«Դինո գոլդ մայնինգ քամփնի»-ին պատկանող թափոնավայրն առ այսօր չունի անձնագիր
ՀՀ Բնապահպանության նախարար Արամ. Հարությունյանին Թափոնների, բնօգտագործման վճարների և վճարների դրույքաչափերի մասին օրենքների անկատարության մեկնաբանությունը
Սույն թվականի hունվարի 11-ին «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպությունը Ձեզ գրություն էր ուղարկել, որը վերաբերվում էր «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ին պատկանող, Կապան և Գեղանուշ համայնքներում գտնվող թափոնավայրին (պոչամբարին), և մինչ օրս պատասխան չենք ստացել այդ գլոբալ խնդրի վերաբերյալ:
Պարոն նախարար, ինչի՞ համար են նախատեսված ներքոնշյալ օրենքները, եթե Ձեր նախարարությունը և տեսչությունը չեն կիրառում դրանք, և ինչպե՞ս կարող եք պահպանել բնությունը, եթե նախատեսված օրենքները չեն գործում:
Բոլորս տեսնում ենք, թե ինչ թափով են հավաքագրվում հարկային վճարները իրավաբանական անձացից, և ժամանակ առ ժամանակ հարկային օրենսդրական դաշտում փոփոխություններ են իրականացվում, իսկ ինչո՞ւ բնավճարները այդպիսի արագությամբ չի հավաքագրվում, և ժամանակ առ ժամանակ չի արդիականացվում բնապահպանական օրենսդրությունը: Օրենքով սահմանված ժամկետներում բնապահպանության նախարարության կողմից տեղեկատվություն չստանալու դեպքում մենք իրավունք ենք վերապահում մեզ դիմել դատական ատյանների` ղեկավարվելով ՀՀ «Տեղեկատվության մասին» օրենքով:
ՀՀ «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքի 4-րդ հոդվածի բ) ենթակետում ամրագրված է` Բնապահպանական վճարների տեսակներն են` (արտադրության և սպառման թափոնները շրջակա միջավայրում սահմանված կարգով տեղադրելու համար), իսկ ՀՀ «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» օրենքի 3 հոդվածի ա) ենթակետում ամրագրված է` Շրջակա միջավայրում արտադրության և սպառման թափոնների յուրաքանչյուր տոննայի սահմանված կարգով տեղադրման, պահման համար վճարի դրույքաչափերն են «հատուկ հատկացված տեղերում» (բացառությամբ արդյունաբերական հրապարակների) թափոնների տեղադրման համար` առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ դասի վտանգավորության թափոններ:
ՀՀ «Թափոնների մասին» օրենքում հստակ ամրագրված է, որ թափոնների պետական հաշվառումը, անձնագրավորումը և վիճակագրական հաշվետվություն ներկայացնելը իրականացնում է բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը:
Մեզ անհանգստացնում է այն փաստը, որ առ այսօր թափոնավայրը չունի անձնագիր, և հայտնի չէ, թե որ դասակարգին է պատկանում այն:
Ինչո՞ւ մինչև այսօր բնապահպանության նախարարությունը չի տրամադրում այդ անձնագիրը և չի պարզում թափոնավայրի դասակարգը, որից էլ հայտնի կլինի սահմանված բնավճարների չափը: Իսկ որ ամենակարևորն է, դրանց առկայության դեպքում Կապան և Գեղանուշ համայնքները պահանջատիրոջ իրավունքով և ոչ թե աղերսալի խնդրանքներով կարող են լուծել իրենց համայնքներում առաջացած բնապահպանական և սոցիալական շատ հիմնախնդիրներ:
«Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպություն
13.04. 2010թ.
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել