HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մթամ թե էս էժան գնով տունս գազով շա՞տ եմ տաքացրել, մնա թանկ գնով տաքացնեմ»

 Ալավերդցիները` գազի թանկացման մասին

Ռոբերտ Քոչարյանի` 9 անձից կազմված ընտանիքը բնակվում է Ալավերդի քաղաքի Էվոյան 1 շենքի երեք սենյականոց բնակարաններից մեկում:

«Ծանր վիճակում ենք: Տեգրս` Կարեն Քոչարյանը, մարտի 9-ին նայոմնիկ է գրվել, գնացել ա, որ Նոյեմբերյանում աշխատի, հիմա վիրավոր հիվանդանոցում ա գտնվում: Շատ վատ վիճակում ենք ֆինանսապես, իրա աշխատավարձը չենք կարում ստանանք, որ ուտելիք տանենք իրա համար: Նոյեմբերյանի զորամասում իրա քարտը չեն տալիս, լիազորագիր են ուզում, բերել ենք բժշկի պեչատով, նոտարը չի հաստատում, ասում է` դա մեր գործը չի: Կարենը ծառայության ժամանակ` մի 20 օր առաջ է կոտրվածքներ  ստացել»,- ասաց ընտանիքի հարսը` Սերինեն: Ն

ա պատմեց, որ այս պահին ընտանիքում միակ աշխատողը ամուսինն է` Սեյրան Քոչարյանը, ով Ալավերդու առողջապահական կենտրոնում բանվոր է աշխատում: Սեյրանը և Սերինեն 4 անչափահաս երեխա ունեն: Թեև նպաստ ստանալու համար վարձով գրանցվել են այլ բնակարանում, սակայն իրականում նրանք համատեղ ապրում են ամուսնու ծնողների և եղբոր հետ:

Ըստ Սերինեի` բազմանդամ ընտանիքի եկամուտը 36 հազար դրամ նպաստն է, իր 8 հազար դրամ և սկեսրարի 20 հազար դրամ թոշակը, ամուսինու 30 հազար դրամ աշխատավարձը: Ինն անձից կազմված ընտանիքի եկամուտը փաստորեն կազմում է 92 հազար դրամ: Բազմանդամ ընտանիքը գազ է օգտագործում միայն ճաշ պատրաստելու համար. «Երեկ մուծել ենք 2,7 հազար դրամ գազի վարձ: Հունվար, փետրվար ամիսներին մենք տունը փետի պեչկով ենք տաքացրել: Գազով տունը չենք տաքացնում, որովհետև մենք չենք կարա էդ գազի գնի տակից դուրս գանք»,- ասաց Սերինեն:

Սերինեն ասաց, որ այդքան փայտը բարձրահարկ, սակայն վերելակ չունեցող շենքի 8-րդ հարկ են ձեռքով բարձրացնում «մի կերպ»: Քոչարյանների ընտանիքը, ինչպես տեղեկացրեց Սերինեն, չի կարողանում ամեն տեսակի սնունդ ուտել. «Հիմա քոլեղենի սեզոն ա, քոլեղեն ենք ուտում, ձմեռը վերմիշել ենք ուտում, միս պատահական ենք ուտում»,- ասաց նա:

Սեյրան Քոչարյանն էլ նշեց, որ իրենց ուժերի պատածի չափով են գազից օգտվում: Սերինեն կարծում է, որ գազի բարձրացված գնի դիմաց փոխհատուցվող նպաստի 3500 և կենսաթոշակի 2,5 հազար դրամով բարձրացումը, որը նախատեսել է կառավարությունը, որոշ չափով կթեթևացնի ընտանիքի հոգսը: Ավելի քան մտահոգիչ էին գազի գնի բարձրացման հետ կապված` Ալավերդու փողոցներում բնակչության մեր հարցումների պատասխանները: Այն սկսեցինք սոցիալապես ամենաանապահով խավի` թոշակառուների հետ հարցումներով: «Փետրվարի 26-ին ցուրտ եղավ չէ՞: Ջուրը սառավ, տրուբեն տրաքեց: Մեր ջրմուղի աշխատողները եկան կտրեցին ու փետ տվին: Լավ արին, 2,5մ տրուբի տեղը 9մ տրուբա առա: Քաշեցին: Բայց փետրվարի 26-ից մինչև էսօր ես ջուր չունեմ: Տասն անգամ գնացել եմ ջրմուղ, ես չգիտեմ` իմ հանցանքն ինչում ա, ես մի ամիս տասն օր ա, բաղնիք չեմ անում»,- ասաց կենսաթոշակառու Մելիք Մնացականյանը: Գազի թանկացման մասին էլ զայրացած կենսաթոշակառուն ասաց. «Գազի թանկացումը շատ հաճելի բան ա, շատ էլ օգուտ կտա իմ ընտանեկան բյուջեին: Ինչ օգուտ կտա՞: Էնա էն օգուտը կտա, որ տուն գնամ, մի բան էլա չեմ կարա սարքեմ, սոված կարող ա էգուց-էլոր մեռնեմ: Ես 32 հազար դրամ թոշակ եմ ստանում: Մենակ եմ: Գազ չունեմ: Փող ունեի, որ գազ էլ առնեի: Հին ունեի` կտրեցին»:

Կենսաթոշակառու Ստեփան Մելիքյանն էլ ասաց. «Տունս գազով ո՞նց տքացնեմ, տունը գիտես ինչով են տքացնում` հոգով են տքացնում: Բա ես սօր 5 երեխա ունենամ, 15 թոռ ունենամ, 9 ծոռ ունենամ, երկու հատ ծոռս ա Լենինական, բոլոր էրեխեքս Ռուսաստան են: Էն ոնց ա, ռուսը գործ ա տալի, ընդի ըշխատում են` ապրըմ, ստի դուք գործ չեք տալի: Հը՞: Բանակից էկած էրեխեն փախչում ա ստիան, որովհետև գործ չկա: Իսկ Սովետի վախտը բանակից որ գեին, հիմնարկի պետին զաստավիտ անեին, ասեին` էս էրեխին մի գործի ընդունի: Էլ ոնց ասեմ: Ես շատ գոհ եմ, Սովետին 10 սալդաթ եմ տվել, 10-ն էլ հմի տեմ տալ, բայց ի՞նչ օգուտ, որ տալ տեմ: Մեր կենսաթոշակը շատ- շատ ա: Մի բրախած միլիցեն 100 հազար ա ստանում, ես իմ սաղ կյանքումը պատ եմ դրել, շենք եմ շինել` 27 հազար ա»,- ասաց կենսաթոշակառուն:

Հայպետշինի շուկայի առևտրական Մարգո Սարգսյանն էլ ասաց. «Գազի թանկացումը ոչ մեկին էլ հաճելի չէր: Հազիվ ապրում ենք: Ըհը, կանաչու տակի ծոխանքներն եմ իմ տուն տանում: Կարտոշկի փտածն եմ իմ տուն տանում: Իմ ծախած ապրանքի խառախուռով եմ ես յոլա գնում: Ձմռանն էլ շատ վատ վիճակով ենք ապրում, հազիվ յոլա ենք գնում: Մեծ ընտանիք ենք` 5 անձ ենք: Եկամուտից եք հարցնում, մի ինվալիդ թոշակառու մարդ ունեմ, մին էլ էս երկու քոլի վրա եմ նստած: Ի՞նչ եկամուտ պետք է ունենամ: Գազի թանկացումից հետո ես եկող ձմեռ չեմ կարող բնակարանս տաքացնելու համար գազի վառարան օգտագործել: Էս թանկացումից հետո ես կարա՞մ տակից դուրս գամ: Գնալու ենք անտառից քիչ-քիչ փայտը բերենք, վառենք: Բա էլ ի՞նչ անենք: Չենք կարա: Որ ձմռանը առավոտից իրիկուն տան մնայինք, շատ գազ կվառեինք: Տանը չենք մնացել, առավոտ-իրիկուն ենք գազը վառել, էս դեպքում ամիսը մի 15 հազար դրամի գազ ենք վառել: Հիմի էս նույն դեպքում մի 20 հազարի կհասնի: Թե գազ օգտագործեմ էլ, պակասության պատճառով էս 20 հազար դրամը ջանիս ցավ տալով եմ վառելու: Մենակ էդ ա: Մենակ հո գա՞զը չի թանկանում: Գազը ռեգուլյար թանկանալու ա. իրա հետ էլ թանկացումներ ա բերելու»:

Ջրավազան թաղամասի բնակչուհի տիկին Վիոլան նշեց, որ որպես տնտեսուհի` շատ վատ է ընդունել գազի թանկացումը:

«Եկող ձմեռ էլ եմ բնակարանս գազով տաքացնելու: Տանը կենսաթոշակառու ունենք, բայց կառավարության կողմից նոյեմբերին նախատեսված 2500 դրամ թոշակի բարձրացումը դժար թե փոխհատուցի գազի գնի բարձրացման հետևանքով մեր ծախսերը: Մեր ընտանիքի եկամուտը շատ քիչ է: Ես աշխատում եմ, մեկ էլ ամուսինս թոշակ է ստանում: Ամսեկան եկամուտը 45 հազար դրամ է: Ընտանիքում 8 անձ ենք: Եկող ձմեռ մեր վիճակը ավելի կվատանա: Ինչ ասեմ, ինձանով ոչինչ չի լուծվելու»,- նշեց տիկին Վիոլան:

Հայպետշին շուկայի առևտրական Գայանե Ալեքսանյանը ավելի քան հուսահատված էր. «Գազի թանկացման համար եք հարցնում, ինչ կարանք անենք, ոչ մեկը ոչինչ չի կարա անի: Էն որ Ձեր թերթում գրված հողերը բռնի վերցրել են ու տվել են շեյխին, ո՞վ ա կարացել բան անի: Մեր երկրում ամեն մարդ իրա օրենքն ա առաջ տանում, ոչ մեկս էլ ոչինչ չենք կարա անենք: Մենք շատ փոքր մարդիկ ենք: Մթամ թե էս էժան գնով տունս գազով շա՞տ եմ տաքացրել, մնա թանկ գնով տաքացնեմ: Այս ձմեռ մի կերպ եմ բնակարանս տաքացրել, էկող ձմեռ էդ էլ չի լինի, որովհետև ամուսինս հիվանդ ա, ընդամենը 13 հազար դրամ թոշակ են տալիս: Ո՞նց ջերմացնեմ տունը: Ոչ մի բան էլ չենք անելու, ինչ էլ ուզում ա ասենք, իրենք իրենց ասածն են առաջ տանելու»: Հաց վաճառող Ջուլիտա Նասիբյանն էլ մեր հարցից նեղսրտեց. «Ի՞նչ եկամուտ, ես եկամուտ չունեմ: Ես աշխատավարձ չեմ ստանում, օրվա հացի 10 կոպեկն ա իմը: Ամսվա մեջ 15 օր եմ աշխատում, օրը մի 500 դրամ կարող ա ինձ հացի գնից մնա: Մի 7500 դրամ եմ աշխատում: Մեկ էլ տղաս է աշխատում, մի 40 հազար դրամ էլ նա է աշխատավարձ ստանում: Թոշակ էլ 21 հազար դրամ եմ ստանում: Էդ փողով էլ մենք թռած գնում ենք: Կառավարության կողմից 2500 դրամի թոշակների ավելացումը ոչ մի բան էլ չի տա: Սաղ աշխարհը գիտի, իրանք էլ լավ գիտեն, որ ինչն ինչոց ա: Մեր ասելո՞վ ա, էդ ո՞վ ա մեզ հաշվի տեղ դնում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter