HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Աչալ Կումար Մալհոտրա. «Չնայած հայերը իրենց համարում են եվրոպացիներ, բայց հոգու խորքում նրանք արեւելյան ազգ են»

«Հետքի» հյուրն է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոտրան «Ես իմ երկրի զարգացման մի մասնիկն եմ» «Իմ ծնվելուց 5 տարի առաջ մեր երկիրը անկախացել է, կարելի է ասել, որ իմ մանկությունը եւ իմ երկրի մանկությունը միասին են անցել, մենք միասին ենք մեծացել: Դա այն ժամանակաշրջանն էր, երբ իմ երկիրն ապրում էր հետաքրքիր զարգացումներ, նվաճումներ, եւ ես ներկա եմ եղել, թե ինչպես առաջին անգամ եկավ հեռուստացույցը, գունավոր հեռուստատեսությունը, էլեկտրականությունը, հեռահաղորդակցությունները: Ես ինքս իմ երկրի զարգացման մի մասնիկն եմ եղել»,- իր մանկությունը հիշում է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոտրան: 1947թ. անկախությունից հետո Հնդկաստանը բաժանվեց 2 մասի` Հնդկաստանի եւ Պակիստանի, եւ գրեթե բոլոր հինդուները, ովքեր ապրում էին Պակիստանի տարածքում, ստիպված էին գաղթել Հնդկաստան, այդ թվում` դեսպանի տատը եւ պապը, նրանց հետ` նաեւ իր հայրը: Աչալ Կումար Մալհոտրայի հայրը գործարար էր, մայրը, թեեւ կրթություն էր ստացել, բայց որեւէ տեղ չէր աշխատում, տնային տնտեսուհի էր, ինչը, ըստ դեսպան որդու, ամենադժվար գործն է: Աչալ Կումար Մալհոտրան տան ավագն էր, ուներ կրտսեր եղբայր եւ քույր: Եղբայրը 22 տարեկանում մահացել է ավտովթարից, ծնողները եւս կենդանի չեն: Հնդկաստանի դեսպանը պատմում է, որ ծնողները լայնախոհ մարդիկ էին եւ իրենց երեխաներին ազատ ընտրության հնարավորություն են տվել. «Երբ ես աշակերտ էի, ավելի հակված էի դեպի ճշգրիտ գիտությունները` մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, եւ երկրում էլ այդպիսի միտում կար` բոլորը ձգտում էին դառնալ կամ բժիշկ, կամ ինժեներ: Բայց հետո հասկացա, որ գիտությունն իմ բանը չէ, իմ սիրտը դրան չի ձգտում, եւ ուղղությունս փոխեցի դեպի գրականություն»: Նա ավարտել է Նյու Դելիի Ջավահարլալ Ներուի համալսարանի Ռուսաց լեզվի եւ գրականության բաժինը: «Հետագայում «Զբոսաշրջության կառավարում» մասնագիտությամբ հետավարտական կրթություն ստացա, բայց զուտ հետաքրքրության համար: Ես դա սովորել եմ, երբ դարձել էի դիվանագետ, եւ տուրիզմ սովորելը որեւէ փոփոխություն չի մտցրել իմ կարիերայում, ինչպես չսովորելը չէր փոխի: Ինձ հետաքրքիր էր զբոսաշրջությունը, ինչպես նաեւ` թե ինչ անել, որ այն զարգանա, քանի որ զբոսաշրջության կառավարումը իմանալով` կարելի է շատ բաների հասնել, դա տնտեսության շատ կարեւոր ոլորտներից մեկն է, այն ոչ միայն եկամուտ է բերում, այլեւ օգնում է մարդկանց հետ շփումներում»,- պատմում է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը: «Մարդիկ են տվյալ վայրը լավը կամ վատը դարձնում» Աչալ Կումար Մալհոտրան աշխատել է Մոսկվայում, Բոննում, Բրունեյում, Շրի Լանկայում, Վիեննայում: «Ամեն երկիր ունի իր լավ եւ վատ կողմերը, եւ ամեն երկիր ինչ-որ մի բանով իմ մեջ տպավորվել է: Մոսկվան իմ առաջին աշխատավայրն էր, եւ ինչպես առաջին սերը չեն մոռանում, այնպես էլ առաջին աշխատավայրը: Այդ ժամանակ Ռուսաստանը ԽՍՀՄ կազմում էր, եւ քչերը անգլերեն գիտեին, իսկ ես նաեւ ռուսերեն գիտեի, եւ աշխատելն էր հեշտ եւ շփվելը: Բրունեյում գտնվելիս ես շատ երիտասարդ էի, բայց դեսպանից հետո երկրորդ կարեւոր մարդն էի, եւ քանի որ դեսպանը առողջական խնդիրների պատճառով ամիսներ շարունակ բացակայում էր, ես էի նրան փոխարինում: Բոննում աշխատելիս հաճախակի ճամփորդում էի, Շրի Լանկան մեծ պատմական անցյալ ունեցող երկիր է, գլխավոր հյուպատոս էի աշխատում, Կանդին, ուր ես գտնվում էի, հիանալի, գեղեցիկ քաղաք է` մեկ միլիոնանոց հնդկական ծագում ունեցող համայնքով, եւ ես գրեցի իմ գիրքը` «Շրի Լանկա եւ Հնդկաստան. առասպելական կապեր»: Ես բացահայտեցի ինձ համար սերը դեպի լուսանկարչությունը, քանի որ գրքում արված բոլոր նկարները իմ ձեռքի գործն են: Այնտեղ առաջին անգամ ես սկսեցի գոլֆ խաղալ: Իսկ Վիեննայում իմ առաջին փորձն էր միջազգային կառույցների հետ շփվելու: Վիեննայում ես հագուրդ տվեցի նաեւ իմ գեղագիտական հաճույքներին, քանի որ հնարավորություն ունեի գնալու համերգներ, ցուցահանդեսներ, միջոցառումներ եւ այլ վայրեր: Հայաստանից շատ դրական տպավորություններ ունեմ, ընդհանրապես իմ կյանքի փիլիսոփայությունն այնպիսին է, որ մարդիկ են տվյալ վայրը լավ կամ վատ դարձնում»,- ասում է դեսպանը: Աչալ Կումար Մալհոտրայի կարծիքով` այսօր Հայաստանն ունի բոլոր այն խնդիրները, որ ունեն կայացման փուլում գտնվող պետությունները, իսկ դրանցից ամենակարեւորը` ստեղծել կայուն տնտեսություն եւ կարողանալ դիմակայել ֆինանսատնտեսական ճգնաժամին: Հայուհիները նույնքան գեղեցիկ են, որքան հնդկուհիները «Ես համոզված եմ, որ ճշմարտությունը եւ լավը միշտ հաղթանակում են, եւ եթե չես կարող ինչ-որ լավ բան անել մեկին, ապա վատ բաներ էլ մի արա, մի վնասիր: Ես հավատում եմ Կարմայի փիլիսոփայությանը, որի հիմնական իմաստն այն է, որ դու լավագույնս կատարում ես քո գործը եւ չես ակնկալում դրանից որեւէ բան, չես մտահոգվում արդյունքի համար»,- նշում է դեսպանը: Նրա կարծիքով` հայերը եւ հնդիկները շատ նմանություններ ունեն, նախ` կյանքի նկատմամբ վերաբերմունքում, ընտանեկան արժեքներով, օրինակ` երբ երեխաները խնամում են իրենց ծնողներին: Ըստ նրա` ծնողները ավագ տարիքում կարիք ունեն ֆինանսական, ֆիզիկական, էմոցիոնալ կայունության, ընտանիքի հոգածության, նա ինքն էլ, որտեղ որ աշխատել է, ծնողներին տարել է իր հետ: Ըստ դեսպանի` երկու ազգությունները շատ նման են խառնվածքով, շատ ջերմ սիրտ ունեն, սիրում են շփվել. «Չնայած հայերն իրենց համարում են եվրոպացիներ, բայց հոգու խորքում նրանք արեւելյան ազգ են: Հայերը փորձում են որոշ արժեքներ վերցնել Եվրոպայից, եւ պետք է ասեմ` զգույշ եղեք եւ վերցրեք միայն լավը, այդպիսի միտումներ կային նաեւ Հնդկաստանում 60-ականներին, երբ լավի հետ միասին նաեւ վատը վերցվեց, բայց ամեն ինչ արդեն կարգավորվել է, Եվրոպայից պետք է սովորել ժողովրդավարությունը, օրինապահությունը, հավասարությունը եւ այլն»: Վատ արժեքներից դեսպանը նշեց համասեռամոլությունը, կարծում է` դա հակառակ է բնությանը, քանի որ վերարտադրության համար բնությունը ստեղծել է կին եւ տղամարդ, որպեսզի նրանք միասին լինեն եւ վերարտադրվեն, եւ երկրագունդը շարունակի իր գոյությունը. «Պատկերացրեք, եթե ամբողջ հասարակությունը լինեն գեյեր կամ լեսբուհիներ, ապա 100 տարի հետո երկրագունդը բնակչություն չի ունենա»: Դեսպանի կարծիքով` հայուհիները նույնքան գեղեցիկ են, որքան հնդկուհիները. «Նրանք եւ սպիտակամաշկ են, ինչպես եվրոպացիները, եւ սեւահեր, ինչը հատուկ է արեւելյան երկրների մարդկանց, այս երկուսի համադրությունը շատ գեղեցիկ է ստացվում: Ձեր տղաները գեղեցկությամբ զիջում են աղջիկներին»: Ինչ վերաբերում է հայ ընկերներին, ապա զրուցակիցս նշեց, որ ընկերանալու համար շատ ժամանակ է պահանջվում, իսկ ինքը մի քանի ամիս առաջ է ժամանել Հայաստան եւ առայժմ շփվում է այն մարդկանց հետ, ովքեր Հնդկաստանի հետ ինչ-որ առնչություն ունեն, օրինակ` նախկին դեսպան, Հնդկաստանում սովորած մարդիկ: Դեսպանը ամեն շաբաթ գոլֆ է խաղում Դեսպանի հոբբիներն են` ընթերցանությունը, գոլֆ խաղալը, ճանապարհորդելը: Աչալ Կումար Մալհոտրան կարդում է երկու տիպի գրքեր` ընդհանուր տեղեկությունների համար, իմանալու, թե ինչ է կատարվում աշխարհում եւ Հայաստանում, եւ գեղարվեստական գրականություն, մասնավորապես` հնդկական: Ամեն շաբաթ եւ կիրակի, 2-4 ժամ դեսպանը Վահագնի թաղամասում գոլֆ է խաղում հայերի, միջազգային կառույցների տարբեր պաշտոնյաների հետ: Գոլֆը նա որակեց որպես հանգիստ խաղ, երբ կարող ես զբոսնել, լսել թռչունների ձայնը, խոսել մարդկանց հետ եւ խաղալ, գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Արարատը, միաժամանակ եւ շփվում ես, եւ հանգստանում, եւ ընկերներ ես ձեռք բերում: Հայկական խոհանոցից սիրում է իշխան ձուկ, խորոված` մի քիչ համեմունքներ ավելացնելով: Դեսպանը նշեց, որ երբ ժամանեց Հայաստան, եղանակն այնքան էլ լավ չէր, ուստի այցելել է միայն Երեւանին մոտ տեսարժան վայրեր` Գառնի, Գեղարդ, Խոր Վիրապ, Սեւանա լիճ, Իջեւան: Նախատեսում է այցելել մարզեր, հանդիպել մարզպետների հետ, կայցելի նաեւ Լոռու շրջանի մի դպրոց, որի վերակառուցմանն աջակցում է Հնդկաստանը: Դեսպանը ռուս դասականների ստեղծագործությունները կարդացել է բնագրով. «Հնարավոր է, որ ռուսերենով կարդացել եմ հայ գրողներին, բայց ինձ թվացել է, որ դրանք ռուս են կամ սովետական գրողներ: Հայաստանը պետք է այնպես ներկայացնի իր մշակույթը, որ ամբողջ աշխարհը ճանաչի այդ հայերին: Փորձում եմ թարգմանությունները ձեռք բերել եւ կարդալ, տեսել եմ առայժմ «Գայանե» բալետը: Եղել եմ հայկական բուհերում, պատրաստվում եմ մոտ ապագայում այցելել Մատենադարան, Ազգային պատկերասրահ, թանգարաններ, ցուցահանդեսներ»: «Թող աշխարհը դառնա մեկ ամբողջական ընտանիք» Այստեղ Աչալ Կումար Մալհոտրան ապրում է կնոջ հետ: Ունի մեկ որդի, ով տնտեսագիտություն է սովորում Վիեննայում: Դեսպանը դեմ չէ, որ տղան հայուհու հետ ամուսնանա, ասում է` դա իր ընտրության հնարավորությունն է, եւ եթե իր տղան կարողանա իր ընտրյալի հետ շփվել, այսինքն` ընդհանուր լեզու լինի, ապա ոչ մի խնդիր չկա. չէ՞ որ հայուհիները ամենագեղեցիկն են: Թեեւ երազանքների կատարմանը չի հավատում, այնուամենայնիվ, դեսպան Մալհոտրան նշեց մի քանիսը. «Ես երազում եմ ապրել նորմալ, առողջ կյանքով, որ իմ կյանքի վերջին տարիներին ես եւ կինս հաշմանդամ չլինենք եւ ապրելու համար ստիպված չլինենք դիմել դեղերի կամ արհեստական սարքավորումների, ուզում եմ, որ իմ տղան հաջողության հասնի իր կյանքում, ամուսնանա: Իսկ գլոբալ առումով կցանկանամ, որ աշխարհը դառնա մեկ ամբողջական ընտանիք, որտեղ չեն լինի սահմաններ, բաժանումներ, թշնամություն, պատերազմ, կլինի միայն խաղաղություն, եւ ամեն մեկը կունենա հնարավորություն շփվելու եւ զարգանալու: Մեկ երազանք էլ ունեմ` գրել գիրք Հնդկաստանի ուղու, զարգացման մասին: Արդեն մոտավոր պատկերացնում եմ, թե ինչպես կգրեի, հնարավոր է` նույնիսկ Հայաստանում սկսեմ գիրքը գրելը»: Աչալ Կումար Մալհոտրան գոհ է իր աշխատավարձից. «Հնդկաստանը եւս զարգացող երկիր է եւ շատ լավ հոգ է տանում իր դիվանագետների մասին, մեզ ապահովում են բնակարանով, փոխադրամիջոցով, կարողանում ենք ճանապարհորդել, երեխաների կրթությունն է ապահովում, բժշկական ծախսերն է հոգում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter