Արագածոտնի մարզխորհրդի նիստի ժամանակ հերթական անգամ «դաստիարակեցին» համայնքապետերին
Երեկ Արագածոտնի մարզխորհրդի հերթական նիստն էր: Այս անգամ օրակարգն այնքան էլ հագեցած չէր: Մարզպետարանի վարչության պետերը հանդես եկան զեկուցումներով ու հայտարարություններով, մի քանի գյուղապետեր էլ հազիվ լսելի ձայնով հարցեր ուղղեցին նրանց, եւ այդպես նիստն ավարտվեց: Սովորաբար մարզխորհրդի նիստերը ավելի շատ նմանվում են ուսուցիչ-աշակերտ հարաբերություններին: Մարզպետարանի աշխատակիցները գրեթե թելադրում են գյուղապետերի պարտականությունները, բացատրում նրանց օրենքով սահմանված լիազորությունները, գյուղապետերն էլ լսում են, թվում է, թե ամեն ինչ հասկացել են, բայց հաջորդ մարզխորհրդին ամեն ինչ սկսվում է նորից:
Այս նիստում էլ Արագածոտնի մարզպետարանի ՏԻՄ վարչության պետ Սիրասնիկ Հովսեփյանը նախատեց համայնքապետերին` նրանց մեղադրելով օրենքով ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ:
«Բոլոր համայնքներում էլ կան տեղեկատվական ցուցատախտակներ: Դրանք ինքնանպատակ չեն, պետք է փակցնեք բոլոր որոշումները: Դրա համար պատասխանատու է աշխատակազմի ղեկավարը, որը աշխատավարձ է ստանում: Բացի դրա,նից`զգուշացնում եմ, եթե ավագանու որոշումները ընդունման օրվանից 7 օրվա ընթացքում չուղղարկեք մարզպետարան, պատժեք բոլոր աշխատակազմի ղեկավարներին, դրա համար իրենք են պատասխանատու: Ազատվեք այն մարդկանցից, ովքեր իրենց պարտականությունները չեն կատարում: Մենք հետեւողական ենք լինելու»,- համայնքապետերին դիմելով` ասաց Սիրասնիկ Հովսեփյանը:
Ըստ նրա` երբեմն համայնքում անօրինական որոշում են կայացնում, անցնում է 5-6 ամիս, ու համայնքապետը դիմում է մարզպետին, թե պարոն մարզպետ ես անօրինական որոշում եմ կայացրել: ՏԻՄ վարչության պետը անդրադարձավ նաեւ գյուղապետերի կողմից գույքահարկը զիջելու խնդրին: «Դուք իրավունք ունեք գույքահարկի զիջումներ կատարել միայն ընդհանուրի 10 տոկոսի չափով, բայց դուք զիջում եք այնքան, ինչքան այդ խնդրով դիմում են ձեզ: Զիջումն էլ ինքնանպատակ չէ, պետք է արտոնություններ տաք միայն սոցիալապես անապահով ընտանիքներին»,-նշեց Սիրասնիկ Հովսեփյանը:
Նա գյուղապետերին նաեւ բացատրեց, որ գյուղապետարաններն իրենց արտաքին տեսքով պետք է տարբերվեն այլ շենքերից, եւ դրա համար պետք է շենքերի վրա փակցված լինեն Հայաստանի դրոշն ու զինանշանը: «Մեծ գումար չի` 4500 դրամ է, առեք դրոշը ու փակցրեք, մինչեւ մայիսի 9-ը պետք է այդ աշխատանքները կատարած լինեն»: Մարզպետարանի ՏԻՄ վարչության պետը տեղեկացրեց, որ համայնքապետերը պարտավոր են մայիսի 9-ին պատշաճ նշել Հայրենական մեծ պատերազմի տարելիցը եւ դրամական օգնություններ հատկացնեն պատերազմի բոլոր մասնակիցներին:
Մարզպետ Սարգիս Սահակյանն էլ մարզպետարանի Առողջապահության վարչության պետին կարգադրեց, որ մարզի բժիշկները անմիջապես տնայցեր կատարեն եւ անհրաժեշտ բուժզննում անցկացնեն պատերազմի վետերեններին:
Մարզխորհրդի նիստից հետո Սիրասնիկ Հովսեփյանը պատասխանեց նաեւ «Հետքի» հարցերին: Ըստ նրա` համայնքների թվով 10 աշխատակազմերի ղեկավարներին արդեն գրավոր խիստ նկատողություն է տվել, ու դրանց թիվը առաջիկայում կարող է ավելանալ, եթե նրանք չկատարեն օրենքով ստանձնած լիազորությունները:
«Համայնքապետերը լավ գիտեն, որ իրենց պաշտոնանկ անելու համար պետք է Սահմանադրական դատարանի որոշումը: Հայաստանում դեռ չեմ տեսել, որ որեւէ մի համայնքապետի պաշտոնանկ անեն իր լիազորությունները չկատարելու համար: Համայնքապետը պատասխանատվության զգացում կունենա այն ժամանակ, երբ իր չկատարածի համար պատժվի»,- համոզված է Սիրասնիկ Հովսեփյանը:
Մեր այն հարցին, թե պատժվելուց հետո արդյոք համայնքապետերն ու աշխատակազմի ղեկավարները կկատարե՞ն օրենքի պահանջը եւ կիրականացնե՞ն իրենց լիազորությունները` մարզպետարանի ՏԻՄ վարչության պետը պատախանեց, որ պատժվողը հետագայում անպայման կվախենա օրենքից, ինչը հիմա չկա: «Արդեն հանձնարարված է համայնքապետերին, որ պատժեն թերացող աշխատակազմի ղեկավարներին: Եթե 1-2-ը պատժվեն կամ հեռացվեն աշխատանքից, մնացածները կընկնեն իրենց տեղը: Այս իրավիճակը գալիս է նաեւ նրանից, որ շատ գյուղապետեր իրենց աշխատակազմը ստեղծել են իրենց ծանոթներով, քենիներով, զոքանչներով ու այլ բարեկամներով»,- եզրափակեց Սիրասնիկ Հովսեփյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել