HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խրամատի տարբեր կողմերում` Հայ Առաքելական եկեղեցին եւ «Նոր Առաքելոց» եկեղեցին

Լոռու մարզի Օձուն գյուղում «Նոր Առաքելոց» եկեղեցու անդամների  եւ Հայ Առաքելական եկեղեցու համայնքի միջեւ անզիջում պայքար է սկսվել: «Նոր Առաքելոց» եկեղեցու եպիսկոպոս Ռաֆայել Մովսիսյանը «Հետք»-ին հայտնեց, որ Օձունի եւ ենթաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը հեռախոսով իրեն կարգադրել է հեռանալ Օձունից:

Օձունի քահանա Տեր Վրթանեսն էլ  հայտնեց, որ վերջինս իրեն ոչ կոռեկտ է պահում Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ: Ապրիլի 2-ին «Հետք»-ին Օձունից տեղեկացրին, որ գյուղում մեկ տարի առաջ հիմնադրված «Նոր Առաքելոց» եկեղեցու շենքի պատերին սվաստիկա են նկարել եւ գրել. «Մեր գյուղ մի եկեք», «Մեկ ազգ, մեկ եկեղեցի, մեկ մշակույթ»:

Մեր այցելության պահին «Նոր Առաքելոց» եկեղեցում որեւէ մեկին չկարողացանք հանդիպել: Դռները փակ էին: Զրուցեցինք եկեղեցու զբաղեցրած բնակելի տան մյուս կեսում բնակվող Նազիկ Տիտանյանի հետ:

«Ես «Նոր Առաքելոց» աղանդավորական եկեղեցու քարոզներին մասնակցում եմ հյուրի կարգավիճակով: Ինձ հրավիրում են, ես էլ գնում եմ: Քարոզում այս եկեղեցու քարոզիչները իրենք իրենց հակասում են: Իրենք ասում են մի բան, սակայն իրենց արարքները չեն համապատասխանում ասածներին: Եկեղեցին զբաղեցրել է հորեղբորս տունը: Չգիտեմ, թե ինչպես են վերցրել: Առել են երեւի: Ինչ-որ բան է կատարվել, հորեղբայրս իրենց փող է պարտք եղել, չի կարողացել վճարել, դրա դիմաց վերցրել են տան հորեղբորս փայաբաժինը: Պատահում է` նրանց քարոզներին 10 մարդ է ներկա լինում, երբ գերմանացի առաքյալը գալիս ա, արդեն Ալավերդու Սարահարթ թաղամասից եւ գյուղերից էլ են գալիս, 20-30 անդամ  է հավաքվում: Տեղի կազմակերպիչը Նորա Խանվելյանն է: Ես բացարձակ տեղյակ չեմ, թե ով է պատերին նկարել ֆաշիզմի զինանշանն ու գրել կոչերը»,- ասաց Նազիկ Տիտանյանը:

«Նոր Առաքելոց»  եկեղեցու  Օձունի համայնքի կազմակերպիչ Նորա Խանվելյանը սիրով համաձայնեց զրուցել, սակայն խնդրեց անջատել ձայնագրիչը: Մեր հարցերին նրա պատասխանները խուսափողական էին: «Երբ կարողանում եմ, գնում եմ քարոզի, երբ չեմ կարողանում, չեմ գնում: Հիմա վաղը քարոզի օր է, բայց ես չեմ գնալու, գնում եմ իմ աղջկա տուն` Զատիկի: Մյուսներն էլ  ըլում ա` գնում են, ըլում ա` գնում չեն: Հիմա էլ գարնանացան է սկսվել: Օձունից քարոզներին շատ մարդ չի գալիս, երեւի մի 13-14 մարդ է գալիս»:

Տիկին Նորան անկեղծանալով ասաց, որ «Նոր Առաքելոց» եկեղեցին իր ուսանող թոռան ուսման վարձը մի քանի տարի վճարել է, որի համար պարտական է նրանց: Թե ո՞վ կարող էր եկեղեցու պատերին սվաստիկա նկարել եւ գյուղից հեռանալու կոչեր գրել, Նորա Խանվելյանը որեւէ մեկին չի կասկածում: Եկեղեցու շենքի անվտանգությունը հսկում է օձունցի Հրանտ Տիտանյանը: Վերջինս ասաց, որ ինքն էլ «Նոր Առաքելոց» եկեղեցու անդամ է, հսկում է շենքի անվտանգությունը, սակայն շենքի պատերի վրա գրածն ու նկարածը արվել է գիշերով, եւ ինքը չի կարող ասել` ով է արել: Ի տարբերություն եկեղեցու օձունցի անդամների, «Նոր Առաքելոց» եկեղեցու եպիսկոպոս Ռաֆայել Մովսիսյանը մեզ հետ հեռախոսազրույցում պնդում էր. «Օձունի բնակիչներն ասում են, որ Օձունի քահանան է այդ ամենը կազմակերպել, որի համար էլ ես փոքրամասնությունների կրոնի եւ խղճի ազատության կոմիտեին բողոք եմ գրել»:

Թե տեղի բնակիչներից ո՞վ է հատկապես Օձունի քահանային մեղադրել, Ռաֆայել Մովսիսյանը պատասխանեց. «Այն անձը, ով Ձեզ իմ հեռախոսի համարն է տվել»: Այսինքն` Հրանտ Տիտանյանը, որը մեր հարցին պատասխանել էր, թե իրեն հայտնի չէ գրողի անձը: Զայրացած եպիսկոպոսը նաեւ հայտնեց. «Օձունի քահանան Նիկոլայ Տիտանյանի միջոցով խոսել է ինձ հետ` կարգադրելով, որ մենք լքենք Օձունը»:

Նա նաեւ հայտնեց, որ «Նոր Առաքելոց» եկեղեցին Օձունում 25-30 հավատակիցներ ունի: Տեր Վրթանես քահանա Բաղալյանը   «Հետքին» ասաց, որ Հայաստանում տարբեր տեսակի աղանդներ կան, որոնք կարծես կրկնօրինակում են Հայ Առաքելական եկեղեցու անունը, որով նաեւ շատ անգամ մարդկանց մոտ պատրանք են ստեղծում, թե որեւէ տարբերություն չկա նրանց եւ Հայ Առաքելական եկեղեցու միջեւ: «Բայց իրականում մեծ տարբերություն կա, որովհետեւ Հայ Առաքելական եկեղեցին ժողովրդին դեպի փրկություն է առաջնորդում, իսկ իրենք այն գառան մորթով գայլերն են, որոնց մասին մեր Տեր Հիսուս Քրիստոսն ասել է. «Զգույշ եղեք գառան մորթով գայլերից, որոնք վերջին ժամանակներս կգան եւ շատերին կմոլորեցնեն»: «Մեր եկեղեցու անունը կրելը հենց այն մորթին է, որով քողարկում են իրենց իրական կերպարը»,- ասաց Տեր Վրթանեսը:

Նա հայտնեց, որ պատմականորեն Օձունում որեւէ աղանդ գոյություն չի ունեցել, միայն Հայ Առաքելական եկեղեցին է Օձունում գործել` սկսած 4-րդ դարից, ինքն էլ ուրիշ եկեղեցիների եւ կրոնների նկատմամբ որեւէ բան չունի:

«Բայց նույնը չեմ կարող ասել «Նոր Առաքելոց» աղանդի մասին: Սրանք ամեն կերպ ուզում են Օձունում հաստատվել, բայց իրենց անհաջողության պատճառը ոչ թե այն է, որ էստեղ իրենց դեմ պայքարում ենք, այլ այն, որ կրոնական թշնամանք են առաջացնում: Շատ անգամ  եկել եւ մեզ ասել են, որ եկեղեցու եւ իմ հասցեին անպարկեշտ բաներ են ասում: Մի երկու օր առաջ էլ իրենք զանգեցին եւ մեզ տեղեկացրին, որ իրենց եկեղեցու պատերին գրություն են գրել` «Մեկ ազգ, մեկ եկեղեցի, մեկ մշակույթ՚, մյուս պատին էլ գրել են` «Մեր գյուղ մի եկեք»: Անմիջապես ես հասկացա, որ սա ոչ թե գյուղացիներից մեկի կողմից է գրվել, այլ իրենց կողմից է պատի վրա գրված, որպեսզի իրենց բարձրագույն ղեկավարությանը ցույց տան, թե իբր Օձունում  իրենց հալածում են, դրա համար չեն կարողանում հավատակիցներ հավաքել: Չնայած գյուղացիներն էլ իսկապես ցանկություն չունեն նրանց տեսնելու, որովհետեւ նրանք ոչ թե Ավետարան են քարոզում, այլ կրոնական թշնամանք եւ ատելություն են սերմանում հայ եւ գերմանացի ժողովուրդների միջեւ»,- ասաց Տեր Վրթանեսը: Նա հայտնեց, որ դեպքի հետ կապված ինքը հեռախոսազրույց է ունեցել «Նոր Առաքելոց» եկեղեցու քարոզիչի հետ, որը շաբաթը մեկ անգամ է գալիս Օձուն:  «Նա ինձ ասում է. «Տեր Հայր, ինձ մի գրություն տուր, որ դուք դեմ եք, որ մենք գյուղ գանք»: Ես որեւիցե մեկի գյուղ գալուն դեմ չեմ: Ես դեմ եմ իրենց ոչ կոռեկտ, ոչ ազնիվ պահվածքին: Դեմ եմ իրենց հոգեւոր գործունեությանը, որ պատմականորեն մեր եկեղեցու անդամներին ցանկանում են գողանալ` օգտագործելով նրանց սոցիալական ծանր վիճակը, որոնց փորձում են դրամով գնել եւ իրենց պապերի հավատքից հեռացնել»,- ասում է Տեր Վրթանեսը: Հայ Առաքելական եկեղեցու Օձունի համայնքը հավատացյալների պակաս չունի: Ամեն կիրակի 300-500 օձունցի գալիս է եկեղեցի եւ պատարագի մասնակցում: Կարեւոր տաղավար տոներին 2000-3000 հավատացյալներ են մասնակցում:

«Վստահաբար Ձեզ տեղեկացնում եմ, որ Նոր Առաքելոց աղանդավորական եկեղեցին ընդամենը 14 հավատակիցներ ունի Օձունում: Այնպես որ, նրանք մեր եկեղեցուն մրցակից չեն կարող լինել»,- ասաց Օձունի հոգեւոր հովիվը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter