
Վարչապետ Տիգրան Սարգսյանի ապրիլի 13 –ին Ալավերդի կատարած այցն աշխատանքային էր: Նրան ուղեկցում էին նաեւ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը: Այցի սկզբում վարչապետը այցելեց Սանահինի եկեղեցական համալիր, որտեղ ստեղծված վթարային վիճակը, վերջին շրջանում հանրության եւ լրատվամիջոցների ահազանգերի պատճառ է դարձել:
Սանահինի վանքը 2000թ.-ից ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային մշակութային արժեքների» ցուցակում: Վանական համալիրում վերջին վերանորոգման աշխատանքները իրականացվել են 1953-1958թ.թ.-ին: Հետագա տարիներին, մինչեւ 1988թ.-ը նորոգվել է համալիրի զանգակատունը, կառուցվել զանգակատան փայտե աստիճանավանդակը:
Վարչապետի այցելության ընթացքում պարզվեց, որ եկեղեցում ստեղծված վթարային ծանր իրավիճակը պայմանավորված է նաեւ այն իրողությամբ, որ դեռեւս հստակ չէ, թե Սանահինի եկեղեցին, որ հաստատության խնամքի ներքո է գտնվում:
ՀՀ կառավարության 2001թ.-ի հուլիսի 9-ի N 616 որոշմամբ, Լոռու մարզի թվով 21 եկեղեցիներ ու վանքեր հանձնվել էին Հայաստանյաց Առաքելական եկեղեցուն` դրանց նպատակային օգտագործումն ապահովելու համար:
Սակայն, որքան էլ զավեշտական է, այդ որոշման մեջ նշված չի եղել Սանահինի վանական համալիրը: Արդյունքում Մայր Աթոռը Սանահինը չի վերցրել իր խնամքի տակ: Այդ տարիներին անտերության մատնված եկեղեցին այսօր հայտնվել է փլման շեմին:

Եկեղեցին դիտելիս Տիգրան Սարգսյանին հետաքրքրեց, թե այն վերանորոգելու նպատակով նախկինում նախագիծ ստեղծվել է, թե`ոչ: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը վարչապետին տեղեկացրեց, որ նախագիծ խորհրդային շրջանում եղել է, բայց պետք է վերանայվի, քանի որ ներկայումս վիճակը այլ է:
Մինչ վարչապետը դիտում էր եկեղեցին, հուշարձանների պահպանության գործակալության վերականգնման բաժնի գլխավոր մասնագետ Աշոտ Հովսեփյանը «Հետք»-ին հայտնեց. «Եկեղեցու արմատական վերանորոգման համար նախագծման աշխատանքներ դեռեւս չի կատարվի, դեռ ոչինչ նախատեսված չէ , եկող տարի նոր պետք է նախագծման աշխատանքներ կատարվեն Պետբյուջեի միջնաժամկետ ծախսերի ծրագրով, 6 մլն. դրամի ծավալով, բայց դա շատ փոքր է»:
Աշոտ Հովսեփյանը նաև ասաց, որ մինչեւ 1998թ.-ը եկեղեցում վերականգնողական աշխատանքներ են տարվել: Վերականգնվել է գրատունը, զանգակատան ծածկը:
Վարչապետը նայեց նաև Կաթողիկե եկեղեցու վթարային պատը. «Հիմա, ո՞րն է լուծումը, այս պատը պետք է քանդվի եւ նորից վերականգնվի»,- հրավիրված մասնագետներից ՀՀ Գիտությունների Ակադեմիայի արվեստի ինստիտուտի ճարտարապետության բաժնի վարիչ Մուրադ Հասրաթյանին դիմեց նա. «Պետք է համապատասխան մասնագետները, նախագծողները նախագիծ կազմեն, մանրամասն ուսումնասիրեն: Բայց, որ պետք է շտապ անել, դա փաստ է: Տանիքներին էս ծառերը եւ թփերը, որ աճել են, պետք է վերացնել, կտրելն արդեն չի օգնի, անհրաժեշտ է վերափոխել ամբողջ ծածկերը: Արդեն այնքան է ուշացել նրանցից ազատվելը, որ պետք է հիմնովին նորոգել եկեղեցու բոլոր տանիքները»:,-ասաց Մուրադ Հասրաթյանը:
Վարչապետն էլ մասնագետին տեղեկացրեց. «Ասում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնագետները առարկում են, որ եթե պատը քանդենք եւ վերականգնենք, կդառնա որակապես նոր կառուցված եկեղեցի եւ իր պատմամշակութային արժեքը կկորցնի»:
Դրան Մուրադ Հասրաթյանը առարկեց. «Չէ, դա սխալ է , պետք է նորոգել: Էդպիսի փորձ Մարմաշենի եկեղեցում է արվել: Այնտեղ էլ մասնագետները գտել են, որը մեթոդը քանդել եւ վերականգնելն է : Մետաղական կապերով ամրացվեցին : Եվ հիմա Մարմաշենի վանքը նորմալ վիճակում է : Այդ մեթոդը ընդունված է, դա պետք է ուսումնասիվի»,- բացատրեց Մուրադ Հասրաթյանը:
«Դե հիմա նորոգենք: Եթե այս ամբողջ պատը քանդենք, նորից հավաքենք, դա ինչ կարժենա»,- հարցրեց վարչապետը, որին հետեւեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի պատասխանը. «Անցյալ տարի այստեղ ուսումնասիրություններ կատարեցինք, բայց խոսքը վերաբերում էր բոլոր ծածկերի եւ եկեղեցու քայքայիչ գործունեությունը կանխելուն: Նախնական տեխնիկական առաջադրանքը կապված է այս տարի ինժեներական ճարտարապետական մոնիտորինգ իրականացնելու հետ, որը վերջնական կտա ամբողջ պատկերը, եւ այդ աշխատանքների համար կնախատեսվի 200մլն դրամի աշխատանքներ: Մենք այդ չենք կարողացել կատարել, քանի որ նախագիծ չկար, ճարտարապետները ուղղակի հարց են բարձրացնում, որ պատերը պետք է վերաշարվի»,- ասաց մշակույթի նախարարը:
«Հիմա ենթադրվում է, որ այս պատը պետք է քանդվի նորից հավաքվի՞»,- հարցրեց վարչապետը:
«Այո: Եվ մենք ունենք մասնագետներ, որոնք պատի պատմամշակութային արժեքները կպահպանեն»,- պատասխանեց նախարարը:
Վարչապետը հանձնարարեց մշակույթի նախարարին, նախարարության կարծիքի վերաբերյալ զեկուցագիր գրել:
«Վարչապետը խոստացավ 200 մլն. դրամ հատկացնել, որը առաջնահերթ աշխատանքների համար է: Ընդհանուր այդ աշխատանքները կտեւեն տարիներ եւ էլի գումարներ էլ կտրվեն, բայց այդ 200 մլն դրամը առաջնահերթ պետք է մասնագետները որոշեն թե որտեղ կսկսվի ծախսվել: Բայց թե շտապ, այս տարվանից պետք է սկսել աշխատանքները, թե չէ, մենք կկորցնենք մեր ճարտարապետական գլուխգործոց գոհարներից մեկը` Սանահինի վանքը»,-«Հետք»-ի հետ զրույցում ասաց Մուրադ Հասրաթյանը:
Սանահինի վանք դիտելուց հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը այցելեց Արտեմ և Անաստաս Միկոյանների տուն թանգարան եւ նրա հարեւանությամբ գտնվող Սանահին գյուղի միջնակարգ դպրոց:
Նա դպրոցում անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն: Եկեղեցու վերականգնումն հրատապ ապահովելու համար խորհրդակցության ընթացքում կարեւորվեց Մայր Աթոռի կողմից հովանավորի գտնելը:
«Գիտեմ, որ մի քանի հովանավորներ ցանկություն հայտնել են»,- ասաց վարչապետը: Կարեւորվեց մասնագետների եզրակացությունը, եկեղեցու վերականգնման ուղղությունը եւ ռազմավարությունը որոշելիս. «Միգուցե նախագծման աշխատանքներ կատարելու համար «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի հետ հրավիրվենք աշխարհի լավագույն մասնագետներ, որը մեզ համար մի կողմից էլ սովորելու հնարավորություն կտար, ժամանակակակից տեխնոլոգիաների տեսակետից»,- ասաց Տիգրան Սարգսյանը:
Օրվա վերջում իր մամուլի ասուլիսում նա Սանահինի եկեղեցական համալիրի հետագա ճակատագրի վերաբերյալ լրագրողներին հայտնեց իր դիրքորոշումը:
«Մենք ստեղծելու ենք միջգերատեսչական հանձնաժողով ՀՀ մշակույթի նախարարի գլխավորությամբ: Եվ դրա իմաստը կայանում է հետեւյալում` պետք է մշակվի մի համալիր ծրագիր, միջազգային փորձագետների ընդգրկվածությամբ, քանի որ պատմամշակութային արժեքների վերականգնման ժամանակակից տեխնոլոգիաներն ու մեթոդները անհրաժեշտ է կիրառել այս պարագայում: Մենք ունենք համագործակցություն Իտալիայի և Գերմանիայի դաշնության կառավարության ներկայիս ոլորտում: Վերջերս Հայաստանում գտնվել է մասնագետների բավականին մեծ խումբ, բավականին թանկարժեք սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս ավելի ճշգրիտ գնահատել մեր, կոնկրետ Սանահինի եկեղեցու ֆիզիկական վիճակը:
Այդ աշխատանքները, մենք որոշում կայացրեցինք իրականացնել մեր գերմանացի գործընկերների հետ`Սանահինում, որի արդյունքում միջգերատեսչական հանձնաժողովը մեզ կտա գնահատական, թե որ մեթոդն է ճիշտ կիրառել: Անհրաժեշտ է այդ պատը քանդել, նորը կառուցել, թե հնարավոր է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամաբ ամրացնել վանական համալիրը: Այդ համալիր աշխատանքները կկատարվեն»,- հավաստիացրեց Վարչապետը:
Իր դիրքորոշման մեջ Տիգրան Սարգսյանը կարեւորեց նաեւ Սանահինի եկեղեցու իրավական կարգավիճակի լուծումը. «Դրա իրավական ձևակերպումները դեռեւս ավարտին չենք հասցրել, որովհետեւ օրենքը, որը այդ հնարավորությունը պետք է ընձեռնի, այսօր գտնվում է ԱԺ-ում եւ մենք հույս ունենք, որ ԱԺ-ն կընդունի այդ օրենքը, ինչը հնարավորություն կտա նաեւ լուծել Սանահինի կարգավիճակի խնդիր, որը նաեւ կօգնի Վեհափառ Հայրապետին , որպեսզի նրա բարձր հովանու ներքո բարեգործները ֆինանսական միջոցներ հատկացնեն, որպեսզի այդ ամբողջ աշխատանքները կատարվեն»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել