HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

«Ռումբի բեկորներից մնացած սպիերի պատճառով ամաչում եմ շրջազգեստ հագնել»,-ասում է Ծովինարը

Մարտունու շրջանի Գիշի գյուղը գտնվում է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտից 40-60 կմ հեռավորության վրա (կախված ընտրած ճանապարհից` Նինգիով 40 կմ է, Աղդամով` 60 կմ): Գիշեցի 15-ամյա Ծովինարը, ուղիղ կանգնելով հյուրասենյակի պատին մատիտով նշան արած հատվածում, հերթական անգամ չափում է հասակը. արդյոք չի՞ բոյովացել: Տեսնելով, որ այս անգամ էլ իր հասակը չի անցել բժիշկների սահմանած 2 սմ-ը, հանգիստ շունչ է քաշում:

2004 թ. մայիսի 3-ին 9-ամյա Ծովինարը եղբոր` 11-ամյա Ալբերտի հետ, սովորության համաձայն, դպրոցից հետո գնացին մոտակա թթենու այգի` կովը տուն բերելու: «Այգու թփերից մեկում եղբայրս գնդիկային ռումբ գտավ: Նա գիտեր, որ դա վտանգավոր է եւ կարող է մարդ սպանել: Սկզբում Ալբերտը որոշեց այն տուն տանել, հայրիկին տալ: Հետո մտափոխվեց եւ փորձեց այն քարին խփել, ես իսկույն վերցրի նրա ձեռքից քարը: Երկրորդ անգամ արդեն չկարողացա խանգարել նրան, ռումբը պայթեց»,- հիշում է հրաշքով կենդանի մնացած Ծովինարը:

Այդ դեպքից հետո Ղարաբաղում ականազերծման աշխատանքներ իրականացնող բրիտանական «Հալո Տրաստ» (HALO TRUST) կազմակերպությունը նույն այգուց հայտնաբերել է 7 գնդիկային ռումբ: Պայթյունից հետո Ծովինարը փորձել է անգիտակից ու արնաշաղախ եղբորը բարձրացնել, բայց առաջ գնալ նրան խանգարում էր ռումբի բեկորից վիրավորված աջ ոտքը: Եղած ուժերը հավաքելով` նա մի կերպ հասավ այգու ցանկապատին: Առաջ գնալու եւ ցանկապատը հաղթահարելու ուժ 9-ամյա աղջնակն այլեւս չուներ: Այգու մոտի ճանապարհով անցնող մեքենայի վարորդը, նկատելով ցանկապատով ընկած ուժասպառ Ծովինարին, նրան հասցրեց հիվանդանոց: 11-ամյա Ալբերտին գտան ավելի ուշ, նա արդեն մահացել էր:

«Արյան ճնշումը 0/30, ողջ մարմինը ռումբի բեկորների այրվածքներով` Ծովինարին հասցրին Մարտունու շրջանային հիվանդանոց: Ներքին օրգաններից ավելի շատ վնասված էր լյարդը: Վիրահատությունից հետո 3 օր կոմայի մեջ էր, փրկվելու հավանականությունը` չնչին: Միայն 4-րդ օրը կենդանության նշաններ ի հայտ եկան»,- պատմում է երեխաների մայրը` Արմինե Առստամյանը:

Տարված լինելով տեսանելի վնասվածքներով` սկզբում ոչ ծնողները եւ ոչ էլ բժիշկները չէին նկատել, որ բեկորներից մեկն էլ վնասել է Ծովինարի աչքը: Արմինեն պատմում է, որ աչքի բեկորը նկատել են միայն այն ժամանակ, երբ Ծովինարի կյանքին այլեւս վտանգ չէր սպառնում: «Հիվանդանոցում էինք, երբ նկատեցինք, որ երեխայի աչքն օրեցօր փոքրանում է: Բժշկի զննումից հետո պարզվեց, որ աչքում բեկոր կա: Բացի դրանից, աջ ոտքը չէր կարողանում գետնին դնել»,- ասում է մայրը: Ծովինարին տարան Ստեփանակերտ` նյարդաբանի մոտ: Ոտքի համար ասացին, որ լուրջ ոչինչ չկա, եւ մի քանի մերսումները կօգնեն աղջկան ոտքի կանգնել: Ինչ վերաբերում է աչքին, ապա, Ծովինարի մոր խոսքերով, այդ ժամանակ բախտի բերմամբ Ստեփանակերտում էին «Ա. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի» բժիշկները, ովքեր բարեգործական գործունեության շրջանակներում աչքի վիրահատություններ էին իրականացնում Ղարաբաղում: «Ծովինարին զննեց անձամբ պրոֆեսոր Մալայանը: Երբ իմացան, թե ինչ հանգամանքներում է բեկորը հայտնվել աչքում, ասացին, որ չեն կարող ռիսկի դիմել, քանի որ չգիտեն, թե ինչ մետաղից է բեկորը»,- պատմում է Արմինեն: Բժիշկները Ծովինարին իրենց հետ տարան Երեւան` «Ա. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»: Մայիսի 28-ն էր` ոչ աշխատանքային օր, Ծովինարին բարեհաջող վիրահատեցին:

«Այդ ժամանակ աղջիկս դեռ չէր կարողանում աջ ոտքը գետնին դնել, այդտեղից մեզ ուղարկեցին «Նորք-Մարաշ»-ի հիվանդանոց: Այստեղ էլ հավաստիացրին, որ երեխան ոչ մի լուրջ խնդիր չունի: Նրանք եւս խորհուրդ տվեցին մերսումների կուրս անցկացնել»,- պատմությունը շարունակում է մայրը:

Հավատալով բժիշկներին` ծնողները աղջկան բերում են տուն: Չանցած երկու տարի` ոտքի խնդիրն իրեն նորից զգացնել է տալիս: Այս անգամ բժշկական օգնության դիմեցին Ստեփանակերտի «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն»: Արմինեն վստահեցնում է, որ կենտրոնում անցած մի կուրս մերսումներն օգնեցին աղջկան որոշ ժամանակով ոտքի կանգնել: Սակայն այս անգամ էլ բուժումը վերջնական չէր: Մայրը պատմում է, որ չանցած եւս 1.5 տարի` երեխայի ոտքը սկսեց «ծռվել»: Պատճառն անհասկանալի էր ծնողներին: Հերթական բուժզննումը ցույց տվեց, որ Ծովինարի ոտքի սրունքի հատվածում ոսկորներից մեկի աճման հատվածն արգելափակվել է: Այսինքն` մի ոտքն աճում էր, իսկ մյուսը` ոչ, ինչի հետեւանքով էլ աջ ոտքը ծնկից ներքեւ, Արմինեի ասելով, «ծռվում» էր:

«Երեխային նորից տարանք Երեւան, որտեղ հաստատեցին Ստեփանակերտի բժշկի ախտորոշումը, սակայն խորհուրդ տվեցի հետաձգել վիրահատությունն այնքան ժամանակ, մինչեւ ոտքի ցավը վտանգավոր կլինի ողնաշարի համար»,- ասում է Արմինեն:

2008 թ. ապրիլին Երեւանի Նորք-Մարաշի օրթոպեդիական հիվանդանոցում վիրահատեցին Ծովինարին: Վիրահատության բոլոր ծախսերը հոգացին աղջկա ծնողները, միայն հետո մեծ դժվարությամբ հիվանդանոցից վերցնելով համապատասխան փաստաթղթերը` ԼՂՀ առողջապահության նախարարությունը փոխհատուցեց վիրահատության գումարի (ավելի քան 800.000 դրամ) 60 տոկոսը: Այսօր էլ եղանակի փոփոխությունների ժամանակ ոտքն անհանգստացնում է Ծովինարին: Իսկ մարմնի վրա բազմաթիվ բեկորներից մնացած խորը սպիերը խանգարում են նրան իր հասակակից աղջիկների նման շրջազգեստ հագնել: Մայրը խոստովանում է, որ դեպքը ոչ միայն ֆիզիկական, այլեւ հոգեկան հարված էր աղջկա համար: Իսկ բազմաթիվ վիրահատությունների ժամանակ ստացած անզգայացումների հետեւանքն աղջկա համեմատաբար թույլ հիշողությունն է եւ նյարդային լինելը:

«Այս ամենն, իհարկե, վիրահատության հետեւանքներն են, բայց քանի որ Ծովինարը բնավորությամբ հանգիստ է, նրան հաջողվում է շատ անգամ զսպել իրեն: Իսկ հիշողության թուլությանն ուսուցիչներն ըմբռնումով են վերաբերվում»,- ասում է Արմինեն: Ծովինարի հայրը` Աշոտ Առստամյանը, Արցախյան պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ է: Նա խոստացել է աղջկան, որ կաշխատի ինչ գնով էլ լինի պլաստիկ վիրահատություն անել: Մայրն ասում է, որ ինքն արդեն նկատում է, որ աղջկա աջ ոտքը «կարճացել» է: Դա նշանակում է, որ եթե ոչ վիրահատության, ապա գոնե ստուգման անհրաժեշտ է տանել: Իսկ դա կապված է նոր ծախսերի հետ: Արմինեն չգիտի, թե ինչ պիտի անի, եթե բժիշկներն ասեն, որ աղջիկը հերթական վիրահատության կարիք ունի:

«Միայն վիրահատությունը 2 տարի առաջ էլ մեծ գումար էր կազմում, իսկ հիմա պատկերացնում եմ` ինչ գներ են լինելու: Չգիտեմ, թե ինչ ենք անելու, բայց հո մեր երեխային հենց այնպես չենք թողնի, մի բան անպայման կմտածենք»,- զուսպ ժպիտով ասում է մայրը` նայելով հրաշքով փրկված դստերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter