Լրագրողին վրաերթի ենթարկած վարորդը կալանավորվել է
Ապրիլի 5-ին` ժամը 21.00-ի սահմաններում, Երևանի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 21 հասցեում գտնվող «Սթար» սուպերմարկետի մոտ «Հոնդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վահան Եղիազարյանը վրաերթի է ենթարկել Գայանե Բաբայանին և անզգուշությամբ պատճառել մահ:
Փաստի առթիվ ապրիլի 6-ին ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Նախաքննության ընթացքում նշանակվել է դատաավտոտեխնիկական փորձաքննություն:
Ապրիլի 9-ին ստացվել է փորձագետի եզրակացությունը, որով հիմնավորվել է ավտովարորդ Վահան Եղիազարյանի կողմից «ճանապարհային երթևեկության կանոնների» և «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համապատասխան կետերի խախտման հետևանքով վրաերթ կատարելու հանգամանքը:
Նույն օրը Վահան Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասով:
Առաջադրված մեղադրանքում Վահան Եղիազարյանն իրեն մեղավոր է ճանաչել և տվել ինքնախոստովանական ցուցմունքներ:
Միջնորդություն է ներկայացվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` մեղադրյալ Վահան Եղիազարյանի նկատմամբ խափանման միջոց կալանք կիրառելու մասին և նույն օրը դատարանը բավարարել է միջնորդությունն ու Եղիազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նույն օրը մեղադրյալը տեղափոխվել և գտնվում է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկությունում:
Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել