«Նրանք սպասում են մեզ…»
Հայկական կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) տեղեկացնում է, որ մարտի 1-ից մեկնարկել է «Նրանք սպասում են մեզ…» կարգախոսով քարոզարշավը: Քարոզարշավի նպատակն է հանրության ուշադրությունը սևեռել հանրակացարանաբնակ միայնակ ծերերի սոցիալական, առողջական և հոգեբանական խնդիրների վրա: Քարոզարշավը բաղկացած է երկու փուլից` իրազեկում և դրամահավաք:
Քարոզարշավի ընթացքում հավաքագրված միջոցները նախատեսվում է օգտագործել այս առավել կարիքավոր սոցիալական խմբի աջակցությանն ուղղված ծրագրերին:
Ինչպես նշվում է ՀԿԽԸ տարածած մամուլի հաղորդագրության մեջ, մարտ ամսվա ընթացքում «Նրանք սպասում են մեզ…» քարոզարշավին միացել է «Զվարթնոց» օդանավակայանը:
Երկու ՀԿԽԸ հանգանակության տուփեր են տեղադրվել «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման և մեկնման սպասասրահներում: Բանակցություններ են տարվում նաև դյութի-ֆրի խանութներում նմանատիպ հանգանակության տուփեր տեղադրելու ուղղությամբ: Օդնավակայանում փակցվել են նաև քարոզարշավի պաստառները:
Մարտի 25-ին ՀԿԽԸ մի խումբ կամավորներ Երևանի մարդաշատ փողոցներում իրականցրել են սոցհարցում` հասարակության շրջանում խնդրի վերաբերյալ տեղեկացվածության աստիճանը պարզելու նպատակով: Սոցհարցմանը զուգընթաց երիտասարդ կամավորները նաև տարածել են քարոզարշավի վերաբերյալ թռուցիկներ և այլ նյութեր: Սոցհարցմանը մասնակցել է 25 երիտասարդ կամավոր. նրանք հարցում են անցկացրել մոտ 1500 քաղաքացու շրջանում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել