HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վարկը տալիս են գյուղատնտեսությունը զարգացնելո՞ւ, թե՞ գյուղացուն կործանելու համար

Սովորաբար իրենց վատ կյանքի, կառավարության սխալ քաղաքականության եւ նմանատիպ այլ խնդիրներից լրագրողներին դժգոհում են հասարակ գյուղացիները: Վերջին մի քանի ամիսների ընթացքում նույն խնդիրների մասին դժգոհությամբ խոսում են նաեւ համայնքապետարանի աշխատակիցները: Արմավիրի մարզի Նոր Արմավիր համայնքի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Եղիշե Մարտոյանը «Հետքի» հետ զրույցում դժգոհեց ոչ միայն գյուղացիների, այլեւ իր անունից. ինչպես համագյուղացիները, ինքն էլ վարկերի «տակ է»: Քարտուղարը նշեց, որ գյուղի 95 տոկոսը հայտնվել է վարկային սարդոստայնի մեջ եւ չի կարողանում դուրս գալ: «Այսօր համայնքի բնակիչների մի մասը դատական գործընթացների մեջ է: Մարդիկ վարկերը չեն կարողացել փակել, վարկ տվող կազմակերպություններն էլ դիմել են դատարան: Մի բանկից վերցնում ենք, մյուսն ենք փակում, ու այդպես մի 3-4 բանկից գյուղացիները վարկեր ունեն: Այդ վարկային շղթան մարդկանց հասցրել է այն ծայրահեղ վիճակի, որ այլեւս չեն կարողանում վարկ վերցնել: Հիմա էլ հարկադիր կատարողներն են այցելում գյուղ, բռնագանձումներ են անում»,- ասում է Ե. Մարտոյանը: Նոր Արմավիրն ունի 2150 բնակիչ: Ամեն տարի մոտ 100 հոգի գյուղից մեկնում է արտագնա աշխատանքի: «Մարդ կա` պարտքերի ու վարկերի պատճառով է գնում, մարդ էլ կա` տեսնում է, որ հողից եկամուտ չկա, չի ուզում հող մշակի ու գնում է: Մարդ էլ կա` ուզում է գնա, բայց ինքնաթիռի փող չունի: Ռուսաստանից 5-6 հազար դոլար փող են բերում, էլի իրենց յոլա են տանում»,- պատմում է Եղիշե Մարտոյանը: Նոր Արմավիրում հիմնականում վարկ են վերցրել «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ից: Վարկառուներ կան նաեւ «Կամուրջ», «Արեգակ», «Ֆինքա» վարկային կազմակերպություններից: Վարկ վերցրած գյուղացու համար հիմնական դժվարությունը բարձր տոկոսադրույքներն են ու վարկի կարճաժամկետությունը: «Վարկ վերցնելիս գյուղացին հաշվարկներ է անում, որ տարվա եկամտով կարող է վարկը փակել, բայց տարվա վերջում կամ իրացման խնդիրներ են լինում, կամ էլ բնական աղետներն են վնաս հասցնում գյուղացուն: Վարկերն էլ կարճ ժամանակով են տալիս, ասենք` մեկ տարով, եթե մեկ տարվա ընթացքում չեն կարողանում դա փակել, այլ տեղերից են վերցնում, որ նախորդի գումարը փակեն: Բանկային ծառայությունների վճարներն էլ շատ թանկ են, ու գյուղացին ավելի է տուժում»,- նշում է Ե. Մարտոյանը: Նոր Արմավիր գյուղում վարկառուների մոտ 40 դատական գործ կա եւ դրանց թիվը գնալով ավելանում է, քանի որ գյուղացիները չեն կարողանում վարկերը մարել, իսկ բանկերն ու վարկային կազմակերպություններն այն բռնագանձելու պահանջով դիմում են դատարաններ: Գյուղացիների մի մասը, չկարողանալով վարկի գումարը փակել, արդեն վաճառել է տները, նրանց մի մասի հողերն էլ դատարանի որոշմամբ աճուրդի են դրված: Գյուղացիները վարկերը վերցրել են հիմնականում գյուղատնտեսությունը զարգացնելու եւ անասուններ գնելու համար, սակայն ոչ միայն չեն կարողացել տնտեսությունը զարգացնել ու ավելացնել անասնագլխաքանակը, այլեւ զրկվել են իրենց ունեցվածքից: Եղիշե Մարտոյանը մտավախություն ունի, որ այս տարի «տնազուրկ» գյուղացիների թիվը Նոր Արմավիրում կավելանա: Այս տարի գյուղացիները վարկ էին վերցրել` հուսալով, որ կվաճառեն ծիրանի բերքը ու կփակեն վարկի գումարները, սակայն վաղ գարնան ցրտահարությունից վնասվել է այգիների ամբողջ բերքը: «Վերջին տարիներին Կառավարությունն ինչպե՞ս է փոխհատուցել գյուղացիների վնասները»,- հարցրինք համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարին: Նա մեծ դժվարությամբ հիշեց, որ մի քանի տարի առաջ, որպես ցրտահարության վնասի փոխհատուցում, գյուղացիներին հատկացրել են մի քանի կգ պարարտանյութ: «Ամեն տարի գյուղացու գլխին մի փորձանք գալիս է: Ոչ մի տարի դրամական օգնություն մեր գյուղին չի եղել»,- ասում է Ե. Մարտոյանը: Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը վարկ է վերցրել «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ից` գյուղատնտեսությամբ զբաղվելու եւ տան վերանորոգման համար: Ե. Մարտոյանի հաշվարկներով` միայն դրամ-դոլար փոխարժեքի տատանումներից մեկ ամսվա ընթացքում մոտ 3 հազար դոլարի չափով վնաս է կրել: «Պետք է երկարաժամկետ ու ցածր տոկոսադրույքով վարկ տան, որ մարդիկ կարողանան դրանք փակել ու ոտքի կանգնել: Ռուսաստանը ո՞նց տոկոսները սառեցրեց: Մեր մոտ էլ պետք է քայլեր ձեռնարկեն, որ ժողովուրդը ոտքի կանգնի: Մարդ կա` գնացել է մասնավորից 10 տոկոսով փող է վերցրել, որ տանի բանկի վարկը փակի: Ահավոր, սարսափելի վիճակ է»,- ասում է Ե. Մարտոյանը: Գյուղացու համար բավականին բարձր են նաեւ ոռոգման ջրի վարձավճարները` 1 հա-ի համար 70-80 հազար դրամ: Վառելանյութը նույնպես թանկացել է, ինչն էլ ավելի է ծանրացնում նրանց վիճակը: «Անցյալ տարի 7 հա հող եմ մշակել, ինձ 150 հազար դրամ եկամուտ մնաց: Հազիվ կարողացա հարկ ու տուրքը տալ ու բանվորներին վճարել: Ձմերուկ ու սոխ էի ցանել, մոտ 700 հազար դրամի միայն ձմերուկից եմ վնաս կրել, սոխով էլ փոքր-ինչ վնասներս կոմպենսացրի: Ձմերուկը չէր վաճառվում, մնաց դաշտի մեջ, փչացավ»,-ավելացրեց Ե. Մարտոյանը: Նա անցյալ տարի գործարանին չի կարողացել հանձնել նույնիսկ խաղողի բերքը, թեեւ պայմանագիր է ունեցել Մասիս քաղաքի կոնյակի գործարանի հետ: Գործարանը կգ-ը 130 դրամով պայմանագիր էր կնքել գյուղացիների հետ, սակայն այդպես էլ նրանց բերքը գործարանում չեն ընդունել: «6 տոննա խաղողի համար պայմանագիր ունեի կնքած: Խաղողս քաղեցի, տարա հասցրի Մասիս, բայց գործարանը փակել էին, խաղող չէին ընդունում: Օր էին գրել փակցրել, թե երբ կարող եմ տանել խաղողս հանձնել, հենց այդ օրն էլ տարել էի, բայց գործարանը փակել էին ու չընդունեցին: Ստիպված` հետ բերեցի տուն, հաջորդ օրը ծանոթով-բանով տարել, 80 դրամով Էջմիածնի գինու գործարանին եմ հանձնել: Այնտեղ էլ գումարը միանգամից չտվեցին: Բայց եթե այդ գնով էլ չտայի, պիտի տանեի թափեի»,- պատմում է Եղիշե Մարտոյանը: Նա մտավախություն ունի, որ այս տարվա խաղողն էլ չի կարողանալու իրացնել: Նախորդ տարիներին այս ամիսներին գործարանները խաղողի մթերման պայմանագրեր էին կնքում գյուղացիների հետ, բայց այս տարի դեռ տեղաշարժ չկա: Միայն ՄԱՊ գործարանն է պայմանագրեր կնքել, սակայն նախորդ տարվա 120-130 դրամի փոխարեն այս տարի 100 դրամով է խաղողը մթերելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter