HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

Մեծ իրարանցում նախագահականում Երկու օր առաջ` ուշ երեկոյան, նախագահականում մեծ իրարանցում էր։ Ոմանց թվացել էր, թե պատճառը Գալուստ Սահակյանի ծննդյան տոնն է, սակայն, թերթի աղբյուրի փոխանցմամբ, առիթը նախագահի առաջիկա հանդիպումն է Վաշինգտոնում Թուրքիայի վարչապետին։ Նախագահականում էին հավաքվել վարչապետը, ԱԺ նախագահը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Դատելով այս կազմից և հավաքի լրջությունից` կարելի է ենթադրել, որ սպասվող հանդիպումը մեր երկրի համար բեկումնային է լինելու։ Ի դեպ, ինչ վերաբերում է այդքան աղմուկ հանած ու հետին պլան մղված «Ճանապարհային քարտեզին»՝ վերջերս ռուսական լրատվամիջոցներից մեկը, հղում կատարելով ամերիկյան փորձագետներինց մեկին, նշել էր, թե ԱՄՆ պետքարտուղարությունը նոր ճանապարհային քարտեզ է պատրաստում, և առաջիկայում ներկայացվելու է պաշտոնական Երևանին ու Անկարային։ Մի ոլորտի չանդրադարձավ Երկարատև ընդմիջումից հետո երեկ Սերժ Սարգսյանը, Տավուշի մարզ այցելելիս, անդրադարձավ մի շարք հրատապ խնդրիների։ Անդրադառնանք այդ ելույթում տեղ գտած՝ մեր հասարակությանն ու միջազգային հանրությանն ուղղված ուղղված հիմնական «մեսիջներին». 1. Վարչապետը մոտ ժամանակներս աշխատանքից չի ազատվի։ Դա ճիշտ որոշում է՝ ոչ այն պատճառով, որ վարչապետն  ու կառավարությունը լավ են աշխատում։ Պարզապես նրանք ելնում են սխալ հայեցակարգից: Մինչև նոր հայեցակարգ չառաջարկվի, անձը փոխելը ոչինչ չի տա։ 2. Հայաստանը գտնվում է խորը տնտեսական ճգնաժամի մեջ, բայց դրա պատճառները զուտ տնտեսական չեն։ Այստեղ նախագահը դարձյալ իրավացի է, բայց պետք է նշել ճգնաժամի իրական պատճառները՝ աննախադեպ կոռուպցիայի վրա հիմնված իշխանության և բիզնեսի սերտաճումը, ինչպես նաև օլիգարխների անօրինական մենաշնորհները։ 3. Քոչարյանը նախագահի դեմ դավեր չի նյութում։ Խիստ կասկածելի է։ Պալատական խարդավանքը այդ գործչի կենսակերպն է։ Բացի այդ, խնդիրն ամենևին այն չէ, որ երկրորդ նախագահը տեսակետ է արտահայտում, այլ այն, թե ինչպես, ինչպիսի բառապաշարով է դա անում։ 4. Ղարաբաղը շրջապատող շրջաններից ոչ մեկը տեսանելի ապագայում Ադրբեջանին չի հանձնվի։ Հավատում եմ։ Բայց պետք է պատրաստ լինել, որ այդ որոշումից հետո մեր հարաբերությունները Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ կվատանան։ Մասնավորապես, Արևմուտքի կողմից կկիրառվեն շանտաժի այն ձևերը, որոնց մասին խոսում էր առաջին նախագահը շաբաթվա սկզբին կայացած հանրհավաքում։ Իսկ մեր վերնախավը, ինչպես հայտնի է,  շանտաժի բազմաթիվ առիթներ է տալիս։ 5. Հայաստանը շուտով հետ կվերցնի իր ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից։ Լավ է ուշ, քան երբեք։ Ժողովրդավարության, խոսքի ազատության, արդար դատաքննության, մարտի 1-ի, քաղբանտարկյալների վերաբերյալ խոսք չի բացվել։ Այս ոլորտում, համաձայնեք, մեր վիճակը առավել ողբալի է։ Ավելին, համոզված եմ, որ այստեղ է մնացած խնդիրների բանալին։ Այն փաստը, որ նախագահը դրա մասին չխոսեց, վկայում է այն մասին, որ հիշյալ բնագավառի և մնացած խնդիրների պատճառահետևանքային կապի գիտակցությունը, կարծես թե, առայժմ չկա։ Դեմոկրատ թուրքերը Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթողրուլ Գյունայն հաստատել է Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում կրոնական արարողություններ անցկացնելու մասին նախարարության համաձայնությունը։ Նա ասել է, որ նախարարությունը թույլատրել է թանգարանի կարգավիճակ ունեցող Սուրբ Խաչ հայկական եկեղեցում և Սումելայի հունական Ուղղափառ եկեղեցում հատուկ նշանակության օրերին կրոնական ծիսակատարություններ անցկացնել, ինչն «ամբողջությամբ համապատասխանում է իշխանությունների ձգտմանը՝ հասնելու թուրքական հասարակության կյանքի բոլոր կողմերի դեմոկրատացմանը»։ Փաստաբանները չեն ցանկացել միջոց դառնալ Թիվ 10 ընտրական տեղամասում ԱԺ պատգամավորի թեկանծու, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի փաստաբաններ Վահե Գրիգորյանն ու Վահե Հովսեփյանը երեկ Սահմանադրական դատարանում հրաժարվել են Փաշինյանի շահերի պաշտպանությունից։ «Մենք հրաժարվեցինք, որովհետև Սահմանադրական դատարանը մեր մասնակցությունը դատաքննությանն օգտագործում էր մեր վստահորդի սահմանադրական իրավունքների և ազատությունների խախտման նպատակով։ Մենք դատարանին հայտարարեցինք, որ մի կողմից ցանկություն չունենք, իսկ մյուս կողմից՝ իրավունք չունենք նման գործընթացի մեջ ներգրավվելու և մեր վստահորդի շահերի դեմ որևէ միջոցի ծառայելու»,- իրավիճակն այսպես է պարզաբանել Վահե Գրիգորյանը։ Փաստաբանների հայտարարությունից հետո ՍԴ-ն անցել է խորհրդակցական սենյակ՝ իր հետագա քայլերը որոշելու համար։ Իր հետագա քայլերի մասին ՍԴ-ն կհայտնի լրացուցիչ։ Հիշեցնենք, որ թիվ 10 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանը դիմել է ՍԴ և վիճարկում է թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ի ընտրությունների արդյունքները։ Երեկ Փաշինյանի փաստաբանները ՍԴ-ին ներկայացրել են 5 խումբ խախտումներ, որոնք ներառում են Փաշինյանի՝ պատգամավորի թեկնածու գրանցումից մինչև ընտրությունների ավարտն ընկած ժամանակահատվածում կատարված ապօրինություններն ու բռնությունները։ Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն իր փաստաբանների միջոցով ՍԴ-ին միջնորդել էր իր հայցի քննության ընթացքում ապահովել իր ներկայությունը, սակայն դատարանն այդ միջնորդությունը մերժել է։ «Փաշինյանի ներկայությունը պարտադիր է, քանի որ նա ունի բազմաթիվ միջնորդություններ՝ ապացույցների հետազոտման, ձեռք բերման և գնահատման հետ կապված»,- հայտարարել է Վահե Գրիգորյանը։ Անիմաստ փորձեր «Եթե հայկական կողմը չի ընդունում Մինսկի խմբի միջնորդների ներկայացրած առաջարկները, ապա կարծում եմ, որ անհրաժեշտ է վերանայել բանակցությունների ընթացքը և սկսել նոր փուլ»,- երեկ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, թե ղարաբաղյան խնդրի կարգավորումը տարածաշրջանի ընդհանուր զարգացման և նոր հարաբերությունների կարգավորման համատեքստից հանելու բոլոր փորձերն «անիմաստ» են. «Դա է հիմնական խնդիրը և խոչընդոտը»։ ՔՍՄ-ն հորդորում է Անկարային վերանայել հայերի կոտորածները Գերմանիայի Քրիստոնեա-սոցիալիստական միությունը կոչ է անում Թուրքիային վերանայել 20-րդ դարասկզբին հայերի դեմ իրագործված եղեռնը (բնագրում՝ Massaker)։ «Թուրքիան վերջապես պիտի անկեղծ և հրապարակավ հանդես գա այս խնդրով»,- «Մյունշեներ Մերկուր»-ին իր պահանջն այսպես է ձևակերպել ՔՍՄ-ի գլխավոր քարտուղար Ալեքսանդր Դոբրինդտը Մյունխենում։ Այն, որ Թուրքիայում ցայսօր հայերի հանդեպ իրագործված ոճրագործության վերաբերյալ ազատ բանավեճի հնարավորություն չկա, վկայում է այնտեղ կարծիքի ազատության վիճակի մասին, ծանուցում է գերմանական լրատուն։ «2005թ.-ին Բունդեսթագի բանաձևով հորդորել էինք անվերապահ վերանայել հայոց կոտորածները, բայց Թուրքիան մեր կոչն անուշադրությամ մատնեց»,- ասել է ՔՍՄ-ի գլխավոր քարտուղարը։ «Մի կողմից այդ երկիրն ուզում է ԵՄ մտնել, մյուս կողմից՝ հայերի կազմակերպված տեղահանումն ու բնաջնջումը լիովին չի խոստովանում։ Պետության մռայլ էջերի վերանայումը եվրապական արժեքային մշակույթի պայման է։ Թուրքիան շատ հեռու է դրանից»,- ասել է Ալեքսանդր Դոբրինդտը։ 1915-17-ին 1.5 մլն հայեր թուրքական զինուժի կողմից կոտորվեցին և մահվան աքսորի ճանապարհին սպանվեցին։ Օսմանյան կայսրության ծնունդ Թուրքիան բոլոր միջոցներով ուզում էր խափանել հայերի անկախության ձգտումները։ Անկարան մինչև օրս էլ հրաժարվում է անցյալի այս հատվածը վերանայելուց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter