5 փաթեթ թմրանյութանման փոշի` կոշիկների մեջ
Քրեակատարողական ծառայությունը բազմիցս զգուշացրել ու հորդորել է ոչ մի դեպքում և ոչ մի պատճառաբանությամբ չհամաձայնել անծանոթ անձանցից հանձնուք վերցնել և տեղափոխել քրեակատարողական հիմնարկ, քանզի դրանցում հաճախակի լինում են արգելված առարկաներ, հատկապես թմրանյութ:
Չնայած այդ ամենին` շարունակվում են արձանագրվել դեպքեր, երբ քաղաքացիները համաձայնում են անծանոթ մարդկանց հանձնուքն իրենց հանձնուքի հետ միասին տեղափոխել քրեակատարողական հիմնարկ, որտեղ և քրեակատարողական ծառայողները հայտնաբերում են արգելված իրեր: Իսկ քաղաքացուն մնում է միայն զղջալ, որ վստահել է անծանոթին:
Օրերս այդպիսի հերթական դեպք գրանցվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Քաղաքացի Անահիտ Խ.-ն ս.թ. ապրիլի 10-ին իր դատապարտյալ ամուսնու խնդրանքով քրեակատարողական հիմնարկ գալու ճանապարհին հանդիպել էր ոմն Արթուրի, որից վերցրել էր կոշիկներ` իր հանձնուքի հետ միասին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու նպատակով:
Իսկ արդեն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հանձնուքի ստուգման ժամանակ կոշիկների միջից հայտնաբերեցին 5 փաթեթ թմրանյութանման փոշի, որի գոյության մասին, ըստ Անահիտ Խ.-ի տված բացատրության, ինքը տեղեկացել է միայն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:
Այս մասին նշվում է ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության Հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանի տարածած մամուլի հողորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել