HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջարկվում է Ալավերդին անվանափոխել Լալվար

Արդեն 20 տարուց ավելի է` շրջանառվում է Ալավերդի քաղաքի անվանափոխության հարցը, թեև ալավերդցիները իրենց քաղաքի անունը այլեւս չեն ցանկանում փոխել: Այդ տարիների քննարկումների ընթացքում առաջարկվել է Ալավերդին անվանակոչել Մանես, Ձորափոր, Թումանյան, Միկոյան, Լալվար, Դեբեդ, Սանահին, անգամ Կոշաբերդ ու այլ անուններով, սակայն Ալավերդին «դիրքերը չի չի զիջել»:

Վերջին տարիներին թվում էր, թե Ալավերդու անվանափոխության հարցը դուրս է եկել օրակարգից: Սակայն Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի 31.03.2010թ.-ի Ալավերդու քաղաքապետին հասցեագրված գրությամբ պարզվեց, որ քաղաքի անվանափոխության հետ կապված` Ալավերդիում նոր քննարկումներ է սպասվում: Իր գրությամբ մարզպետը առաջարկել է համայնքի անունը անվանափոխել Լալվար: Նա հանձնարարել էր 15-օրյա ժամկետում ավագանու նիստում քննարկել առաջարկը եւ այն չընդունելու դեպքում ներկայացնել հիմնավորված կարծիք: Ավագանու կողմից անվանափոխման այլ տարբերակ առաջարկելու դեպքում գրությամբ պահանջվել է ներկայացնել հիմնավորված եւ հայեցի անվանում` խուսափելով անձնանուններից:

Ապրիլի 9-ին մարզպետի գրության շուրջ Ալավերդու քաղաքապետարանում, ավագանու ժամը 15:00-ին նշանակված նիստից առաջ, տեղի ունեցավ հանրային լսում: Հավաքվածներին քաղաքապետը ներկայացրեց մարզպետի գրությունը, որի բովանդակությունը չընդունվեց ներկաների մեծամասնության կողմից եւ համարվեց ժամանակավրեպ ու անիմաստ: Միաձայն չընդունվեց նաեւ անվանափոխության առաջարկված «Լալվար» տարբերակը:

«Նման գրություն մենք քննարկել ենք նաեւ ավագանու 17.05. 2007թ.-ի հերթական նիստում, որտեղ և ավագանին իր որոշմամբ մերժել է քաղաքի անվանափոխության առաջարկը»,- տեղեկացրեց քաղաքապետը: Արթուր Նալբանդյանը Ալավերդու անվան ստուգաբանության փաստեր ներկայացրեց ներկաներին: «Ինչպես անցած 20 տարիներին, այնպես էլ այժմ, չկան լիարժեք փաստեր, որ Ալավերդի անունը ունի թուրքական ծագում: Մեր ձեռքի տակ եղած փաստ այն է, որ «Ալլահ վերդի», թարգմանվում է «Աստծո տված» »,- նշեց քաղքապետը:

Որպես հակառակ տեսակետ` նա ներկայացրեց արձակագիր, պատմաբան Ս. Բեգլարյանի ստուգաբանության տարբերակները: «Ալավերդին նախկինում ունեցել է այլ անուններ` Մանես եւ այլն, այստեղ պղինձ են ձուլել շատ ավելի վաղ ժամանակներում, քան թուրքը իր պիղծ ոտքով կարող էր այստեղ եկած լինել եւ Ալլահին էլ նամազ ձոներ պղնձի համար: Երկրորդը` վաղ ժամանակներում ձուլարաններ միայն Ալավերդիում չեն եղել` Մեծամոր, Կապան, եւ այլն, եւ տարածված է եղել ձուլման մի եղանակ` ստորգետնյա: Այն է` հանքաքարը լցվել է գետնի մեջ արված փոսը (հալոցը) եւ տաքացվել ու հալեցվել է կրակի միջոցով: Ծուխը եւ ավելորդ ջերմությունը փոսից դուրս է եկել երդիկի միջոցով: Վերգետնյա երեւում էր միայն երդիկը (ծխնելույզը), ահա այստեղից էլ առաջացել է անունը` Ալավ (որ նշանակում է բոց, կրակ, երդիկ (ծխնելույզ) Ալավ երդիկ, Ալավերդիկ, Ալավերդի: Սղվել է ընդամենը երդիկի վերջին տառը` կ-ն»,- ներկայացրեց քաղքապետը: Ս. Բեգլարյանի 2-րդ տարբերակը փաստում է` Հալավ նշանակում է հալոց, հալվածք: Էր-ը հասկանալի է, իսկ դի-ն Լոռվա խոսակցականով նշանակում է տեղ (օրինակ` Ռուբենը էնդիա` Ռուբենը այնտեղ է): Ստացվում է Հալավ+էր+դի = է Հալավերդի: Այսինքն` հալվում էր այնտեղ, կամ հալոց էր այնտեղ: Այս պարագայում սղվել է բառասկզբի հ-ն, 7-րդ Է-ն դարձել է ե: Հալավերդի= Ալավերդի:

Քաղաքապետի կողմից հիշատակվեց նաեւ 1836թ.-ին Սանկտ Պետերբուրգում հրատարակված «Կովկասում Ռուսական տիրույթների համայնապատկեր` վիճակագրություն, ֆինանսներ, էթնոգրաֆիա եւ տիպոգրաֆիա» ամսագրում տպագրված հայտնի տնտեսագետ կոմս Մուսին Պուշկինի կայսրին ուղղված Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի մասին տնտեսագիտական հաշվետվությունը, որտեղ Ալավերդի անունով բնակավայրի մասին չի հիշատակում:

Փոխարենը հաշվետվության 274 էջում գրված է. «Ալվերտի գործարանի պղինձը տեղափոխվում է մինչեւ Սադախլո բնակավայր» եւ այլն: Ալավերդի անունը ասպարեզ է եկել 1901թ.-ին, երբ կառուցվել է Գյումրի-Թիֆլիս երկաթուղին: Տեղանքում հայտնված ֆրանսիացիները այստեղ 2 նոր գործարան են կառուցել, մեկը անվանվել է «Մանեսի գործարան», դա այսօրվա գործարանի տեղում էր, մյուսը կառուցվել է ավելի վերեւ եւ կոչվել է Ալավերդի, առանց հ-ի:

Արթուր Նալբանդյանը ավագանու հիմնավոր որոշման համար կարեւորեց քննարկման մասնակիցների կարծիքը: «Անկյուն +3» հեռուստաընկերության արխիվում պահպանվում է դեռեւս 1993-94թթ.-ին ժողովրդական դեպուտատների Ալավերդու քաղխորհիդի նիստի տեսագրությունը: Տեսագրության մեջ պատգամավորները անհատապես քվեարկում են: Քվեարկել են քաղաքի անունը չփոխելու օգտին: Այն ժամանակ Ալվերտ ստուգաբանությունը չկար:

«Մեկը ես, չեմ պատկերացնում, որ ես պտի ալավերդցի չլինեմ: Գուցե հենց այս կարգի էմոցիաների պատճառն էր, որ այն ժամանակ էլ մերժվեց անվանափոխությունը»,- ասաց Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերության տնօրեն Սոսո Սիրադեղյանը:

Ալավերդցի լրագրող Վաղարշակ Ղորխմազյանն էլ տեղեկացրեց, որ ինքը ներկա է եղել այդ քննարկմանը, 51 պատգամավորներից մեկը առաջարկել է Ալավերդին անվանափոխել Սանահին, մեկ պատգամավոր ձեռնպահ է մնացել, մնացած 49 պատգամավորներ քվեարկել են Ալավերդի անունը թողնելու օգտին: Հյուսիսային համալսարանի Ալավերդու մասնաճյուղի տնօրեն Վլադիմիր Բեկթաշյանն էլ հիշեց. «Նախորդ դարի 80-ական թվականներից այդ խոսակցությունները կար: Ես հիմա ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ սիրողական մակարդակի տեղական հանրաքվե էլ է անցկացվել Ալավերդիում, սիրողական մակարդակի, որովհետեւ ոչ Կառավարությունը, ոչ այն ժամանակվա կենտրոնական ընտրական հանձնաժողովը երևի կարեւորություն չէին տալիս, բայց մեզ` ալավերդցիներիս շատ էր հետաքրքրում, բոլոր քննարկումների վերջնական արդյունքում եկանք այն եզրակացության, որ Ալավերդին շատ բարեհունչ է, օտարածին արմատները հիմնավորված չէ, եւ Ալավերդի անունը պետք է մնա»: Պետական քոլեջի տնօրեն Արամ Պետրոսյանն էլ մարզպետի գրության մեջ ավելի շատ պարտադրանք է զգացել:

«Պարտադրված է քաղաքի անունը դնել Լալվար: Սա ավելի շատ է թուրքական ծագումով: Ես գտնում եմ, որ Ալավերդին թուրքական ծագման հետ կապ չունի եւ կարծում եմ, որ Ալավերդի անունը հիանալի անուն է, եւ հնչեղ է եւ գեղեցիկ»,-ասաց Ա. Պետրոսյանը: «Լալվար անունը մեզ պարտադրելը գալիս է նրանից, որ այսօր դպրոցական դասագրքերում Ալավերդին ներկայացված է Լալվար անունով»,- հիշեցրեց Սոս Սիրադեղյանը:

«Ինձ թվում է` այստեղ 2 կարեւոր խնդիր կա, որ պետք է քննարկել: Մեկը` արդյոք պե՞տք է փոխել Ալավերդի անունը, թե՞ ոչ: Եվ եթե փոխել` ի՞նչ անուն ներկայացնել: Ես հիմա ինչքան զգում եմ` 100 տոկոսով բոլորը կողմնակից են, որ քաղաքի անունը չփոխեն: Բայց այստեղ մի վտանգ կա, որ կարող է վերեւներում հաշվի չառնեն եւ մի անուն դնեն անպայման: Եվ մի օր մենք փաստի առաջ կանգնենք, որ Ալավերդու անունը, ոչ թե Ալավերդի է, այլ չգիտեմ` Լալվար է»,- ասաց Ճարտարագիտության դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Շախկյանը:

«Փաստորեն, մեր քաղաքի անվանափոխումը ոմանց համար դարձել է Խաչատուր Աբովյանի «Պարապ վախտի խաղալիքը» ,- եզրահանգեց լրագրող Վաղարշակ Ղորխմազյանը: «Վերադասը մեզնից պահանջում է հիմնավորում, իսկ իրենք առանց հիմնավորման փորձում են Ալավերդին դիտել օտար բառ: Այսինքն` մենք կարող ենք խնդրել, կամ պահանջել, որ իրենք տան հիմնավորում, որ Ալավերդին անպայման հայկական չէ: Երկրորդը` չգիտեմ ինչ զգացողությունից է, որ մենք Ալավերդի բառում անպայման ալլահն ենք տեսնում: Ես կարող եմ իմ վարկածը առաջ քաշել: Կա Ալավ բառը, որը եւ քաղաքապետի կարդացած գրության մեջ է ստուգաբանված որպես կրակ, եւ Հ. Աճառյանի բառարանում կա Ալավունք, որը նշանակում է աստղաբույլ, եթե նայում ենք Ալավ-կրակ եւ Ալավ-աստղ, կարծես թե զուգահեռը ավելի խելոք է ստացվում: Այսինքն` մեր Ալավերդի բառի Ալավ-ը երկու անգամ հայերեն մեկնաբանվում է: Եվ դի կտորը 2 անգամ է մեկնաբանվում, դի նշանակում է տեղ, ասում ենք անդին և եւ դի նշանակում է Աստված: Ինչու անպայման շրջվել եւ մտածել, թե այդտեղ անպայման Ալլահի անունն է»,-ասաց Հյուսիսային համալսարանի Ալավերդու մասնաճյուղի դասախոս Լեյլի Կարապետյանը:

Ու մինչ բուռն զգացմունքներով քննարկվում էր քաղաքի անվանափոխման հարցը, պարզվեց, որ հարցի քննարկման համար ժամը 15:00-ին հրավիված ավագանու նիստը չի կարող կայանալ քվորում չլինելում պատճառով: Քաղաքապետը հայտարարեց, որ նիստը հետաձգվում է, այն տեղի կունենա ապրիլի 14-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter