Բոլորս պետք է հատուցենք, որովհետեւ հանդուրժել ենք անարդարությունը
Պետության կողմից վտարված Երեւանի կենտրոնում բնակվող հարյուրավոր ընտանիքներից միայն մոտ 3 տասնյակն է անցել տեղական դատական ատյանները եւ դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Մինչ օրս Եվրադատարանը դատական երկու ավարտական ակտ է կայացրել:
Առաջինը «Գեւորգ Ճղլյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործն է, որի արդյունքում ՀՀ Կառավարությունը ստիպված եղավ 150 հազար դոլար փոխհատուցել քաղաքացուն, երկրորդը «Նելլի Մինասյանը եւ Ելենա Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործն է. Եվրոպական դատարանը ճանաչել է, որ խախտվել է նախկինում Բուզանդի 9 հասցեում բնակվող Նելլի Մինասյանի եւ նրա դստեր` Ելենա Սեմերջյանի սեփականության իրավունքը եւ ՀՀ Կառավարությանը նրանց հետ հաշտության պայմանագիր կնքելու ժամանակ է տվել:
«Գերակա հանրային շահ» անվան տակ իրենց տներից վտարված քաղաքացիներից շատերի հայցադիմումները Եվրոպական դատարան է ուղարկել փաստաբան Վահե Գրիգորյանը:
Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ «Նելլի Մինասյանը եւ Ելենա Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով Եվրոպական դատարանը գտել է, որ ՀՀ Կառավարությունը խախտել է Եվրոպական Կոնվենցիան, որովհետեւ խախտել է իր երկրի Սահմանադրությունը:
Փաստաբանը նշում է, որ ինչքան շատ է Եվրոպական դատարանը դիմումներ ստանում Հայաստանից, այնքան ավելի մանրամասնորեն է քննում գործերը` նույնիսկ անդրադառնալով բնակարանի անձեռնմխելիության իրավունքին:
Եվրոպական դատարանի վարույթում գտնվող գործերից 6-ով սկսվել են Կառավարության հետ բանակցությունները. «Կառավարությունը շարունակաբար ժամանակ է խնդրում Եվրոպական դատարանից` քաղաքացու հետ հաշտվելու համար, սակայն երբեք այդ ժամանակահատվածում որեւէ հաշտության չի եկել:
Կառավարությունը մշտապես ամեն ինչ անում է, որ վերջնական դատական ակտի կայացումը ձգձգվի, որ փոխհատուցումն ուշ տան, սակայն ես ոչ մի բանական բացատրություն չեմ տեսնում. որքան ուշանում է փոխհատուցումը, այնքան մեծանում է փոխհատուցման ծավալը,- ասում է փաստաբան Վահե Գրիգորյանը` ավելացնելով,- երբ վարչապետը Կառավարության նիստի ժամանակ արդարադատության նախարարին ասում է` պետք է միջոցներ ձեռնարկենք, որպեսզի հետագայում նման բաներ տեղի չունենան, վարչապետը պետք է մտքում ունենա, որ հենց այս պահին էլ Կառավարությունը մեծացնում է այդ փոխհատուցման ծավալները»:
Օրինակ` «Գրիգորյանը եւ մյուսներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով Եվրոպական դատարանը 11 ամիս ժամանակ է տվել մեր Կառավարությանը` քաղաքացիների հետ հաշտության գալու համար, սակայն այդ ընթացքում Կառավարությունը որեւէ առաջարկություն չի ներկայացրել:
«11 ամիս անց Եվրոպական դատարանին պատասխան գրեցին, թե իրենք ներողություն են խնդրում, որ չկարողացան հաշտության առաջարկ ներկայացնել: Հասկանալի չէ, թե այդ չկարողանալն ինչի՞ հետ էր կապված, իրենց մտավոր կարողությունների՞: Այսպիսի դեպքերը ցույց են տալիս, որ Կառավարության նպատակն է զուտ ձգձգել փոխհատուցման գործընթացը»,- վստահ է փաստաբանը:
Որոշ գործերով Կառավարությունը հաշտության այնպիսի պայմաններ է առաջարկել, որոնք ընդունելի չեն իրենց սեփականության իրավունքից զրկված քաղաքացիների համար:
«Օրինակ` Կառավարությունն առաջարկել է գույք, որի կոնկրետ հասցեն չի նշել, այլ ընդամենը գրել է, որ այդ շենքը գտնվելու է Կենտրոն վարչական շրջանի տարածքում, իսկ թե կոնկրետ որտե՞ղ` պարզ չէ: Կամ` 2008 թ. առաջարկում էր բնակարան տրամադրել 2010-ին, բայց այդ մարդիկ տարիներ շարունակ վարձով են բնակվել, ինչո՞ւ պետք է եւս 2 տարի սպասեն»,- նշում է փաստաբանը:
Վահե Գրիգորյանը կարծում է, որ նույնիսկ հաշտության պայմանագիր առաջարկելիս ՀՀ Կառավարությունն առաջնորդվում է ոչ թե քաղաքացիների, այլ էլիտար շենքերի սեփականատեր կառուցապատողի շահով:
«Եթե Կառավարությունը ինքն է որոշելու, թե որտեղ եւ ում շենքից տուն տա բնակիչներին, այստեղ եւս կոռուպցիոն ռիսկեր կան, չնայած նրան, որ Կառավարությունը կառուցապատողին գերշահույթներ է ապահովել, դրանից հետո դեռ մի բան էլ պետք է պետական բյուջեից վճարի նրան, որպեսզի բնակարան հատկացնի քաղաքացիներին: Եթե Կառավարությունը պետք է գումար վճարի եւ տուն գնի քաղաքացու համար, ապա թող այդ գումարը տա, եւ նրանք ինքնուրույն որոշեն, թե որտեղ են ուզուն տուն գնել, ինչո՞ւ է Կառավարությունը շահագրգռված, որ հենց այդ կառուցապատողի բնակարանը գնի քաղաքացու համար»,- հարցնում է փաստաբանը:
Նրա խոսքով` Կառավարության պատասխանները Եվրոպական դատարանին, որպես կանոն, կոռեկտ չեն լինում, երբեմն նույնիսկ փաստերն են աղավաղված ներկայացվում:
Որքան էլ Կառավարությունը ժամանակ «շահի», այնուամենայնիվ, երկու գործով առկա նախադեպերը ցույց են տալիս, որ ՀՀ Կառավարությունը ստիպված է լինելու հսկայական գումարներ փոխհատուցել այն քաղաքացիներին, որոնց իրավունքները խախտվել են:
Վահե Գրիգորյանն ասում է, որ իր ուղարկած 14 գործերից 5-ի փոխհատուցումը, շուկայական նվազագույն արժեքով հաշվարկելու դեպքում, կկազմի ոչ պակաս, քան 10 մլն եվրո (5 մլրդ 340 մլն դրամ): Իսկ եթե հաշվենք, որ այդ գործերը կարող են 5 անգամ ավելի լինել, ապա պետական բյուջեից փոխհատուցումը կկազմի 26 մլրդ 70 մլն ՀՀ դրամ:
Սա մեծ հարված կլինի ՀՀ տնտեսությանը, հատկապես` եթե հաշվի առնենք, որ առանց այդ էլ 2010 թ. ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է 183 մլրդ դրամ:
«Կարող է թվալ, թե անարդար է, որ մենք պետք է վճարենք այս մարդկանց փոխհատուցելու համար, սակայն դա ամենաարդար բանն է, որովհետեւ անարդար վճիռներ կայացրած դատավորները չպետք է հատուցեն, նրանք պարզապես պետք է հեռացվեն համակարգից, իսկ անհրաժեշտության դեպքում քրեական հետապնդում պետք է սկսել նրանց նկատմամբ: Իսկ մենք պետք է հատուցենք այդ մարդկանց մեր վճարած հարկերից, որովհետեւ մեր` տանը քնած ժամանակ նրանց զրկում էին տնից, եւ եթե այսօր էլ մենք նման բան թույլ տանք, պետք է իմանանք, որ տարիներ անց բոլորս ենք հատուցելու»,- կարծում է Վահե Գրիգորյանը:
Կենտրոնի բնակիչների իրավունքները խախտվել են բացահայտորեն` մի քանի կառուցապատողների համար գերշահույթ ապահովելու նպատակով:
Փաստաբանը պատմում է, որ տեղական դատական ատյանները այնքան կողմնակալ են եղել գործերը քննելիս, որ տարբեր գործերով միեւնույն վճիռն են արտագրել` փոխելով միայն քաղաքացիների ազգանուններն ու հասցեները. «Անունները փոխել էին, բայց մոռացել էին գործի համարը փոխել, որից պարզ էր դառնում, որ վճիռն արտագրած է»:
Վահե Գրիգորյանը հիշում է, որ սկզբում, երբ սկսվել են իրացման գոտու գործերով դատավարությունները, իրենք համոզված են եղել, որ հաղթելու են, որովհետեւ իրավունքի խախտումն ակնհայտ է եղել:
«Սակայն հակառակը եղավ. երբ 2005 թ. առաջին գործն էինք ուղարկում Եվրոպական դատարան, ընկերներով նստած մտածում էինք եւ իրար հարցնում` ուրիշ ո՞ւր կարելի է ուղարկել այս գործերը, ո՞ւմ կարելի է դիմել, որպեսզի արդարադատությունը վերականգնվի: Մեր երկրի որեւէ կառույցում հնարավոր չէր դա անել»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել