HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճանապարհային քարտեզ դեպի անհայտություն կամ հետաձգման նոր մարտավարություն. Ցեղասպանության ճանաչում 2015 թվականի՞ն

Հայ-թուրքական Արձանագրությունների վավերացման գործընթացում մատնվելով փակուղային վիճակի, մեծ պետություններն իրենց հեղինակությունը փրկելու համար հուսահատորեն ուղիներ են փնտրում այս երկընտրանքից դուրս գալու համար: Ֆրանսիան, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները չափազանց շատ ժամանակ ու ջանքեր են ներդրել և չեն կարող հեռանալ բանակցված ու ստորագրված, սակայն չվավերացված «դարի գործարքից»: Սույն հոդվածը գրելու պահին, Հայաստանի նախագահն ու Թուրքիայի վարչապետը ԱՄՆ-ի նախագահ Օբամայի կողմից հրավիրվել էին Վաշինգտոն` Արձանագրությունները փրկելու կամ գոնե հաշտեցման գործընթացում առաջընթացի պատրանք ստեղծելու վերջին ջանքեր գործադրելու համար: Հայ-թուրքական հարաբերությունների կամ Արցախի հակամարտության կարգավորման հարցի բարելավման ամենափոքր նշանը կամ անգամ խոստումը հնարավորություն կտա նախագահ Օբամային քողարկել Հայոց ցեղասպանության վերաբերյալ տված իր խախտած խոստումը: Շուտով պարզ կդառնա, թե Սպիտակ տան ճնշումը Հայաստանի և Թուրքիայի վրա կհանգեցնի որևէ դրական արդյունքի, ինչպիսին Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի մասնակի բացումն է` նախքան Արձանագրությունների վավերացումը: Ադրբեջանի նախագահին միտումնավոր դուրս թողեցին Վաշինգտոնի գագաթնաժողովից, որպեսզի չխոչընդոտի Միացյալ Նահանգների միջնորդական ջանքերին: Թուրքական կողմի համառության դեպքում Հայաստանի նախագահին այլ բան չի մնում անել, բացի Արձանագրություններից իր երկրի ստորագրությունը հետ վերցնելը` մեղադրելով Թուրքիային նախապայմաններ առաջադրելու և Արցախն Ադրբեջանին հանձնելու պահանջի համար: Փակուղուց դուրս գալու համար, Կարնեգիի միջազգային խաղաղության հաստատության ավագ գիտաշխատող Թոմաս դը Վաալը ապրիլի 9-ին, Վաշինգտոնի գագաթնաժողովից անմիջապես առաջ հրապարակել է «Քաղաքականության ամփոփագիր»: «Հայաստան և Թուրքիա. Կամրջում» զեկույցում նա առաջարկում է «բարի կամքի» հինգ դրսևորումներ, որոնք Թուրքիան պետք է կատարի Հայաստանի հետ հաշտեցման գործընթացն ուժի մեջ պահելու համար. ·    Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացում ոչ առևտրային ճանապարհորդների համար, ·    Հայաստան-Թուրքիա սահմանին հարակից Թուրքիայի տարածքի մասնակի բացում, որտեղ գտնվում է միջնադարյան հայկական Անի քաղաքը: Հայ զբոսաշրջիկներին դա հնարավորություն կտա այցելել այս հինավուրց վայրերը: ·    Թուրքական նախաձեռնություն`ամբողջովին բացելու և թվայնացնելու Օսմանյան արխիվները, որտեղ պահպանվում են 1915 - 1921թթ. իրադարձությունների վերաբերյալ օսմանյան պաշտոնական փաստաթղթերը, ·    Թուրքական կառավարության նախաձեռնություն` հրավիրելու սփյուռքահայերին այցելել Անատոլիայի հինավուրց հայկական ժառանգության վայրերը, ·    Ստամբուլի և Երևանի միջև Turkish Airlines-ի համար ավիաուղիի բացումը: Դը Վաալը առաջարկում է, որ Հայաստանն էլ իր հերթին խոստանա «վերջ դնել Նախիջևանի մեկուսացմանը, Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացման դեպքում»: Վերոնշյալ պարզունակ գաղափարներն առաջարկելուց հետո, դը Վաալն անդրադառնում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին և փորձում երկարաժամկետ լուծում մշակել ամերիկահայերի լոբբիստական ամենամյա ջանքերի դեմ, որոնք «խեղում են» Միացյալ Նահանգները: Կոնգրեսում այս հարցի շուրջ հայերի և թուրքերի միջև առճակատումը նա անվանում է "կեղտոտ քաղաքական սակարկություններ»: Ըստ դը Վաալի, Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախագահ Օբամայի խախտած խոստումը և Ցեղասպանության փոխարեն նրա կողմից «Մեծ եղեռն» բառակապակցության օգտագործումը «արժանի ձևակերպում» է: Ահա թե ինչ է առաջարկում դը Վաալը. «Այս ամենամյա հոգեվարքից ազատվելու համար, կարծում եմ, որ հայ-թուրքական հարցը պետք է վերաձևակերպել ավելի երկարաժամկետ հեռանկարում: Հինգ տարի անց` 2015 թվականին Հայոց հոլոքոստի մոտալուտ հարյուրամյակը, և Թուրքիայում «Հայկական հարցի» վերաբերյալ աճող բանավեճերը խթան են հանդիսանում նման մոտեցման համար: 2015 թվականին, թուրքերին դուր կգա, թե`ոչ, սակայն աշխարհը կնշի հայկական ողբերգության տարելիցը: 2010 թվականի Ապրիլի 24-ի իր ուղերձում նախագահը կարող է ասել, որ հարյուրամյա ոգեկոչմանը մնացել է հինգ տարի, և եթե նա դեռ պաշտոնում է, խոստանում է մասնակցել այս միջոցառումներին (հնարավոր է անգամ Երևանում), սակայն միաժամանակ խոստանում է մի փոքր դադար տալ թուրքերին` հույսեր կապելով Թուրքիայի ներսում տեղի ունեցող քննարկումների հետ: Օբաման կարող է ասել. «Մենք հուսով ենք այս ողբերգական տարեթիվը նշել մեր թուրք ընկերների հետ և ոչ թե`առանց նրանց", և ձգտել դառնալ հայ-թուրքական հաշտեցման խթանող»: Դը Վաալի առաջարկը, պարզապես ծուղակ է Հայոց ցեղասպանության հարցը հինգ տարի ևս թաղելու համար, մինչ այդ շունչ քաշելու ժամանակ շահել` տապալված Արձանագրությունները վավերացնելու համար: Նախքան նախագահ Օբամայի որևէ նոր խոստմանը հավատ ընծայելը, նա պետք է կատարի իր արդեն տված և խախտած խոստումը: Բացի այդ, ինչ երաշխիքներ կան, որ Նախագահը կվերընտրվի երկրորդ անգամ կամ էլ ընտրվելու դեպքում կկատարի իր խոստումը: Հարութ Սասունյան «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Թարգմ.՝ Ռ.Ավագյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter