Գայանեն։ Վերջին անգամ՝ 2009-ի դեկտեմբերին, երեխային խնամելու համար ստացել են 74 հազար դրամ, որից 30 հազարը՝ աշխատավարձ, մնացած գումարը՝ երեխայի սպասարկման վարձ։ Ուշացումներ նախկինում էլ են եղել. «Մի անգամ եղել ա, անցած, թե նախանցած տարի 6 ամիս ուշացրին, հետո միանգամից տվեցին, էն ժամանակ նոր էինք անցել պետության ֆինանսավորման տակ»։ Իհարկե անհանգստանում են. «Հաշվապահի հետ ենք ճշտել, նա էլ ի՞նչ գիտի»։ 2010 թ. կնքված պայմանագիրը նրանց մոտ չգտնվեց. «Էս տարվա պայմանագիրը չեն տվել։ Երեք օրինակ ա՝ Երեւանում, մարզպետարանում ու գյուղապետարանում։ Մենք կնքել ենք, ուզում ենք, ասում են` եթե պետք լինի, կարող եք վերցնել, քսերոքս անել»։ Լոռու մարզպետարանի գլխավոր հաշվապահ Շուշան Ճշմարիտյանը հրաժարվեց խնամատարների աշխատավարձերի ուշացման վերաբերյալ որեւէ պարզաբանում տալ։ «Ոչինչ ասել չեմ կարող, սոցապնախարարությունից հարցրեք»,- ասաց նա։ Ըստ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակից, ֆինանսների գծով գլխավոր մասնագետ Անուշիկ Բադալյանի՝ «մարզպետարանի վատ աշխատանքի պատճառով է։ Պետք է հայտերը կազմեն ու հանձնեն մեզ։ Ֆինանսական-փաստաթղթային գործարք է։ Թղթային հարցեր են, չեն կատարում։ Մյուս մարզերը ներկայացրել են։ Այս հարցում պատասխանատու է մարզպետարանի ֆինանսական բաժինը»։ Սոցապնախարարության մեկ այլ աշխատակից՝ Գոհար Գաբրիելյանը, մանրամասնեց. «Պետք է մեր կողմից ուղարկված նախահաշիվը հաստատեն, ուղարկեն մեզ, որպեսզի հաստատվի նախարարի կողմից, այնուհետեւ իրենք նախահաշիվը պետք է գանձապետարան տանեն, այդտեղ հաստատեն եւ մեկ օրինակը ուղարկեն մեզ ու միաժամանակ՝ հայտը։ Ամեն ամիս պետք է ուղարկեն, ձգձգվեց՝ պայմանագրերի հետ կապված։ Պայմանագրերն իրենք են կնքում ամեն տարի։ Տարին ավարտվեց, բյուջեն փոխվում ա, պետք ա վերակնքվեն պայմանագրերը։ Բաժինը տալիս է ամեն մարզի համար տեղեկատվություն, մարզերը բերում են հայտ։ Ոչ մի հայտ չկա Լոռու մարզից։ Ապրիլի 1-ի դրությամբ ես դեռ հայտ չեմ ստացել։ Չկա, որ ես ամսվա ֆինանսավորումը կատարեմ»։ Լոռու մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սեւակ Հովհաննիսյանն էլ Սոցապին է մեղադրում. «Ստանում ենք պետական նախահաշիվը, նոր միայն վերահաշվարկ կատարում։ Սոցապնախարարությունը վերջին շաբաթում է լիազորություն տվել գործարք անելու»։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնախնդիրների վարչության աշխատակից Անուշ Հայրապետյանը հայտնեց, որ հայտերը Լոռու մարզպետարան են ուղարկվել մարտի 26-ին, դրանք առձեռն փոխանցվել են։ Աշխատավարձերի ուշացման պատճառը փաստաթղթային քաշքշուկն է։ Որպեսզի ֆինանսական հատկացման գործընթացը սկսվի, փաստաթղթային գործարքները պետք է ավարտված լինեն։ Ամեն տարի պայմանագիր է կնքվում խնամատար ընտանիքի եւ համայնքի խնամակալության ու հոգաբարձության մարմնի, խնամատար ընտանիքի եւ մարզպետարանի, վերջինիս ու Սոցապնախարարության միջեւ։ Եվ ամեն տարի կատարվում է աշխատավարձի վերահաշվարկ՝ հիմք ընդունելով աշխատավարձի ընդունված նվազագույն չափը (այս տարի էլ խնամատար ընտանիքի համար սահմանված աշխատավարձի չափը կազմում է 74 հազար դրամ)։ «Համայնքից է սկսվում,- համոզված է Ա. Հայրապետյանը՝ մեղավոր համարելով նախեւառաջ խնամատարներին։- Ամենաշահագրգիռ կողմը ընտանիքն է, ընտանիքները պիտի շուտ ներկայացնեին հայտերը»։ Խնամատար ծնողների հետ զրույցի ընթացքում պարզեցինք, որ նրանք այնքան էլ տեղյակ չեն հայտերից ու դրանց լրացման կարգից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter