Գործում է գազի լիցքավորման նախկին սակագինը
Մայրաքաղաքի երթուղային տաքսիների վարորդների գործադուլը երեկ չի շարունակվել: Հիշեցնենք, որ բնական գազի թանկացման հետ կապված` գազալցակայանները ինքնակամ բարձրացրել էին գազի լիցքավորման գինը` մեկ խմ-ի համար 200 դրամից դարձնելով 220 դրամ, ինչն էլ դժգոհության առիթ էր տվել:
Ի նշան բողոքի` ապրիլի 12-ին թիվ 14, 76, 68, 96, 73 և 7 երթուղային տաքսիների վարորդները դուրս չէին եկել աշխատանքի և Էրեբունի թանգարանին կից հրապարակում հավաքվելով` պահանջում էին իջեցնել լիցքավորման սակագինը: Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության հասարակական տրանսպորտի բաժնից ևս մեկ անգամ հավաստիացրին, որ խնդիրը հարթված է, և գործում է նախկին սակագինը:
Մենք տեղեկացանք, որ գծատերերից մեկն այցելել է վարորդներին և հավաստիացրել, որ նրանց առաջ քաշած պահանջները կբավարարվան, և հորդերել, որ անցնեն աշխատանքի: Դրանից հետո երթուղայինները սկսել են աշխատել:
Ճաշակում ենք ընդլայնողականի դառը պտուղները
ՀՀ վարչապետը օրերս հայտարարել էր, թե իրականացվում է ճիշտ տնտեսական քաղաքականություն, որն անվանեց ընդլայնողական:
Ի պատասխան վարչապետի այս հայտարարության` տնտեսագետ Անդրանիկ Թևանյանն ասաց. «Իրենց ասած ճիշտ տնտեսական քաղաքականությունը հետևյալն էր. պետական պահուստային դոլարների հաշվին արհեստականորեն պահել դոլարը, 305 դրամով որոշ մասնավոր բանկերի մինչև 200 մլն դոլարի չափով հնարավորություն տալ ձեռք բերել համեմատաբար էժան դոլար, հետո մեկ գիշերվա ընթացքում դոլարը արժեզրկել 20-25 տոկոսի չափով:
Հաջորդ «ճիշտ» քայլը, որ իրենք արել են` կրկնապատկել են մեր արտաքին պարտքի չափը: Այդ արտաքին պարտքից եկած գումարը որևէ ձևով չի ազդել վարկային տոկոսադրույքի վրա այնպես էական, որ փոքր և միջին բիզնեսը օգտվեր դրանից: Մենք իրենց ասած ընդլայնողական քաղաքականության միայն դառը պտուղներն ենք ճաշակում, այն էլ` ինֆլյացիա ենք ստանում տնտեսության մեջ»:
Սխալ թարգմանությունը կա ու կա
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը նախօրեին հանդես է եկել մի պարզաբանմամբ, ըստ որի` ԵԱՀԿ Միսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն, իբր, ճիշտել է, թե ինքը երբեք չի ասել, որ Ղարաբաղը բանակցություններից դուրս է մղվել Ռոբերտ Քոչարյանի պատճառով, և դա ընդամենը սխալ թարգմանության արդյունք է:
«ՉԻ» - Փաստորեն, «սխալ թարգմանությունը» Հայաստանում շատ լուրջ քաղաքական կատեգորիա է: Ով ինչ հիմարություն ասես կարող է հայտարարել ու հաջորդ օրը բացատրել, թե պատճառն ընդամենը սխալ թարգմանությունն էր: Հիշո՞ւմ եք` Օսկանյանն էլ էր հաճախ օգտվում այդ պրիոմից, Էդուարդ Նալբանդյանն էլ է օգտվում: Ավելին` եթե իրադարձությունները շարունակեն զարգանալ նույն արագությամբ, առաջիկայում «սխալ թարգմանությունները» հաստատ ավելի հաճախակի են դառնալու:
Բայց մեր մեջ ասած, ի՞նչ նշանակություն ունի, թե իրականում ինչ է ասել կամ ինչ էր ցանկանում ասել Բեռնար Ֆասիեն (կամ որևէ ուրիշ մեկը): Փաստն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի` Հայաստանի նախագահ դառնալուց գրեթե անմիջապես հետո Ղարաբաղը դուրս է մնացել բանակցային գործընթացից: Թե՞ այս փաստը նույնպես «սխալ թարգմանության» արդյունք է:
Լուծում ունեն
ԵԽԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուն, ով այս օրերին գտնվում է Ադրբեջանում, երեկ APA գործակալությունն ասել է, թե քայլեր են ձեռնարկվում ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողով ստեղծելու ուղղությամբ: Չավուշօղլուն ասել է, թե այդ հարցն ընդգրկված էր ԵԽԽՎ բյուրոյի օրակագրում դեռ մարտին: Բայց քանի որ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը չէր մասնակցում նիստին, հարցը չքննարկվեց:
Ըստ Չավուշօղլուի` ապրիլին Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների ղեկավարները կհանդիպեն, և ենթահանձնաժողովը կստեղծվի: «Մենք կհանդիպենք Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների ղեկավարների հետ և կհայտարարենք ԼՂ հարցով ենթահանձնաժողովի ստեղծման մասին»,- ասել է Չավուշօղլուն, ով նաև հայտարարել է, թե ԵԽԽՎ-ն ողջունում է Ղարաբաղի հարցով մինսկյան գործընթացը, և որ իրենց կառույցն այդ հարցով լուծումներ ունի:
Զարմացնում և զայրացնում են
«Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները զարմացնում և զայրացնում են Ցեղասպանության բանաձևն ընդունած խորհրդարանների պատգամավորներին:
Թուրքիայի վարչապետն իրավունք չունի մեղադրական կարծիքներ շպրտելու Եվրոպայի անկախ երկրների խորհրդարանների հասցեին` Թուրքիայի իրագործած Ցեղասպանությանը քաղաքական գնահատական տալու համար»,- ասել է Սլովակիայի Ազգային խորհրդի նախկին նախագահ, ներկայումս ԱԽ-ի Քրիստոնեադեմոկրատական խմբակցության նախագահ Պավոլ Հրուշովսկին, որի նախագահության օրոք` 2004 թ. նոյեմբերի 30-ին, Սլովակիայի ԱԽ-ն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը:
Պարզվում է` խոզի գրիպը այնքան էլ վտանգավոր չէր
Սա խոստովանել է Առողջապահության միջազգային կազմակերպությունը: Կազմակերպության ներկայացուցիչ Քեյջի Ֆուկուդան հայտարարել է, որ իրականում գրիպի հարուցիչն այնքան էլ վտանգավոր չէր, ինչպես ներկայացվում էր: Ֆուկուդան նաև ընդունել է, որ հենց Առողջապահության միջազգային կազմակերպության հայտարարությունների հետևանքով համաշխարհային տագնապ սկսվեց` խոզի գրիպի հետ կապված:
Իհարկե, կազմակերպության ներկայացուցիչը չի նշել, որ հենց այդ հայտարարությունների պատճառով էր, որ տարբեր երկրներնում զանգվածաբար սպառվեց դեղամիջոցների մեծ խմբաքանակ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել