Թաղային հեղինակությունը կալանավորվել է
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ իրենց վարույթում քննվող քրեական գործով կալանավորվել է թաղային հեղինակություն համարվող Արմեն Ազիզյանը (մականունը` Ճռիկ): ՀՀ ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում 2010 թվականի ապրիլի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ է հարուցվել` նույն օրը ժամը 14-ի սահմաններում Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 69-րդ շենքի մոտ կատարված խուլիգանության դեպքի առթիվ:
Նկատի ունենալով, որ նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել խուլիգանության դեպքին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերլիազորներից մեկի մասնակցության մասին, 2010 թվականի ապրիլի 8-ին քրեական գործը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի կարգով ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` նախաքննությունը շարունակելու համար:
Պարզվել է, որ վիճաբանության նախաձեռնողներից և խուլիգանական գործողությունների մասնակիցներից է թաղային հեղինակություն, Երևան քաղաքի բնակիչ, 1964թ. ծնված Արմեն Ազիզյանը (մականունը` Ճռիկ): Վերջինս 2010 թվականի ապրիլի 4-ին` ժամը 14-ի սահմաններում, մի խումբ անձանց հետ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 69 հասցեում գտնվող շենքի դիմաց, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, հեռախոսազանգի կապակցությամբ վիճաբանության մեջ է մտել Աշոտ Ավագյանի, Վարդան Եգանյանի և Արթուր Ավագյանի հետ, փողոցում ծեծի է ենթարկել նրանց, հավաքված մարդկանց ներկայությամբ հայհոյել:
2010 թվականի ապրիլի 9-ին Ա.Ազիզյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, եւ որպես խափանման միջոց կիրառվել` կալանավորում: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ, տեղեկացնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել