Աշխատանքից ազատել են թերությունները մատնացույց անելու համար
«Ես 3 տարի պայքարել եմ «Շիրակ-Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի նախկին տնօրենի կողմից կատարվող անօրինականությունների դեմ` հղելով դիմում-բողոքներ, զեկուցագրեր ոչ միայն տնօրենին, այլեւ վերադաս պատկան մարմիններին` զգուշացնելով, որ կառույցում գումարներ են փոշիացվում, աշխատանքները վատ են կազմակերպվում»,-պատմում է Արմենակ Խաչատրյանը: Նա 2005-ից մինչեւ 2009թ-ի հուլիսը զբաղեցնում էր «Շիրակ Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի տեխնիկական տնօրենի պաշտոնը: Սակայն բողոքների արդյունքում Ա.Խաչատրյանին են ազատում աշխատանքից: «Հիմա արդեն դատախազությունում քրեական գործ է հարուցվել էն մարդու դեմ, ում վատ աշխատանքն ես մատնացույց էի անում մշտապես: Խոսքը առեւտրային տնօրինության նախկին տնօրեն Սիմոն Պողոսյանի մասին է»,-պատմում է Արմենակ Խաչատրյանը:
Արմենակ Խաչատրյանը 2005թ-ից աշխատել է «Շիրակ Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ում: 2007թ-ի հունվարի 4-ին կնքվել է անժամկետ աշխատանքային պայմանագիր նրա եւ ընկերության միջեւ, ըստ որի` Արմեն Խաչատրյանն ընդունվել է հիմնական աշխատանքի որպես տեխնիկական տնօրեն: Նույն թվականի նոյեմբերի 1-ին Արմենակ Խաչատրյանի եւ տնօրինության միջեւ կնքված պայմանագրի համաձայն` վերջինիս պաշտոնի անվանափոխություն է կատարվել. տեխնիկական տնօրեն արտահայտությունը փոխարինվել է տեխնիկական տնօրինության տնօրեն արտահայտությամբ, թեպետ դրանով աշխատանքային իրավասությունների շրջանակը փոփոխության չի ենթարկվել:
Իր աշխատանքային գործունեության ընթացքում երբեւէ կարգապահական տույժի չի ենթարկվել, պարտականություններն էլ կատարել է պատշաճորեն, պնդում է Արմեն Խաչատրյանը, որի համար նույնիսկ խրախուսվել է. տնօրենի 30.12.2005թ-ի թիվ 330 հրամանով ստացել է աշխատավարձի 50 տոկոսի չափով պարգեւավճար: Սակայն 2006թ-ի կեսերից «Շիրակ-Ջմուղկոյուղի» ՓԲԸ-ի նախկին գլխավոր տնօրեն Վարդան Հովսեփյանի եւ Արմենակ Խաչատրյանի միջեւ ստեղծվել են լարված հարաբերություններ` կապված աշխատանքային գործընթացի հետ:
«Նախկին գլխավոր տնօրեն Վարդան Հովսեփյանի` իմ հանդեպ ունեցած վատ վերաբերմունքը փոխանցվել էր ոչ միայն վերադասին, այլեւ կոլեկտիվի անդամներին,-պատմում է Արմենակ Խաչատրյանը,-աշխատավայրում ստեղծվել էր բարոյահոգեբանական ծանր ու ճնշող մթնոլորտ, էդ լարվածությունն անդրադառնում էր նաեւ իմ առողջության վրա, ինչի հետեւանքով էլ 2009թ-ի հուլիսի 13-ին ծանր վիճակով տեղափոխվել եմ Երեւանի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն, որտեղ էլ 5 օր անց վիրահատվել եմ, սրտի վիրահատություն են կատարել»:
Երեւան Արմենակ Խաչատրյանը տեղափոխվել է հուլիսի 13-ին, իսկ հուլիսի 15-ին արդեն հեռախոսազանգ է ստացել կադրերի բաժնի ղեկավար Սուսաննա Մաթեւոսյանից, որ իրեն պատրաստվում են ազատել աշխատանքից: Գրավոր ծանուցում առաջիկայում աշխատանքից ազատման վերաբերյալ 15.07.2009 թվագրությամբ, Արմենակ Խաչատրյանին ուղարկվել է նույն օրը` Երեւան «Նորք-Մարաշ» հիվանդանոց: Ազատման պատճառ նշվել է հիմնարկության կոնսորցիումի վերածվելը: Այնուհետեւ, 29.07.2009թ-ին կազմակերպության մարդկային ռեսուրսների ենթաբաժնի պետ Ս. Մաթեւոսյանի ստորագրությամբ ուղարկվել է ի լրացումն 15.07.2009թ-ի ծանուցման տնօրենների խորհրդի արձանագրության 4 կետի 3-րդ մասը, ըստ որի` «Շիրակ-Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կանոնադրության 9.4.4 կետի եւ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասի 3 կետով Արմենակ Խաչատրյանին սեպտեմբերի 1-ից ազատում են պաշտոնական պարտականությունների կատարումից:
Շարունակելի անաշխատունակության թերթիկով մինչեւ հոկտեմբերի 21-ը Արմենակ Խաչատրյանը բացակայել է աշխատավայրից: Հաջորդ օրը, երբ ներկայացել է աշխատանքի, իրեն հանձնել են աշխատանքից ազատվելու հրամանը: «Հուլիսի 29-ին Ջրմուղում կայացել է տնօրենների խորհրդի նիստ, որտեղ էլ որոշել են սեպտեմբերի 1-ից ինձ ազատել իմ պարտականություններից,-ասում է Արմենակ Խաչատրյանը,-նիստը նախագահել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ, «Շիրակ-Ջրմուղկոյուղ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: Ես համարում եմ, որ այս գործողությամբ նախ ոտնահարվել են իմ` մարդկային, հետո էլ աշխատանքային իրավունքները: Ես դեռ հիվանդանոցում, իրանք արդեն իմ թիկունքում ինձ ազատում են աշխատանքից: Տնօրենների խորհուրդը գերազանցել է իրեն վերապահված լիազորությունները, խախտել աշխատանքային օրենսգրքի 114 հոդվածի պահանջը ` այն է` գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծելու արգելք, եթե աշխատողը գտնվում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում:
Բացի այս, Տնօրենների խորհուրդը, համաձայն «Փակ բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67 հոդվածի եւ 88 հոդվածի 5-րդ կետի պահանջների, ինչպես նաեւ «Շիրակ-Ջրմուղկոյուղու» կանոնադրության 10.6 կետի, լիազորված չէ լուծարելու աշխատողի անորոշ ժամանակով կնքած պայմանագիրը, դրա իրավասությունն ունի բաժնետերերի ընդհանուր ժողովը»-, պնդում է Արմենակ Խաչատրյանը:
Արմենակ Խաչատրյանն ասում է, որ կազմակերպությունում արտադրության ծավալների, տեխնոլոգիական եւ աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխության, աշխատողների թվաքանակի, հաստիքների կրճատում չի եղել, իր աշխատանքն ինչպես նախկինում, այժմ էլ խիստ կարեւոր է, տեխնիկական տնօրենի հաստիքը վերացված չէ եւ այն կոչվում է «Շիրակ-Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի տեղական տեխնիկական տնօրեն: Ներկայումս այդ պաշտոնում աշխատում է մեկ այլ անձ: Ստացվում է, որ տվյալ աշխատատեղի կրճատում չի եղել, հետեւաբար, ըստ Արմենակ Խաչատրյանի, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիման վրա իրեն աշխատանքից ազատումն անհիմն է:
Արմենակ Խաչատրյանն արդարությունը վերականգնելու նպատակով դիմել էր դատարան` նախկին աշխատանքում վերականգնվելու եւ հարկադիր պարապուրդի գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումով:
Պատասխանող «Շիրակ-Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի միջազգային գլխավոր տնօրեն Անատոլի Ռիքհոֆի կողմից դատարան ուղարկված պատասխանում նշվում էր, որ ընկերությունը չի ընդունում հայցվորի պահանջը եւ այն անհիմն է համարում, եւ տվել է պարզաբանում այդ կապակցությամբ: Պատասխանում մասնավորապես ասվում էր, որ ընկերության գործադիր մարմնի լիազորությունները պայմանագրով տրվել են առեւտրային կազմակերպության` գերմանական «ԷՄ ՎԻ ՎԻ դեկոն էմ բի էյջ», «ԷՄ ՎԻ ՎԻ Էներջի Էյ Ջի» եւ հայկական «Էյ-Ի-Ջի Սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կոնսորցիումին, հիմք ընդունելով ընկերության գործադիր մարմնի լիազորությունները միջազգային մրցույթով առեւտրային կազմակերպության հանձնելու մասին ընկերության բաժնետերերի ժողովի որոշումը, ՀՀ կառավարության ընդունած համապատասխան որոշումները:
Ընկերության գործադիր մարմնի փոփոխությանը հետեւել է հաստիքների փոփոխությունը, որի արդյունքում կրճատվել են ընկերության գլխավոր տնօրենի, առեւտրային տնօրենի եւ տեխնիկական տնօրենի պաշտոնները: Ա. Ռիքհոֆի պատասխանում նշվում է նաեւ, որ հայցվորը սահմանված կարգով ծանուցվել է աշխատանքից ազատվելու մասին եւ քանի որ այդ ժամանակ եղել է անաշխատունակության մեջ, ապա իրենք, հաշվի առնելով դա, Արմենակ Խաչատրյանին ազատել են աշխատանքից աշխատանքի անցնելու հենց հաջորդ օրը: Իրենք օրենքի խախատում թույլ չեն տվել, ազատելուց երկու ամիս առաջ ծանուցել են հայցվորին եւ ազատել աշխատունակությունը վերականգնվելուց հետո միայն:
Ա. Ռիքհոֆի պատասխանում պարզաբանվում է նաեւ, որ տեղական տեխնիկական տնօրենի պաշտոնն այլ պաշտոն է եւ այդ պաշտոնում նշանակելու եւ ազատելու իրավասությունն էլ պատկանում է ոչ թե հայցվորի հետ աշխատանքային պայմանագիր կնքած գործատուին, այլ նոր գործադիր մարմնին` առեւտրային կազմակերպությանը, որը հայցվորի հանդեպ ոչ մի պարտավորություն չունի: Պատասխանող կողմը, անդրադառնալով հայցվորի ներկայացրած զեկուցագրերին եւ դիմում-բողոքներին, նշել է, որ դրանք եղել են անհիմն, այդ պատճառով էլ թողնվել են անհետեւանք: Սրա կապակցությամբ Արմենակ Խաչատրյանն հիշեցրեց, որ վերջերս Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` «Շիրակ-Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի առեւտրային տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ: Ինքն եւս ժամանակին ահազանգել է կատարվող ապօրինությունների մասին, սակայն դրանք մնացել են անհետեւանք:
«Եթե դրանք իրոք անհիմն էին, ինչպես նշում է պարոն Ռիքհոֆը, ապա այդ դեպքում ինչի հիման վրա է դատախազությունը նույն Սիմոն Պողոսյանի վրա քրեական գործ հարուցել,-հարցնում է Արմենակ Խաչատրյանը,- դատախազության տարածած տեղեկության մեջ պարզ նշվում է, որ ջրաչափական սարքերի տեղադրման գործընթացը համակարգելու նպատակով ստեղծված հանձնաժողովի աշխատանքները համակարգող Սիմոն Պողոսյանի` առեւտրային տնօրենի չարաշահումների արդյունքում Ջրային տնտեսություն պետական կոմիտեին պատճառվել է 2 760 000 դրամի նյութական վնաս: Ես բազմիցս եմ ահազանգել այդ մասին: Մենակ ափսոսում եմ, որ իմ գործով վճիռը կայացնելուց հետո նոր էդ հայտարարությունն եղավ: Շատ կուզենայի իմանալ, թե այս դեպքում ինչ պատասխան պիտի տար պարոն Ռիքհոֆը, էլի պիտի պնդեր, որ իմ զեկուցագրերն անհիմն էին»:
2010թ-ի մարտի 31-ին կայացած դատական նիստում հայցվորի պահանջը մերժվել էր: Դատարանն հիմավորված էր համարել պատասխանող կողմի բերած բոլոր փաստարկները: Արմենակ Խարչատրյանն ասում է, որ ինքը բողոքարկելու է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել