HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մելիքգյուղի թնջուկը

Գյուղացիները նամակով դիմել են նախագահ Սերժ Սարգսյանին Արագածոտնի մարզի Մելիքգյուղը բարձրլեռնային գյուղ է` անբարենպաստ բնակլիմայական պայմաններով: Մարդկանց հիմնական զբաղմունքն այստեղ հողագործությունն ու անասնապահությունն է: Շուրջ յոթ ամիս տեւող ձմեռը, բնականաբար, իր բացասական ազդեցությունն է թողնում հողագործությամբ զբաղվող մարդկանց կենսակերպի վրա: Հաշվի առնելով այս հանգամանքը` Կառավարությունն արդեն երեք տարի է բյուջեից հատկացումներ է անում, սուբսիդավորում է բարձրլեռնային գոտու հացահատիկային մշակաբույսերի արտադրությունը: Հեկտարի համար 35 հազար դրամ է տրամադրվում հողի սեփականատերերին: Հաշվի առնելով ֆինանսատնտեսական ճգնաժամը` անցյալ տարի քննարկումներում առաջարկվում էր դադարեցնել սուբսիդավորումը եւ գումարներն ուղղել հակակարկտային կայաններ տեղադրելու գործին: Սակայն որոշվեց շարունակել սուբսիդավորումը, միաժամանակ գումար հատկացվեց հակակարկտային կայաններ հիմնելու համար: Առաջին հայացքից այս փաստը ողջունելի է, սակայն պարզվում է, որ Կառավարությունը Մելիքգյուղին գումար է հատկացնում, որպեսզի համայնքապետը գրպանի: Ճիշտ է, գործընթացը վերահսկում են մարզպետարանը, գյուղնախարարությունը, սակայն նրանց վերահսկողությունը սկսվում եւ ավարտվում է կերուխումով: Մեր ձեռքին է գյուղում օգնություն ստացածների ցուցակը: Ցուցակի մեջ կամ Մելիքգյուղի համայնքապետ Մհերիկ Մխիթարյանի հարազատների, կամ համայնքապետարանի պաշտոնյաների անուններն են: Ահավասիկ, Ջուլիետա Մխիթարյան` համայնքապետի մայրը, ստացել է 63 հազար դրամ, խնամին` Մանիկ Պետրոսյանը, ստացել է 87500 դրամ, Լյուդվիգ Քոչարյանը` համայնքապետարանի մասնագետը` 35 հազ. դրամ, Ջանիբեկ Մխիթարյանը` համայնքապետի հորեղբոր որդին, 70 հազ. դրամ: Ընդհանուր հաշվով` 1 մլն 729 հազ դրամ: Եվ այսքան գումարի դիմաց իրականացվել է ընդամենը մեկ հեկտար աշնանացան: Ճիշտ է, այս գործն ուսումնասիրվել է ՆԳ մարզային վարչության կողմից, սակայն, ինչպես նշել են գյուղացիները նախագահին գրած նամակում, իրենք «հույս չունեն, թե համայնքապետին այս գործի համար կպատժեն, դրա համար էլ դիմել ենք հանրապետութան նախագահին` հույս ունենալով, որ նա միջոցներ կձեռնարկի»: Մելիքգյուղի համայքապետը միայն սուբսիդավորման գումարները չի այսպես տնօրինել: Մհերիկ Մխիթարյանը համայնքապետարանի հաշվեկշռում գտնվող նախկին պոմպակայանի խողովակաշարը, առանց ավագանու նիստի որոշման, առանց խողովակների արժեքի գնահատման` սկսել է վաճառել ինչ-որ կազմակերպության: Համայնքապետը մեզ հետ զրույցում փորձեց արդարանալ` նշելով, թե դրանց վաճառքից ստաացված գումարով գազիֆիկացնելու է գյուղը: Սակայն մի բան պարզ է, որ գործընթացն անօրինական է, եւ հայտնի չէ, թե որքան գումար կմտնի համայնքապետարանի գանձարկղ: Գյուղացիների բարձրացրած աղմուկը համայնքապետին ստիպեց ժամանակավորապես դադարեցնել խողովակների արտահանումը, սակայն մինչ այդ նա հասցրել էր բացել ողջ խողովակաշարը, որի երկարությունը մի քանի կիլոմետր է, եւ որի մի մասը հասցրել է վաճառել: Այս փաստերը վաղուց հայտնի են թե Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին, թե մարզի դատախազ Համլետ Զաքոյանին, եւ նրանց անտարբերությունն է գյուղացիներին ստիպել նամակով դիմել նախագահ Սերժ Սարգսյանին: Չնայած` գյուղացիները չեն բացառում նաեւ, որ նամակը կմակագրվի մարզային իշխանություններին, որոնք էլ գործը կփակեն: Նորայր Գրիգորյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter