HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հեռախոսամարաթոնին նվիրաբերված գումարներն ուղղվում են Ասկերանի ջրամատակարարմանը

«Հայաստան» համահայկական հիմնադրամը մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերան քաղաքի խմելու ջրի ներքին ցանցի վերակառուցումն ու կոյուղու համակարգի վերանորոգումը: Ծրագիրն իրականացվում է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի եւ ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Առաջնահերթ խնդիրների մասին խոսելիս` Ասկերանի Քաղաքաշինության եւ վերաբնակեցման բաժնի պետ Ալբերտ Ավանեսյանն առանձնացրել է խմելու ջրի հարցը. ջուրը բնակչին հասնում է հին ու ժանգոտ խողովակներով եւ մեծ կորուստներով: Դրան գումարվում է կոյուղու վատթար վիճակը, ինչի պայմաններում վարակիչ հիվանդություններն անխուսափելի են: Մտահոգիչ խնդիրների շարքում Ա. Ավանեսյանը նշել է շրջանում ամուսնությունների թվի պակասը, ինչը նա բացատրել է բնակարանային սուղ պայմաններով: Ինչպես հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամուլի ծառայությունից, արդեն պատրաստ է ջրամատակարարման ներքին ցանցի գետնուղին (5764 մ), ընթացքում են խողովակների մոնտաժման աշխատանքները: Բադարա գետի երկայնքով կկառուցվեն պատնեշ (50 մ երկարությամբ)` ափերի հնարավոր փլուզումը կանխելու նպատակով եւ ջրի մաքրման համար նախատեսված պարզարան: Կնորոգվեն 2 ջրամբարները (ընդհանուր 1000 մ3 տարողությամբ) եւ կոյուղագիծը (1305 մ երկարությամբ): «Ջրի հարցը Հայաստանում ու Արցախում շարունակում է մնալ հրատապ լուծում պահանջող խնդիր, իսկ դրա ապահովումը` Հիմնադրամի առաջնահերթ ուղղություններից մեկը: Շնորհակալ ենք, որ եվրոպաբնակ մեր հայրենակիցները Հեռախոսամարաթոն 2009-ին կատարած իրենց առատաձեռն նվիրատվություններով նպաստեցին այս ծրագրի իրականացմանը»,- ասում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: Ասկերանի շրջանը զբաղեցնում է Արցախի հյուսիս-արեւելյան տարածքը եւ արեւելքից սահմանակից է Ադրբեջանին: Այստեղ բնակվում է շուրջ 17 հազար 600 մարդ, որից 2100-ը` Ասկերան քաղաքում: Շրջանում գործող խոշոր արտադրություններից են «Արցախ Ալկո» (ոգելից խմիչքներ) , «Արցախ Ֆրութ» (մրգերի եւ բանջարեղենի մշակում), «Վարանդա» (տակառ եւ մանրահատակ) ընկերությունները, գաջի գործարանը, որոնք, ընդհանուր առմամբ, աշխատանքով են ապահովում շրջանի շուրջ 260 բնակչի: «Արցախ Ալկո»-ի եւ «Վարանդա»-ի արտադրանքը սպառվում է նաեւ արտերկրում: Նռան, խաղողի այգիներից, ցորենի դաշտերից մթերված բերքն իրացվում է շրջանի սննդի վերամշակման կենտրոններում: Վերջին տարիներին այստեղ նաեւ ձմերուկ աճեցնելու փորձեր են արվում: Պատմական հուշարձաններից ուշագրավ է 18-րդ դարում կառուցված բերդ-ամրոցը, որը հայտնի է Մայրաբերդ անունով: 2003-ին այստեղ կառուցվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին: Նշենք, որ ավարտին են մոտենում Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ իրականացվող Մարտունու շրջանի Սոս գյուղի խմելու ջրի ներքին ցանցի, Ճարտարի դպրոցի ու որիսի սրտաբանական կենտրոնի կառուցման աշխատանքները: Առաջիկա ամիսների ընթացքում կմեկնարկեն Շուշիի Մուրացանի անվան դպրոցի հիմնանորոգման, Տավուշի մարզի Այգեհովիտ-Վազաշեն ոռոգման համակարգերի վերակառուցման ծրագրերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter