Սերժ Սարգսյան. «Հայաստանի համաչափ զարգացումը չափազանց կարևոր հանգամանք է»
Նախագահն աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզ
Ապրիլի 9-ին նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է եղել Իջևան քաղաքի ամբողջովին հիմնանորոգված բժշկական կենտրոնի բացման արարողությանը: Կենտրոնի արդիականացումն իրականացվել է Համաշխարհային բանկի «Հայաստանի առողջապահության համակարգի արդիականացում» վարկային ծրագրի շրջանակում և թելադրված է ՀՀ առողջապահության համակարգի օպտիմալացման ռազմավարությամբ, որի նպատակը բժշկական հիմնարկների գործունեության արդյունավետության և որակի բարձրացումն է:
Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, Իջևանում ստեղծված արդիական բժշկական կենտրոնը տեսասարքավորումների միջոցով միացված է նաև Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ու «էրեբունի» բժշկական կենտրոնների հետ, ինչը հնարավորություն է տալիս անհրաժեշտություն դեպքում օպերատիվ խորհրդատվական քննարկումներ կազմակերպել:
Այնուհետև Հանրապետության նախագահը Տավուշի մարզպետարանում մարզի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները քննարկել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի և մարզպետ Արմեն Ղուլարյանի հետ:
Իջևանից Սերժ Սարգսյանը մեկնել է Դիլիջան, որտեղ շրջայց է կատարել ՀՀ Կենտրոնական բանկի «Դիլիջան» տարածաշրջանային ֆինանսաբանկային համալիրի շինհրապարակում, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին, դիտել նախագծերը: Նախագահը եղել է նաև ֆինանսաբանկային համալիրի վարչական բնակելի շենքի շինհրապարակում:
Սերժ Սարգսյանն այցելել է նաև Դիլիջան քաղաքի բացօթյա ամֆիթատրոն, «Հին Դիլիջան-Թուֆենկյան» համալիր: ՀՀ նախագահին ներկայացվել են «Հին Դիլիջան» համալիրի վերակառուցման և նոր մասնաշենքի շինարարության նախագծերը:
Ապա նախագահ Սարգսյանը եղել է Դիլիջանում կառուցվելիք միջազգային դպրոցի տարածքում: «Տրոյկա Դիալոգ» ընկերության նախագահ Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է ծրագրի բովանդակությունն ու նախագծերը:
Նախագահը ողջունել է նախաձեռնությունը և հաջողություն մաղթել նրա հեղինակներին ու իրականացնողներին: Նրա խոսքով` «Հայաստանում, մանավանդ այս տարածաշրջանում չափազանց կարևոր է ունենալ ժամանակակից պահանջներին ամբողջովին համապատասխանող կրթական համալիր»:
Երկրի ղեկավարը միջազգային ինտերնատ-դպրոցի ստեղծումը կարևորել է մի քանի առումով: «Գաղտնիք չէ, որ մենք քանակով փոքր ենք և կարող ենք ունենալ հաջողություն միայն ու միայն որակի հաշվին: Իսկ լավ որակ կարելի է ձեռք բերել միայն օգտագործելով կրթության ժամանակակից ձևերը, ստանալ գիտելիք, այնուհետև այդ գիտելիքը հաջողությամբ ներդնել կյանքում: Այս նախաձեռնությունը ես կարևորում եմ նաև այն տեսակետից, որ մենք բազմիցս ասել ենք և հիմա էլ կրկնում ենք, որ Հայաստանի համաչափ զարգացումը չափազանց կարևոր հանգամանք է: Իհարկե, այսպիսի կրթահամալիրը պատիվ կբերեր նաև Երևանին, և Երևանն էլ անհրաժեշտություն ունի, բայց մի բան է, որ միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան այս կրթահամալիրը գտնվում է Երևանում, մի այլ բան, որ գտնվում է Դիլիջանում:
Այս նախաձեռնությունը ես կարևորում եմ նաև այն տեսակետից, որ պարբերաբար մեր կոչերին արձագանքում են արտերկրում հաջողության հասած մեր հայրենակիցները: Սա շատ կարևոր և պարտավորեցնող հանգամանք է մեզ համար (նկատի ունեմ ինչպես հանրապետական, այնպես էլ մարզային իշխանություններին): Մենք պետք է կարողանանք համապատասխան աջակցություն ցուցաբերել, որպեսզի այսպիսի նախաձեռնությունների և նախաձեռնողների քանակը լինի շատ մեծ: Սա մեզ համար էական հանգամանք է»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Նախագահը շնորհակալություն է հայտնել Ռուբեն Վարդանյանին, նրա տիկնոջը այս նախաձեռնության համար և մեկ անգամ ևս կոչ արել հաջողության հասած մեր բոլոր հայրենակիցներին` հանդես գալ նախաձեռնություններով, որոնք ևս կնպաստեն Հայաստանի առաջընթացին:
Նախագահ Սարգսյանը մասնակցել է նաև ծրագրի մեկնարկը խորհրդանշող ծառատունկին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել