HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Իջեւանի գործը հասավ նախագահական պալատ

Ապրիլի 8-ին, Սեւանի վարչական դատարանում կշարունակվի Իջեւանի ավագանու նախկին անդամներ Վարդան Ղալումյանի, Վարդան Օրդինյանի եւ Էդգար Ասլանյանի, իսկ հաջորդ օրը` Արտակ Խաչատրյանի եւ Վահե Ղալումյանի հայցերով դատավարությունները: Ավագանու անդամները պահանջում են չեղյալ համարել ավագանու նիստերից անհարգելի բացակայելու պատճառաբանությամբ իրենց լիազորություններից զրկելու Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի կազմած արձանագրությունները եւ վերականգնել ավագանու անդամի իրենց լիազորությունները: Հիշեցնենք, որ ավագանու անդամների լիազորությունները դադարեցնելու քաղաքապետի գործողություններից առաջ` 2009 թ. հոկտեմբերի 6-ին, համայնքի ավագանու 13 անդամներից 8-ը ավագանու նիստ գումարելով` պահանջել էին Վարուժան Ներսիսյանի պաշտոնանկությունը: Վարչական դատարանում դատավարությունները մոտենում են եզրագծին` վճռի հրապարակմանը: Սակայն դրանով ավագանի-քաղաքապետ հակամարտությունը հազիվ թե հանգուցալուծվի: Իջեւանի ավագանու անդամները Վարուժան Ներսիսյանի գործողությունների դեմ նամակով դիմել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` ակնկալելով երկրի ղեկավարի միջամտությունը: Այս կապակցությամբ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը մարտի 26-ին նախագահական պալատում ընդունել է ավագանու անդամներ Սուրեն Մանուկյանին, Վարդան Ղալումյանին եւ Գրիգոր Դանիելյանին: Ապրիլի 1-ին Իջեւան է ժամանել նախագահի վերահսկողական ծառայության հանձնախումբը, որը առանձին-առանձին հանդիպել է Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի եւ ավագանու անդամների հետ: Ավագանու անդամները կասկածում են նախագահի վերահսկողական ծառայությանը Իջեւանի քաղաքապետի ներկայացրած` ավագանու նիստերին ավագանու անդամների ներկա-բացակայի գրանցամատյանի իսկությանը: Այս գրանցամատյանում գրառումները սկիզբ են առնում 2008 թ. նոյեմբերի 11-ից: «Ինչու՞ ավագանու նիստերի այդ գրանցամատյանում անցած 2 տարում բոլոր գրառումները նույն գրչով են արվել, ինչու՞ նիստերին մասնակցածներից ոչ մեկի ստորագրությունը չկա: Նույնիսկ քաղաքապետի կողմնակից ավագանու անդամներն այնտեղ չեն ստորագրել»,- ասում են ավագանու անդամներ Վարդան Ղալումյանը, Վահե Ղալումյանը, Վարդան Օրդինյանը: Նրանք անցյալ տարի բազմիցս բանավոր դիմել էին քաղաքապետին` ստանալու ավագանու որոշումների արձանագրությունները: Սակայն այդ պահանջները չեն կատարվել: 2009 թ. սեպտեմբերի 30-ին ավագանու 7 անդամներ գրավոր դիմել են քաղաքապետ Վ. Ներսիսյանին` պահանջելով 2005 թվականից մինչ այդ պահը Իջեւանի ավագանու բոլոր նիստերի վերջնական արձանագրությունների` օրենքով վավերացված պատճենները: Գրավոր դիմումը քաղաքապետն անպատասխան է թողել: Ավագանու անդամները նույն պահանջով 2009 թ. նոյեմբերի 27-ին դիմել են Սեւանի վարչական դատարան: Դատարանը հայցը դեկտեմբերի 10-ին վարույթ է ընդունել: Քաղաքապետ Ներսիսյանը ավագանու հայցադիմումի առնչությամբ Վարչական դատարան պատասխան չի ներկայացրել: 2010 թ. փետրվարի 17-ին սկսված դատավարությանը չի մասնակցել ոչ Իջեւանի քաղաքապետը, ոչ նրա ներկայացուցիչը: Փետրվարի 23-ին Սեւանի վարչական դատարանը վճռել է ավագանու անդամների հայցը բավարարել, Իջեւանի քաղաքապետին պարտավորեցնել տրամադրել ավագանու նիստերի պահանջվող արձանագրությունները: Վճռի հրապարակումից 28 օր անց քաղաքապետը Վարչական դատարանի սույն վճիռը բողոքարկել է Վճռաբեկ դատարան: «Մի՞թե Վարուժան Ներսիսյանը կարծում է, որ շանս ունի Վճռաբեկ դատարանում հաղթելու, որ ավագանու արձանագրություների պատճենները չտրամադրելը կարող է օրինական ճանաչվել»,- տարակուսում է ավագանու անդամ Սուրեն Մանուկյանը: Ավագանու անդամները դիմել էին Իջեւանի Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնի աջակցությանը` ստանալու ավագանու նիստերի արձանագրությունները, կենտրոնն էլ իր հերթին դիմել էր Իջեւանի քաղաքապետարան: Քաղաքապետարանը կենտրոնին տրամադրել է համայնքի ավագանու 2007, 2008 եւ 2009 թթ. նիստերի արձանագրությունների պատճենները: Սակայն այն, ինչ տրվել է կենտրոնին, միայն պայմանականորեն կարելի է անվանել ավագանու նիստի արձանագրությունների պատճեններ: Ճիշտ է` այդ պատճենների առաջին էջում կա քաղաքապետարանի կլոր կնիքի դրոշմը, աշխատակազմի քարտուղարի ստորագրությունը եւ գրություն. «Իսկականի հետ ճիշտ է: Աշխատակազմի քարտուղար` Բ. Թանանյան»: Իջեւանի ավագանու անդամներից վերցրինք այդ «արձանագրություններից» մի քանիսը: Դրանցից մեկում ավագանու 2007 թ. հուլիսի 18-ի նիստի օրակարգի 9-րդ կետը հետեւյալն է. «Համայնքի սեփականությունը հանդիսացող կոմունալ տնտեսության բազայում գտնվող գործարարական բակի 223.4 քմ պահեստի տարածքը աճուրդային վաճառքի ներկայացնելու մասին»: Պահեստի մեկնարկային գին է նշված 870000 դրամը: Զարմանալի է, որ նույն նիստի օրակարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետով ավագանին որոշել է հավանություն տալ քաղաքապետի առաջարկությանը եւ 223.4 քմ մակերեսով նույն պահեստը ներկայացնել աճուրդային վաճառքի` մեկնարկային գին սահմանելով նույն 870000 դրամը: Իսկ նույն նիստի օրակարգի 10-րդ կետով ավագանին որոշել է. «Հաստատել մրցութային, աճուրդային կարգով հողամասեր հատկացնելու եւ հողամասերին գնման նախապատվության իրավունք տալու մասին քաղաքապետի առաջարկությունը` մեկնարկային գին սահմանելով 1-ին գոտում 1 քմ-ի արժեքը` 1914 դրամ, 2-րդ գոտում 1քմ-ի արժեքը` 1242 դրամ (ցուցակը կցվում է): Այդ ցուցակի սյունակներից մեկում նշված է հողամասի հատկացման նպատակը` հասարակական կամ բնակելի կառուցապատման: «Հողամասի մեկնարկային գինը» սյունակում գրված է «մրց.», այսինքն` մրցութային, որոշ հողամասերի դիմաց նշված է 1242 կամ 1914 դրամ, մի քանի հողամասերի դիմաց նշում չկա, գիծ է դրված: Հողամասերի հասցեները մեծամասամբ անորոշ են, գրված են միայն փողոցների անունները: Որոշ դեպքերում դա էլ չկա: Օրինակ` հասարակական կառուցապատման նպատակով հատկացվող 150 քմ տարածքի հասցեն նշված է` «Լիլիթի մոտ»: Չնայած հողամասերը աճուրդային, մրցութային կարգով պիտի վաճառվեին, սակայն դրանց դիմաց կոնկրետ անուն, ազգանուն է գրված: Այդ ցուցակում նաեւ քաղաքապետարանի աշխատակազմի կամ քաղաքապետարանի ենթակայության հիմնարկների աշխատողներ կան` աշխատակազմի քարտուղար Բորիս Թանանյան, ֆինանսական բաժնի ղեկավար Վարազդատ Գեւորգյան եւ այլք: Զարմանալի անուններ են առկա հատկացվող հողամասերի դիմաց, օրինակ` «Ցեմենտ Յուրա», «Վերա», «փեսան», «կամբատ Արթուր», «Հակոբյան Արթուր (ավտոտնակ բեղլուի Էդո)», «Խառատյան Իշխան (կասետ ծախող)», «Օթարյան պահակ» եւ այլն: Հետաքրքիր է, որ չնայած ավագանու նիստի արձանագրության պատճեն-փաթեթի վերջում նշված են քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի եւ ավագանու նախկին կազմի անդամների անունները, սակայն նրանց ստորագրությունները բացակայում են: Այս թղթերը, չնայած առաջին էջում քաղաքապետարանի կնիքի դրոշմին եւ իսկականի մասին որպես հավաստիացում աշխատակազմի քարտուղարի ստորագրությանը, չի կարելի պաշտոնական փաստաթուղթ համարել: Այդ դեպքում ինչու՞ է Իջեւանի քաղաքապետարանը դրանք, որպես ավագանու արձանագրությունների պատճեններ, տրամադրել Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնին: Իջեւանի ավագանու անդամների վկայությամբ` ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության հանձնախմբի անդամների հետ ապրիլի 1-ին Իջեւանում ունեցած մեկժամյա հանդիպման ընթացքում իրենք հանձնախմբի մոտ եղած, քաղաքապետի տրամադրած ավագանու նիստերի արձանագրությունները նայելով` միայն թռուցիկ հայացքով դրանցում շուրջ 45 մլն դրամի ֆինանսական խախտում են նկատել: Առաջիկա օրերին Վերահսկիչ պալատը Տավուշի մարզում ստուգումներ է կատարելու: Նրանք ստուգումների համար բավական ժամանակ կունենան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter