HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ պատվիրակությունն այցելել է Արցախ

Կիրականացվեն նախանշված բոլոր ծրագրերը Ապրիլի 9-11-ը աշխատանքային այցով Արցախում էր գտնվում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունըª ԼՂՀ-ի հետ միջկառավարական ծրագրերի իրականացման ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով: Պատվիրակության կազմում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյան, Լոռու, Արագածոտնի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարզպետները, «Հայռուսգազարդ» ընկերության գործադիր տնօրեն Կարեն Կարապետյանը, ՀՀ կառավարության պաշտոնյաներ: Այցի օրակարգային առանցքային հարցերը քննարկվեցին հայկական երկու հանրապետություններիª ապրիլի 10-ին կայացած համատեղ նիստում: Ողջունելով Հայաստանի գործադիր իշխանության պատասխանատու ներկայացուցիչներինª ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը նշել է, որ արդեն ավանդական դարձած այսօրինակ այցերից հետո Արցախում կարգավորվում են մի շարք հրատապ խնդիրներ, կատարվում օգտակար և լուրջ փոփոխություններ: Համատեղ նիստում քննարկվեցին, մասնավորապես, գյուղատնտեսության, էներգետիկայի ոլորտներին և տնտեսական բարեփոխումներին առնչվող հարցեր: Արծարծելով դրանց լուծման ընթացքըª ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանը ընդգծել է, որ ներկայումս իրականացվող բոլոր ծրագրերը ուղղված են նրան, որ բարենպաստ պայմաններ ստեղծվեն բնակչության համար: Տ.Սարգսյանը բարձր գնահատեց ԼՂՀ կառավարության 2009թ. կատարած աշխատանքը, որը հնարավորություն է տվել չափազանց բարդ տարում ԼՂՀ-ում արձանագրելու տնտեսական զգալի աճ: ՀՀ վարչապետի խոսքովª ընթացիկ տարվա առաջին եռամսյակի հայաստանյան ցուցանիշները հիմք են տալիս վստահաբար կանխատեսելու, որ 2010-ին Արցախում լիովին կիրականացվեն նախանշված բոլոր ծրագրերը: ԼՂՀ վարչապետ Ա. Հարությունյանը ներկայացրեց Արցախի սոցիալ-տնտեսական ներկա կացությունը հատկանշող մի շարք տվյալներ և անդրադարձավ այն խնդիրներին, որոնց լուծման համար ակնկալվում է ՀՀ կառավարության աջակցությունը: Համատեղ ուժերով կարգավորման կարիք ունեն, մասնավորապես, զբոսաշրջության, էներգետիկայի, վերաբնակեցման ասպարեզներին առնչվող, ինչպես նաև կենսաթոշակների և սպիրտային խմիչքների իրացման հետ կապված մի շարք հարցեր: Դրանց կարգավորման վերաբերյալ նիստում ձեռք բերվեց նախնական պայմանավորվածություն և տրվեցին առաջին հանձնարարականները: Ապրիլի 10-ին ՀՀ և ԼՂՀ կառավարությունների ղեկավարները և նրանց ուղեկցող անձինք ներկա եղան Ստեփանակերտի թիվ 8 ավագ դպրոցի և Շուշիի Մուրացանի անվան միջնակարգ դպրոցի համակարգչային դասարանների բացման արարողություններին : Համակարգիչները նշյալ կրթօջախներին է հատկացրել ՀՀ կառավարությունը: Նույն օրը Տ. Սարգսյանը և Ա. Հարությունյանը եղան նաև ԼՂՀ ՊԲ զորամասում, «Արցախֆրուտ» ընկերությունում: Իսկ Շուշիում զբոսաշրջության, արվեստների ու արհեստների տեղեկատվական կենտրոնում վարչապետները իրավասու անձանց հետ շահագրգիռ խոսակցություն ունեցան հայոց այդ բերդաքաղաքի վերակառուցման հարցերի շուրջ, ապա համատեղ շրջայց կատարեցին կառուցվող առանձին օբյեկտներ: Ապրիլի 11-ը ևս հագեցած աշխատանքային օր էր ՀՀ պատվիրակության համար: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և վարչապետ Ա.Հարությունյանի առաջնորդությամբ հայաստանցի պաշտոնյանները այցելել են Մարտակերտի շրջանի մի շարք հիդրոէլեկտրակայաններ: Նրանք մասնակցել են Վերին Հոռաթաղի ջրատարի և Թրղե-1 ՀԷԿ-ի բացման արարողություններին: Այցի վերջին կանգառը Դրմբոնի «Բեյզ Մեթըլս» ընկերությունն էր, ուր հյուրերը ծանոթացել են ոսկու արդյունահանման գործարկված հնարավորություններին: Այս մասին հայատնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter