HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արագածոտնի մարզում դեղնախտի դեպքեր են հայտնաբերվել

«Հետքը» մի քանի անգամ անդրադարձել է Արագածոտնի մարզի մի քանի համայնքների խմելու ջրի խնդրին: Մարզի մոտ 60 համայնքներում ջրամատակարարումն իրականացվում է համայնքապետարանների կողմից, եւ նրանք էլ պետք է ախտահանեն ջուրը` մինչ բնակչին հասցնելը: Համայնքապետերը կամ ալարում են ջուրը քլորացնել, կամ էլ` քլոր չեն ունենում, բնակիչներն էլ խմում են տարբեր «համեմունքներով» դեղին գույնի ջուր: Եղանակների տաքացմանը զուգահեռ` մարզում խմելու ջրի հարցը դարձյալ սրվել է: Ձնհալի ջրերը լցվում են խողովակները, եւ կեղտաջրերը հասնում են քաղաքացիներին: Այսօրվա մարզխորհրդի նիստի ժամանակ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը գյուղապետերին խիստ հրահանգեց, հատկապես այս օրերին կանխարգելիչ աշխատանքներ տանել` վարակիչ հիվանդություններից խուսափելու համար: Ս. Սահակյանը նշեց հատկապես Ծաղկահովիտ համայնքի ջրի խնդիրը, որը չի համապատասխանում սահմանված նորմերին: Ծաղկահովիտի գյուղապետ Նորաին Հակոբյանը մարզխորհրդի նիստին ներկա չէր: Մեզ հետ հեռախոսազրույցում «մարզխորհրդի նիստից անտեղյակ» համայնքապետն ասաց, որ վթարը վերականգնվել է, ու ինքը ժամանակին քլորացնում է ջուրը: «Մարտ ամսին բոլորի ջուրն է դեղին լինում, էս երկու օրը կարգավորվել է ջրի գույնը, քանի որ անձրեւներ չեն եկել»,-ավելացրեց Ն. Հակոբյանը: Այնուամենայնիվ վարակիչ հիվանդություններից խուսափել մարզին չի հաջողվել: Մարզպետարանի Առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիլվա Թադեւոսյանը «Հետքին» փոխանցեց, որ մարզում արդեն գրանցվել են դեղնախտի դեպքեր: Ս. Թադեւոսյանը վիճակը «տխուր» չհամարեց, քանի որ դեղնախտի դեպքեր հայտնաբերվել են նաեւ հանրապետության այլ մարզերում, եւ համաճարակի բռնկման վտանգ այս պահին չկա: «Դժվարանում եմ ասել, թե հիվանդության սկիզբը որտեղից է առաջացել: Չգիտեմ ջրի՞ց է, թե՞ այլ պատճառներ ունի, սանեպիդկայանը ստուգումներ է անում»,- ավելացրեց Ս. Թադեւոսյանը: Դեղնախտի 4 դեպք արձանագրվել է Կարբի գյուղում` բոլորն էլ աշակերտներ են եղել: Հիվանդությունից հետո ախտահանվել է դպրոցը, ճաշարանը, ինչպես նաեւ պատվաստվել են դպրոցի 150 աշակերտները: Դեղնախտի 4-5 դեպք հայտնաբերվել է նաեւ մարզի Եղիպատրուշ համայնքում: Նրանցից 2-ը ուսանողներ են, մեկը բժշկական համալսարանում է սովորում, մյուսը` Ագրարային համալսարանում: 2-ը աշակերտներ են: Այստեղ էլ 80 աշակերտ է պատվաստվել: Ընդհանուր առմամբ մարզում դեղնախտ հիվանդության դեմ պատվաստվել է 300 հոգի: «Երեկ եւ հիվանդության նոր դեպքեր չենք ունեցել, վիճակը կայուն է»,- ասաց Սիլվա Թադեւոսյանը: Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Արագածոտնի մարզի տարածքային կենտրոնի տնօրեն Ազնիվ Թորոսյանն էլ փոխանցեց, որ մարզում դեղնախտ հիվանդությունը ջրի միջոցով չի տարածվել, քանի որ «տարբեր համայնքներում է հիվանդության դեպքեր եղել»: Ըստ Ա. Թորոսյանի`այդ հիվանդության բռնկումները լինում են գարնանը եւ աշնանը: «Այսօր անձամբ եմ հանդիպել մարզպետի հետ եւ ներկայացրել եմ խմելու ջրի վիճակը: Ասեմ, որ շատ համայնքներում իրոք վիճակը մտահոգիչ է, քանի որ անձրեւաջրերի եւ ձյան հալոցքի ջրերը ներթափանցում են խմելու ջրի խողովակներ: Այս պահին չեմ կարող ասել, դա վտանգ ներկայացնում է մարդկանց համար, թե ոչ, բայց ամեն դեպքում պարտադիր կանխարգելիչ աշխատանքներ պիտի կատարվեն: Հակառակ դեպքում համաճարակի բռնկումներ կարող է լինել»,- ասաց Ազնիվ Թորոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter