HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Վանաձորցի կանայք դեռ վախենում են ազատագրվելուց

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի «Գենդերային ուղղորդում մարզային հասարակական կազմակերպությունների համար» ծրագրի շրջանակներում Վանաձորում կազմակերպված դասընթացին հրավիրված էին մի շարք ՀԿ-ների կին ղեկավարներ և անդամներ: Դասընթացը նպատակ ուներ պարզելու, թե մարզերում գործող կազմակերպությունները որքանով են հետաքրքրված գենդերային հիմնախնդիրներով: Գենդերային տեսանկյունից իրենց կարողությունների չափազանց ցածր գնահատմամբ վանաձորյան կազմակերպությունները ևս մի անգամ հաստատեցին, որ հասարակության հեղափոխման գործում որևէ դերակատարում չունեն: «Մի կազմակերպությունը չի կարող մտածելակերպ փոխել: Շրջապատը, հասարակությունն էսպես ա»,- վստահեցրին ներկաները: Նրանք այնուամենայնիվ գիտակցում են, որ պետք է միասնական լինեն և իրազեկ` իրենց իրավունքների մասին: «Կանայք, իրենց իրավունքներն իմանալով, կգնան մինչև վերջ»,- ասում են: Այսուհանդերձ, կարծրատիպերը ոչ մի կերպ չեն հաղթահարվում. «Գիտես, որ եթե ձգտես, անպայման կհասնես, բայց չես դիմում այդ քայլին: Շատ չես կարող բացվել, կաշկանդվածությունը կա»,- անկեղծացավ կանանցից մեկը, իսկ մյուս կանայք հաստատեցին: Նրանց համոզմամբ` երիտասարդներն այս առումով ավելի առաջադեմ են. «Երիտասարդությունն ավելի բացված ա, քան մեր ժամանակներում»: Ինչ վերաբերում է գենդերային հավասարությանը, կանանց և տղամարդկանց փոխհարաբերություններին, կանանց հնարավորությունների ընդլայնմանը, նրանց մասնակցությանը հասարակական, քաղաքական, մշակութային գործընթացներին, ապա Վանաձորի կանայք ոչ այնքան առաջադեմ կարծիքներ հնչեցրին: Այսպես, ըստ նրանց, անհրաժեշտ է նախևառաջ միջավայր ապահովել կանանց համար. «Անհրաժեշտ է ոլորտներ փնտրել, ոլորտներ չկան», «Շփման առումով պետք չէ մեկուսացնել»: Թեև վերջին շրջանում վանաձորցի կանայք մեծ մասամբ ընդգրկված են ընտրական գործընթացներում` ընտրական հանձնաժողովներում, դիտորդական խմբերում, բայց թերևս մեծագույն հերոսություն է նրանց կողմից հայտնվել մի ընտրատեղամասում, որտեղ «40 տղամարդ ա, և միայն դու` կին»: Կա նաև սխալ հասկացվելու վախը. «Հենց էդ վախն ա` ինչպես կդիմավորի ամբոխը»: Հասարակության կարծիքի հետ հաշվի նստելու կամ այն անտեսելու երկվությունն է, որ պիտի լուծեն կանայք: Կան ուրիշներ, որոնք «չեն ուզում ծանրանբեռնվածության տակ մտնել, պատասխանատվություն կրել», «ժամանակ չունեն, ժամանակն այլ բանի վրա են ծախսում. ընտանիք ու երեխաներ ունեն»: Կանանցից մեկը բերում է (խորհրդային վաղեմության) մի օրինակ իր անձնական կյանքից. «Ոչ ոք շալվար չէր հագնում, իսկ ես շատ էի ուզում: Հենց որ սկսեցին հագնել, հագա ու էլ չհանեցի»: «Բայց ամեն մարդ չի, որ առաջինը ծափ կտա»,- նրան շարունակում է մի ուրիշը: Մինչդեռ այդ նույն կինը հավատացնում էր, որ ամուսնու կողմից բռնության ենթարկվելով` կապավիներ օրենքին (հետո ինքն էլ կասկածեց` երևի թե կդիմեմ): Կանայք հավատացրին, որ Վանաձորում բռնության ենթարկված, արհամարհված կանանց մեծ մասը թողնում հեռանում է ամուսիններից. «Կանայք հիմա ավելի ազատ են, սկսել են ապրել իրենց համար, ոչ թե հասարակության (կոպիտ ասած): Բայց կան նաև այնպիսիք, որոնք ամոթից դրդված հանդուրժում են»: Կանայք պնդում են, որ պետք է հաշվի առնել արժեքները, պաշտել ավանդույթները, ազգային մշակույթը: Ծրագրի մասնակիցների հավաստիացմամբ` ստեղծվել է սեռական բռնության ենթարկվածների թեժ գիծ: Բայց բռնության ու շահագործման ենթարկված կանայք խուսափում են իրենց խնդիրների մասին բարձրաձայնելուց և ահազանգելուց: «Դժվար է պայքարել մի բանի դեմ, որից չեն բողոքում: Կանայք ավելի շատ են շահագործվում, ավելի խոցելի են, բայց պիտի դեպքեր լինեն, որ պայքարենք: Իսկ չէ՞ որ կանանց վերաբերող հարցերը կարելի է բարձրացնել կառավարությունում, այժմ նրանք ավելի շատ լծակներ ունեն` ինչ-որ բան փոխելու, քան առաջ»: Իսկ որքանո՞վ են օգտվում հայ կանայք իրենց ձայնի իրավունքից: Օրինակ` ԱՄՆ-ում կա օրենք, ըստ որի` աշխատանքի ընդունվողը կարող է աշխատանքային պայմանագրում չնշել իր ընտանեկան կարգավիճակի մասին, որն ամենևին կապ չունի աշխատանքային հմտությունների հետ: Դժգոհություն հնչեց հատկապես այն բանից, որ մարզերում կազմակերպությունները չեն մասնակցում դրամաշնորհային ծրագրերին, անգամ չգիտեն` որ կայքերում փնտրել նման ծրագրեր, և ի վերջո անվերջ անհաջողություններից հիասթափված` արդեն իրենք էլ չեն ոգևորվում մասնակցության համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter